HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Քույրս ուշաթափվեց ու ցնցումների մեջ ընկավ»,- պատմում է Իջևանի ցույցերի դեպքով կալանավորվածի մայրը

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նյութեր է նախապատրաստում իջևանյան դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից առերևույթ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ՀՔԾ-ից։ Ոստիկանների ապօրինություններ թույլ տալու բողոքով դատախազություն է դիմել Տավուշի մարզի երկու բնակիչ։ Նրանց դիմումները դատախազությունը փոխանցել է ՀՔԾ։

«Գիշերվա ժամը 3-ին քնած էինք։ Ներխուժեցին մի խումբ դիմակավորված ավազակներ, ես ուրիշ կերպ չեմ կարող իրենց կոչեմ։ Հարձակվեցին ամուսնուս վրա։ Մի քանիսը ձեռ գցեցին 20 տարեկան հաշմանդամ տղայիս, մեր սենյակում էր քնած։ Սկսեցին քաշքշել երեխային, որպեսզի նրան էլ ձերբակալեն։ Իմ կանչերի վրա, որ երեխան հաշմանդամ է, իրեն ձեռք չտաք հանկարծ․․․երեխային բաց թողեցին։ Ամուսինս չէր ուզում տենց բռնի ձևով տանեին, ասեց՝ թողեք ես իմ թևերը կծալեմ, մենակ ընտանիքիս անդամներին չվախեցնենք։ Ձայների վրա մյուս տղաս ու հարսս ննջարանից դուրս եկան։ Տղաս դե արդեն վիրավոր էր գլխից, նրան էլ ձերբակալեցին։ Ամբողջությամբ մերկ, միայն ներքնազգեստով տղայիս տարան։ Ամուսնուս մենակ հասցրի շալվար հագցնել։ Ամերիկայից հյուր եկած քուրս ուշաթափվեց ու ցնցումների մեջ ընկավ»,- այսպես է նկարագրում իրենց տանը կատարվածը հուլիսի 18-ի գիշերը Իջևանում կալանավորված Էրիկ Սահակյանի մայրը՝ Արմինե Բաղմանյանը։

Արմինեն ասում է՝ դեպքը ծանր տպավորություն է թողել ընտանիքի անդամների՝ հատկապես Էրիկի 2 տարեկան աղջկա և իր հաշմանդամություն ունեցող տղայի վրա։

Արմինեի պատմելով՝ ընտանիքն անգամ չի հասկացել տուն ներխուժածներն ԱԱԾ-ի աշխատակիցնե՞ր են, թե՞ ոստիկանները, քանի որ, նրանք տուն են մտել դարպասների վրայով, եղել են դիմակավորված, չեն ներկայացրել ներխուժման հիմքերն ու փաստաթղթերը։

Արմինեի՝ ԱՄՆ-ից ժամանած քույրը դռան մոտ նկատել է դիմակավորված իրավապահներին, խնդրել բռնություն չգործադրել, քանի որ տանն անչափահաս և հաշմանդամություն ունեցող երեխաներ կան։ Սակայն նրանք հաշվի չեն առել այդ փաստը։

Տանը ստեղծված իրավիճակը չեն կարողացել նկարահանել, քանի որ դիմակավորված անձինք նրանց արգելել են հեռախոսներին ձեռք տալ։

Արմինեն ասում է՝ որդին ցույցերի ժամանակ որոշ հարցերի վերաբերյալ Տավուշի մարզպետից պարզաբանում է պահանջել, որի պատճառով էլ հայտնվել է ուշադրության կենտրոնում։

Բախումների ընթացքում Արմինեի որդին գլխի վնասվածք է ստացել, վերքը խորն է եղել, կարել են։ Ըստ Արմինեի՝ որդին ու ամուսինը ոստիկանների նկատմամբ բռնություն չեն գործադրել: Ամուսինն անգամ որոշել էր առավոտյան գնալ մարզպետարան՝ մարզպետի  հայտնած օրական 8000-15 000 աշխատավարձով աշխատանքի առաջարկներին ծանոթանալու։ Սակայն գիշերն արդեն նրան ձերբակալել են։

Արմինեի ամուսնուն՝ Անդրանիկ Սահակյանին, հուլիսի 18-ին ստորագրությամբ բաց են թողել։ Էրիկ Սահակյանը հուլիսի 21-ին կալանավորվել է երկամսյա ժամկետով՝ մեղադրվելով մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Այժմ նա գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Էրիկ Սահակյանի փաստաբան Վահագն Ջիվանյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ իր պաշտպանյալը բերման է ենթարկվել և կալանավորվել է օրենքի մի շարք խախտումներով։ Ասաց, որ Էրիկ Սահակյանին առանց իր մասնակցության մեղադրանք են առաջադրել, ապա տեղափոխել դատարան՝ մինչ գիշերվա ժամը 5-ը պահելով, առանց սնունդ փոխանցելու։

«Այդ ընթացքում Էրիկը բազմիցս հայտարարել է, որ հոգնած է, հանգստի, սնվելու կարիք ունի։ Ասել է՝ ի վերջո արդեն 12 ժամից ավելի ես ոչ հաց եմ կերել, ոչ հանգստացել եմ և չեմ գիտակցում՝ ինչ է կատարվում, ինչ եք խոսում իմ հետ։ Բայց դատավորը ասել է՝ հանգիստ քնի նստարաններին, ինչ էլ անեք, միևնույն է՝ դատական ակտը կայացնելու ենք, Դուք դիտավորյալ եք անում, ժամկետ եք ձգձգում։ Այս պայմաններում՝ ակնհայտ ապօրինի, խոշտանգելով կալանավորել են»,- պատմում է փաստաբանը:

Վահագն Ջիվանյանի փոխանցմամբ՝ Էրիկ Սահակյանին առաջադրված մեղադրանքները միջին ծանրության հանցանքներ են, իսկ ինքն իր փաստաբանական գործունեությունում վաղուց չի հիշում, որ նման խստությամբ որևէ մեկին կալանավորեն։

Փաստաբանը հավաստում է, որ իր պաշտպանյալին մեղսագրվող երկու հոդվածներն էլ հիմնված են երկու ոստիկանի հակասական ցուցմունքների վրա, որոնք առերեսման ժամանակ չեն չկարողացել նկարագրել բռնության դեպքն ու մանրամասները։ «Նրանք չեն կարողանում նկարագրել, թե ինչ հանգամանքներում է իմ պաշտպանյալը բռնություն գործադրել իրենց նկատմամբ»,- նշում է փաստաբանը։

Վահագն Ջիվանյանն անդրադարձավ նաև ոստիկանների՝ Սահակյանների տուն մուտք գործելու դեպքին։ Ասաց՝ ոստիկանները տուն մուտք գործելիս Էրիկին և հորը՝ Անդրանիկ Սահակյանին, ձերբակալելու որոշում չեն ունեցել, ապօրինի մտել են, Անդրանիկ Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրել, քաշքշել, որի հետևանքով բազմաթիվ մարմնական վնասվածքներ է ստացել։

Նշենք, որ Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով 21 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: Նրանցից 15-ին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով, իսկ 6 անձի՝ խուլիգանություն կատարելու համար, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։

Լուսանկարները՝ հուլիսի 17-ի ցույցից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter