HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին

Երեկ՝ հուլիսի 24-ին, Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Վարչապետ Մամուկա Բախտաձեն և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել են հայ-վրացական երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք համոզմունք հայտնելով, որ հետագա ակտիվ փոխգործակցությունը կնպաստի երկու հարևան ու բարեկամ պետությունների միջև մի շարք ուղղություններով համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը:  

Հաղորագրության համաձայն՝ զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների բարձր մակարդակը՝ նշելով, որ այդ կապերի փոխշահավետ դինամիկ զարգացման համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել առկա մեծ ներուժի կիրառման ուղղությամբ, այդ թվում տարածաշրջանային նոր ծրագրերի խթանման միջոցով: 

Զոհրաբ Մնացականյանը և Մամուկա Բախտաձեն դրական են գնահատել միջազգային կառույցներում և բազմակողմ այլ հարթակներում Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Կողմերը ԵՄ Արևելյան գործընկերության 10-ամյա հոբելյանի համատեքստում մտքեր են փոխանակել այդ նախաձեռնության ապագա տեսլականի և այդ ձևաչափում համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի շուրջ։

Այս առնչությամբ առանձնահատուկ ընդգծվել է երիտասարդության շրջանում կապերի խթանմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը, ինչն առավել կամրապնդի ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների հիման վրա գործող հասարակությունների հետագա մերձեցումը:

Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը բարձր են գնահատել վիրահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու բարեկամ ժողովուրդների առավել մերձեցման և հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հայաստանի ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար:

Վրաստանի վարչապետը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության և կայունության անհրաժեշտությունը և այս ուղղությամբ Հայաստանի և Վրաստանի հետագա համագործակցության կարևորությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter