HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». մանկապիղծն ինչպե՞ս է կատարել իր ներդրումային պարտավորությունները Արամյանցի դղյակին տիրելուց հետո

Ասում են՝ Հայաստանում նախորդ դարերից մինչև մեր օրերը հասած կանգուն, ամբողջական վիճակում դղյակները երկուսն են, երկուսն էլ՝ Լոռու մարզում: Մեկը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի ներկայիս առաջնորդարանն է, որը նախկինում Թայիրովների տունն է եղել, պատկանել է հայտնի կոնյակագործ Թայիրովի առևտրական եղբորը:

Մյուսը... 1921 թվականին այդ մյուսի՝ հայտնի մեծահարուստ, բարերար, Բաքվի առաջին նավթարդյունահանողներից Արամյանցի՝ Ախթալայում գտնվող տան համար Հովհաննես Թումանյանը նամակով դիմել է Մյասնիկյանին, խնդրել է այն հատկացնել գրողներին, մտավորականներին որպես հանգստյան տուն: Մյասնիկյանը խնդրանքը չի մերժել: Հետո այդ դղյակը դարձել է հոսպիտալ, ապա՝ հակատուբերկուլյոզային դիսպանսեր: 90-ական թթ. զբոսաշրջության հանրապետական խորհրդին է պատկանել...

2005 թ. նշված հոյակերտ դղյակն ընդամենը 1200000 դրամով հիշյալ խորհրդից ձեռք է բերել «Մեթըլ փրինս» ընկերությունը կամ որ նույնն է՝ նշված ընկերության ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանը, որը հանրությանը հետագայում հայտնի դարձավ իր զազրելի վարքով: Բավական է միայն նշել, որ դղյակի հետ ընկերությանը կամ նրան է անցել նաև շուրջ 28 հա մակերեսով հողատարածք: Կարծում ենք, բոլորին էլ արդեն պարզ է, որ այդ ամենի նկատմամբ իրավունք է ձեռք բերվել, ինչպես ասում են, ջրի գնով, և, ինչպես դժվար չէ ենթադրել, ՀՀ կառավարության և պետական այլ ազդեցիկ մարմինների շնորհիվ:

Այնուամենայնիվ դղյակը և հողատարածքը ընկերությանը կամ նրան հենց այնպես չի տրվել: Պայմանագիր է ստորագրվել, որի համաձայն ընկերությունը 15 տարվա ընթացքում ներդրումային պարտավորություններ է ստանձնել: Գույքը տալու դիմաց կամ նման արժեքավոր գույքը տալը պաշտոնապես արդարացնող պայմանը ներդրումներ կատարելն էր:

Սակայն պարզվում է, որ այդ պայմանի առաջադրումը եղել է ձևական, քանի որ պատկան մարմիններից ոչ ոք նշված ընկերությունից կամ Սերոբ Տեր-Պողոսյանից հաշիվ չի պահանջել չկատարված ներդրումների համար: Մեզ ընդամենը երկու «ներդրում» է հայտնի: Նախ՝ Ս. Տեր-Պողոսյանն իր հոր և մոր հուշարձաններն է այնտեղ դրել՝ մոտ 30000 դոլար արժողության: Եվ երկրորդ՝ Արամյանցի տան տնտեսական մասն է հիմնանորոգվել (ընդ որում՝ առանց համապատասխան փաստաթղթերի) և դարձվել սեփական տուն, թեև նշված դղյակը 15 տարի պետք է գործեր որպես զբոսաշրջային հանգրվան:

Դատելով այն ամենից՝ պայմանագրային կողմը չի կատարել իր ներդրումային պարտավորությունները՝ էական վնաս պատճառելով պետությանը, համայնքին և Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը, ինչի վրա հրավիրում ենք ոչ միայն նշված խորհրդի, համայնքի ղեկավարության, կառավարության, այլև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ուշադրությունը:

Ի դեպ, դեռ չճշտված տեղեկությունների համաձայն՝ Ս. Տեր-Պողոսյանը նշված շինության տնտեսական մասի հիմնանորոգման աշխատանքներում օգտագործել է նաև այն անչափահասների աշխատուժը, որոնք իր մանկապղծության զոհերն են եղել: Կարծում ենք՝ իրավապահ մարմինների պարզելու խնդիրն է, թե Ախթալայում շրջանառվող այս լուրը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ: Եթե պարզվի, որ դա իրոք այդպես է եղել, ապա բացառված չէ, որ մանկապղծին առաջադրված մեղադրանքին ավելանա ևս մեկը՝ աշխատանքային թրաֆիքինգի համար:

Հ. Գ. Մեղմ ասած, զարմանալի է, և դեռ պետք է բացատրություն պահանջել, թե ՀՀ մշակույթի նախարարությունը վերոնշյալ շինությունն ինչու չի ընդգրկել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter