HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահարթ հարկում. մի քանի խոսք իշխանական փաստարկների և արդարության մասին

Համահարթ եկամտահարկ սահմանող հարկային նոր համակարգն արդեն մի քանի շաբաթ է՝ իրականություն է։ Հայաստանը, հարևան Վրաստանից բացի, միակ երկիրն է, որ ունի համահարթ եկամտահարկ` աշխատավարձի չհարկվող շեմի բացակայության պայմաններում։

Հիմնական քննադատությունները բազմիցս հնչել են, ու կարիք չկա դրանք կրկնելու։ Կան, սակայն, լուսանցքում մնացած մի քանի մտքեր, որոնք նաև գաղափարական բնույթի են և ուրեմն՝ ոչ ժամանակավրեպ։ Դրանց մասին գրելը մինչ օրս հետաձգում էի, երբեմն՝ հուսահատության, երբեմն էլ՝ այլ գործերի տրվելով։ Սակայն օրերս երևան եկած «Փաշինյանը պատասխանել է համահարթ եկամտահարկի քննադատներին» վերնագրերը առիթ հանդիսացան վերադառնալու թեմային ու գրելու ներքոշարադրյալ մտքերը։

Նախ կարճ կարձագանքեմ վարչապետի պատասխանին, հետո՝ համահարթամետ երեք այլ փաստարկների։

Ա. Վարչապետի պատասխանի մասին

Փաշինյանը պնդում է, որ «մենք այնուամենայնիվ ճիշտ որոշում ենք կայացրել երկու նկատառումներով»։

Նրա նշած առաջին նկատառումը իշխանության կողմից ի սկզբանե ներկայացված հիմնական փաստարկն է, բայց, հետաքրքրականորեն, նկատելի ետքայլով, որն ի ցույց է դնում փաստարկի թուլությունն ու հաշվարկված չլինելը։ Մեջբերեմ. «Համահարթ եկամտահարկի ներմուծմամբ մենք շանս ենք ստեղծում, որպեսզի աշխատողները և գործատուներն այս ստվերը դուրս բերելու կոնկրետ հնարավորություն ստանան: [ուշադրություն՝ «շանս» եւ «հնարավորություն» բառերին] Եվ մենք պետք է որոշակի ժամանակ սպասենք՝ հասկանալու համար, թե ստվերային և ոչ ստվերային աշխատավարձի այս հարաբերակցությունն ինչպես է փոխվում»։

Նույնիսկ եթե վստահ լինեինք, որ համահարթի անցնելը ստվերի հարցի վրա դրական մեծ ազդեցություն է թողնելու, շարունակելու էինք պնդել, որ ներելի չէ ստվերի հարցը լուծել սոցիալական անարդարության սերմանման և հարկային բեռի՝ հարուստներից աղքատներին փոխանցման գնով, ու որ այդ հարցի լուծման համար կան այլ ճանապարհներ։ Բայց, ինչպես փաստում է վարչապետը, նույնիսկ այդ ազդեցության չափի հարցում էլ չենք կարող վստահ լինել։

Բերած երկրորդ պատասխան-նկատառումն այն է, թէ «առաջիկա տարիներին […] բոլորի համար եկամտահարկը նվազում է»: Սա ևս խափուսիկ ու մոլորեցնող պատասխան է։ Թեև եկամտահարկը 2023թ. Նվազած կլինի 3 տոկոսով, բայց դրան զուգահեռ նույն նախագծով կվերականգնվի կուտակային կենսաթոշակայինի նախկին 7.5 տոկոսը, ինչը եկամտից 2.5 տոկոսի զեղջում է։ Ուրեմն 150.000-ից ցածր վարձատրություն ստացող մեծամասնության եկամուտերն ավելանալու են միայն 0.5 տոկոսով, այն էլ միայն 2023թ-ին։ Իսկ 150.000-ից ցածր գումարի համար 0.5 տոկոսը ոչինչ է, հատկապես երբ սպասվում է գնաճ՝ նաև նույն համահարթի հետևանքով որոշ սպառողական հարկերի բարձրացման պատճառով։

Վերջապես, այն քննադատությանը, որ համահարթով կառավարությունը պաշտպանում է բարձր աշխատավարձ ստացողների շահերը, վարչապետը տալիս է անհեթեթ պատասխան՝ ասելով  «այո, մենք հենց այսպիսի քաղաքականություն ենք վարում», կապելով սա այն ցանկության հետ, ըստ որի «ՀՀ-ում ցածր աշխատավարձային սեգմենտի աշխատուժ ընդհանրապես չպետք է լինի երկարաժամկետ կտրվածքով»: Ե՞վ։ Բարձր աշխատավարձ ստացողների հարկերը նվազեցնելո՞վ է, որ պիտի վերացնեն կամ բարձրացնեն ցածր աշխատավարձերը։ Իհարկե ոչ, ու վարչապետն, իհարկե, գիտի այդ մասին (ուրեմն արածը պարզ մանիպուլացիա է), և ինքն էլ ասում է, որ այդ հարցի լուծումը պահանջում է օրենքի այլ մշակումներ (որոնք դեռ պարզապես չկան)։

Անցկացված օրենքով, ազնիվ եղեք բաց կերպով ընդունել, դուք պաշտպանեցիք բարձր աշխատավարձ ստացողների և բիզնեսի շահերը՝ ի վնաս աղքատ մեծամասնության և սոցիալական արդարության։

 

Բ. «Սոցիալական արդարության հարցը գույքահարկով ենք լուծելու»

Ամիսներով սոցիալական արդարության մասին քննադատությունները անտեսելուց հետո, վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները փորձեցին քննադատությունը մեղմել՝ այն բացահայտորեն ընդունելով, բայց ասելով, որ հետագայում ունենալու ենք գույքահարկի նոր օրենք, որով վերականգնվելու է սոցիալական արդարությունը։ Այս արդարացման փորձը խնդրահարույց է թե՛ մոտեցման, թե՛ բովանդակության առումով։

ա) Մոտեցման առումով, ինչպե՞ս կարելի է քննարկման դրված մի օրինագծի նախագիծն արդարացնել՝ դեռևս գոյություն չունեցող մեկ այլ օրինագծի դեռ գոյություն չունեցող նախագիծի մասին խոստումներով։ Իշխանությունը պարտավոր էր նախ և առաջ հստակ ներկայացնել այն երկրորդ նախագիծը, որին հղում անելով փորձում էր համոզել, որ համահարթով սոցիալական արդարությունը մի կողմ դնելը խնդիր չէ։

Իսկ իշխանական թևի պատգամավորների պատասխանատվության զգացումը ինչպե՞ս թույլ տվեց իրենց՝ կողմ քվեարկել սոցիալական արդարությանը հարվածող նախագծին, ինչ է թե՝ թիմակիցներն ասում էին, թե այդ հարցը հետո այլ կերպ է լուծվելու, թեև դեռ չկային այդ «այլ կերպ»-ի մասին մանրամասներ, փաստարկներ, քննարկում։ Հապա՞ եթե, տեսականորեն, ԱԺ պատգամավորները չհամաձայնեին այդ գալիք երկրորդ օրինագծին։ Թող ներեն, բայց այս անձնատուր վստահությունն իր տրամաբանությամբ նույնն է, ինչ «կոճակ սեղմելը»։

բ) Բովանդակային առումով պետք է նշել, որ գույքահարկով հնարավոր չէ ամբողջությամբ հատուցել համահարթով սոցիալական արդարությանը հասցված հարվածը, անկախ այն հանգամանքից, թե ինչ մանրամասներ է ունենալու գույքահարկի հետ կապված նոր օրինագիծը։ Շահութահարկի և բարձր աշխատավարձերի եկամտահարկի կտրուկ նվազեցմամբ կառավարությունը թույլատրում է երկրի հարուստ փոքրամասնության հավելյալ հարստացում, ինչը խորացնում է հասարակության սոցիալական բևեռացումը։ Իսկ գույքահարկը շատ ավելի սահմանափակ ազդեցություն ունի, քանի որ կիրառվում է այդ հարստության միայն մեկ տեսակի պահման վրա։ Մինչդեռ կուտակված հարստությունը կարելի է պահել բանկային հաշիվներում որպես ավանդ, կարելի է նրանով ձեռք բերել բաժնետոմսեր կամ պարզապես գույք, բայց արտասահմանում։

Այսպիսով, գույքահարկը լավագույն դեպքում միայն մասնակիորեն կարող է բուժել համահարթով սոցիալական արդարությանը պատճառված վերքը, և այս փաստարկը, դարձյալ, անազնիվ էր։

Գ. «Բայց աշխատավարձով չեն հարստանում»

Կառավարության որոշ անդամների և «Իմ Քայլը» խմբակցության որոշ պատգամավորների կողմից հնչեցված մեկ այլ պաշտպանական հակափաստարկն այն էր, որ «աշխատավարձով չեն հարստանում», և ուրեմն տեղին չէ՝ ասել, որ Համահարթի օրինագիծն ի շահ հարուստների և ի վնաս աղքատների է։ Դարձյալ թույլ, մանիպուլատիվ և անպարկեշտ պատասխան։

Առաջին. «Հարստություն» բառը համեմատական է։ Այո, երկու միլիոն աշխատավարձ ստացողը Գագիկ Ծառուկյանի հետ համեմատած՝ հարուստ չէ։ Բայց 150.000-ից ցածր ստացողների մեծամասնության հետ համեմատած ու հայաստանյան պայմաններում՝ լավ էլ հարուստ է։ Այլապես՝ ասեք, որ Ծառուկյանն էլ հարուստ չէ. երրորդ աշխարհի օլիգարխն ի՞նչ հարուստ՝ համաշխարհային մաշստաբի օլիգարխների հետ համեմատած։

Երկրորդ. Կառավարության և «Իմ Քայլի» որոշ ներկայացուցիչներ բաց տեքստով արդեն խոստովանել են, որ համահարթի հիմնական շահառուն բիզնեսներն են, քանի որ մաքուր աշխատավարձերի անփոփոխ մնալու դեպքում (իսկ այստեղ սովորաբար մաքուրի շուրջ են պայմանավորվում), եկամտահարկի նվազեցումը ծախսերի խնայողություն է նշանակում գործատուների համար։

Երրորդ. Օրինագիծը համահարթեցրեց ո՛չ միայն եկամտահարկերը, այլ նաև խոշոր բիզնեսի շահութահարկ+դիվիդենտի հարկը՝ այդ գումարը ևս նվազեցնելով։

Չորրորդ. Նույնիսկ եթե ընդունենք այս կեղծ բառախաղը, սոցիալական արդարության խնդիր կա ոչ միայն գերհարուստների և ծայրահեղ աղքատների միջև, այլ նաև բարեկեցիկների ու աղքատների։ Այսինքն, նույնիսկ եթե հարուստները չլինեին համահարթի հիմնական շահառուները, այլ միայն միջին կամ բարձր-միջին խավի ներկայացուցիչները, մեկ է՝ սոցիալական արդարությանը հարված հասնելու էր, և ճեղքը մեծանալու էր աղքատի ու միջինի միջև։

Դ. «Համահարթն արդար է, բոլորս նույն տոկոսն ենք վճարում»

Համեմատաբար պակաս հաճախակի հնչած, բայց գաղափարական և քաղաքական առումով ամենից անընդունելի համահարթամետ փաստարկը պնդում էր, որ ոչ թե պրոգրեսիվը, այլ համահարթն է արդար, որովհետև բոլորին առաջարկում է նույն տոկոսը վճարել։ Նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված բանավեճերից մեկի ընթացքում այս դիրքորոշումը հայտնել էր նույնիսկ փոխվարչապետ Ավինյանը։

Նորազատական այս մոտեցման ջատագովներն իրենց արդարության փնտրտուքի և սկզբունքների մեջ մոռանում են կամ գիտակցաբար անտեսում են մի քանի շատ կարևոր հանգամանքներ։

Այն, որ պրոգրեսիվը կոչված է ո՛չ թե արդարություն ապահովելու, այլ արդեն իսկ գոյացած անարդարությունը նվազեցնելու և վերահսկելու։ Այն, որ հարստանալն ու հարուստ լինելը, նույնիսկ եթե օրինական ճանապարհով, դեռ չի նշանակում, որ արդար են ու բոլորին նույնքան հասանելի։ Այն, որ սոցիալական անարդարությունը համակարգային խնդիր է և որպէս այդպիսին՝ սկսվում է աշխատավարձ ստանալու պահից շատ ավելի առաջ։ Ավելի պարզ ասած՝ այն, որ հատկապե՛ս կապիտալիստական համակարգում, առավել ևս հետսովետական Հայաստանի նման բառիս բուն իմաստով վայրի կապիտալիստական համակարգում բարձր աշխատավարձ կամ շահույթ ունենալը հմտությունից ու աշխատանքից բացի եւ հաճախ ավելի շատ կախված է բազմաթիվ ոչ-ենթակայական, ոչ-սուբյեկտիվ, այլ համակարգային պայմաններից՝ ժառանգություն, ընտանեկան-հասարակական միջավայր, սոցիալական կապեր, սեռ, գենդեր, այս բոլորից բխող կրթության հասանելիություն, և այլն։ Թեղուտի հանքափորի երեխան, օրինակ, շատ ավելի անբարենպաստ ստարտային պայմաններ ունի, քան կենտրոնի խոշոր կամ միջին բիզնես ունեցող ընտանիքինը։

Նրանք դեռևս անտեսում են կամ չեն հասկանում, որ ծրագրավորողը, ԱԺ պատգամավորը կամ բանկային մենեջերն ամենևին ավելի շատ չե՛ն ճգնում և ավելի շատ չե՛ն աշխատում, քան հանքափորը, ուսուցիչը, շինարարը, կամ այն կանայք ովքեր, երբ հարուստ կամ բարեկեցիկ անհատը կեսգիշերին ռեստորանից տուն է գնում, մաքրում են փողոցները, որպեսզի հաջորդ առավոտյան վերջինս մաքուր ու հաճելի քաղաքի մայթերով քայլի դեպի իր բարձր վարձատրվող աշխատանքի վայր։

Վերջապես այն, որ աշխատավարձի և շահույթի անհավասարությունն ինքնի՛ն անարդար է. այսինքն անարդար է, որ Լֆիկը կամ Գրզոն ստանան միլիարդներ (այստեղ էական չէ՝ օրինական թե ոչ), իսկ իրենց սուպերմարկետի աշխատողը (այսինքն իրենց շահույթն արտադրողը)՝ այդ շահույթի մանրափշրանքները։ Նմանապես, ինքնին անարդար է, որ ծրագրավորողը ստանա բազմապատիկ ավելին, քան գիտական հետազոտողը կամ դասախոսը, ինչ է թե՝ առաջինս ավելի է ծառայում շուկայական տնտեսությանը։

Այսինքն, պրոգրեսիվ հարկումը արդարություն ապահովելուց ավելի տարրական գործառույթ ունի՝ նվազեցնել համակարգային անարդարության և անհավասարության պատճառով առաջացած վարձատրության կամ շահույթի անարդար անհավասարությունը։ Նրա՝ արդար լինել-չլինելն ա՛յս համատեքստի մեջ պետք է դիտել։

Ցավոք, կառավարող ուժը ոչ միայն որդեգրեց սոցիալական անարդարության հարկային քաղաքականություն, այլև այն պաշտպանելու ընթացքում հաճախ նաև բացահայտեց անհատապաշտ, նյութապաշտ ու հակասոցիալական նեոլիբերալ մոտեցումներ։

Հրակ Փափազեան

22-23 հուլիս, 2019, ք. Երևան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter