
Մի շարք դպրոցներ վերանվանվեցին․ նրանց թույլատրվեց իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն
«Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ. 2 հատուկ» դպրոցը կվերանվանվի՝ դառնալով «Երևանի N1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ դպրոցը՝ «Երևանի N2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ. 8 հատուկ կրթահամալիր»-ը՝ «Երևանի N3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», իսկ «Երևանի հ. 12 հատուկ դպրոց»-ը՝ «Երևանի N4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն»։
Վերանվանումների առաջարկը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն էր։
Նախարարության հաղորդմամբ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրմամբ նախատեսվում է համընդհանուր ներառական կրթության, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդնում, ինչը կապահովի հավասարապես հասանելի, ներառական և որակյալ կրթություն բոլոր երեխաների համար:
Այս դպրոցների նպատակն է լինելու աջակցել իրենց սպասարկման տարածքի ուսումնական հաստատություններում սովորողների կրթության կազմակերպմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառմանը, իսկ գործունեության առարկան լինելու է կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցումը:
Դպրոցներին թույլատրվելու է նաև իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, մասնավորապես՝ մշակել և հրատարակել ուսումնական և մեթոդական գրականություն, ստեղծել դիդակտիկ նյութեր և պարագաներ, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցել 18-ից բարձր տարիքի, հանրակրթության մեջ չընդգրկված անձանց, մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցել փորձագետ-մասնագետների կողմից։
Մեկնաբանել