HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ընտրակեղծարարության նոր տեխնոլոգիաների փորձարկում

Հրազդանի քաղաքապետի ընտրություններին ամենքն էին սպասում: Սպասում էին լարված՝ ի՞նչ կլինի, ինչպե՞ս կլինի: Ի վերջո միմյանց դեմ դուրս էին եկել երկու հակոտնյա քաղաքական ուժեր՝ Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը: Նրանք իրենց թիկունքին ունեին միմյանց դեմ պայքարի բավականին երկար ճանապարհ:

Նաև առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են: Քիչ անց՝ նախագահական ընտրությունները: Այնպես որ այս ընտրությունը փորձաքար էր յուրաքանչյուր կողմի համար. չափում էին իրենց ուժերն ու միաժամանակ ստուգում մեկը մյուսին: Ընդհանուր առմամբ նրանով, ինչ տեղի ունեցավ այս օրերին Հրազդանում, կարելի է շատ բաների մասին դատել, մասնավորապես՝ թե այսուհետ ինչպես են ընթանալու ընտրական պրոցեսները մեր երկրում:

Այս ընտրություններով կարծես սահմանզատվեց նաև քաղաքական դաշտը՝ ընդդիմադիր ու իշխանական: ՀԱԿ-ի կողքին հայտնվեցին «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները»: Ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներն այդ օրը Հրազդանում էին՝ ՀԱԿ-ի կողքին:

Ընտրությունների վերաբերյալ մենք զրուցեցինք «Ժառանգության» անդամ, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ևս այնտեղ էր: Փորձեցինք ծանոթանալ նրա գնահատականներին ու հաղորդակից լինել ընտրություններից ստացած տպավորություններին:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ այս անգամ բացակայեցին նախկինում կիրառվող ընտրակեղծիքների կոշտ, բռի, տապորային մեթոդները. լցոնումներ, ծեծ ու ջարդ չեղան: Տեղամասերում ամեն ինչ հարաբերականորեն կարգին էր, խաղաղ էր: Իրավիճակը մաքուր էր: Բայց դրա փոխարեն ինչ կատարվում էր, կատարվում էր դրսում: Նաև կատարվել էր նախապես:

Ընդհանրապես իշխանությունը հենվեց ընտրակեղծարարության երկու հիմնական մեթոդի վրա՝ կաշառք և վարչական ռեսուրսների օգտագործում: Համատարած էր ընտրակաշառքը, մարդկանց ձայնը գնվում էր 5-10 հազար դրամով: Ինտերնետում ևս անմիջապես տարածվեցին ընտրակաշառքի բաժանման տեսագրությունները: Իսկ ինչ վերաբերում է վարչական ռեսուրսների օգտագործմանը, ապա դրա վերաբերյալ հասարակությունը տեղյակ էր օրեր առաջ, երբ Սասուն Միքայելյանի մի քանի համակիրներ զրկվեցին աշխատանքից: Նաև մարդկանց էին ահաբեկում:

Արդյոք այս ընտրություններն այդքան մեծ նշանակությո՞ւն ունեին իշխանությունների համար, որ կենաց-մահու կռիվ էին տալիս: Այս առթիվ Արմեն Մարտիրոսյանն այսպես է մտածում՝ իշխանությունների համար կարևորը բուն ընտրությունն ու նրա արդյունքը չէր: Կարևորը ընտրակեղծիքների նոր տեխնոլոգիաների փորձարկումն էր: Ներկա ընտրությունների ժամանակ պարզապես ստուգեց իր կողմից մշակված նոր տեխնոլոգիաների արդյունքն ու դրանց օգտակարության չափը: Ստուգեց՝ արդյոք աշախտո՞ւմ են, արդարացնո՞ւմ են իրենց: Կամ՝ կա՞ն թերություններ, որոնք հետագայում շտկվեն-վերանայվեն: Սա՛ էր իշխանության հիմնական խնդիրը: Նաև՝ ես ա՛յս ընտրակեղծիքներն եմ նկատել: Միգուցե ընտրակեղծարարության այլ տեխնոլոգիաներ էլ ե՞ն կիրառել. պարզապես ինձ համար դրանք տեսանելի չեն եղել:

Պետք է ասել, որ ընդդիմություն էլ իր քննություն անցավ. նրանք կարողացան տեղամասերում հստակ վերահսկողություն սահմանել: Պատրաստ լինել հնարավոր ցանկացած իրավիճակի ու մշակել դրա հակաքայլը: Պատահական չէր, որ երբ որոշ ընտրատեղամասերում լույսերը սովորության համաձայն մարվեցին, դրանից չօգտվեցին կեղծարարները. պարզապես ընդդիմադիրները պառկեցին ընտրատուփերի վրա ու կրծքով փակեցին դրանք:

Նկատի ունենանք, որ անգամ այսպիսի պայմաններում մեծ հաջողություն գրանցեց ընդդիմության թեկնածուն՝ ավելի քան 11 հազար ձայն:

Եվ նման պարագայում արդյոք դա պե՞տք է հաղթանակ գրանցվի իշխանության հաշվին: Չմոռանանք, որ մեր իշխանություններն ամենաբարձր մակարդակով՝ նախագահ, վարչապետ, երբ չեն հոգնում, խոսում են ազատ, արդար ընտրությունների անցկացման մասին:

«Մենք ամենքս պարտվեցինք այս ընտրություններում: Պարտվեց պետությունը, հասարակությունը: Իշխանությունն էլ չհաղթեց: Որովհետև այն ընդամենը հաղթանակի իմիտացիա էր»,- այսպիսին էր Արմեն Մարտիրոսյանի գնահատականը:

Գոհար Սարդարյան

Մեկնաբանություններ (2)

Ara
Մանկական տեսակետ, ուրիշ ոչինչ: Հրազդանի օրինակով դատելը և եզրակացություններ անելը, հատուկ է միայն ինֆանտիլ/մանկամիտ/ մտածողություն ունեցող մարդուն: Սասուն Միքայելյանը քաղաքական գործիչ չի եղել և չի էլ լինելու, նա մարդ է, ուրիշ ոչինչ: Թշվառ ու սոված մարդիկ փորձեցին նրա շուրջը հավաքվել ու քաղաքից դուրս շպրտել լկտի ու լպիրշ մարդուկներին: Դա նրանց չհաջողվեց, չհաջողվեց նրա համար, որ Սասուն Միքյելյանի թիմակիցները պարզապես անսկզբունքայնություն ցուցաբերեցին և չկանխեցին ընտրակաշառքների բաժանումը: Սուտ է, որ ասում են թե նոր մեթոդներ են կիրառել: Ոչ մի մեթոդ էլ չեն կիրառել, կիրառել են դասական սրիկայություն, ինչին հետևել է դասական անհետևողականությունը: Սասուն Միքայելյանի թիմակիցները անտարբերություն են ցուցաբերել իրեն ձայն տվող ընտրողների զգացմունքների նկատմամբ: Հիմնավորում եմ. մարդիկ հույսով են եղել, որ ընտրակաշառք բաժանողը կպատժվի, այդ մասին Սասունը բազմիցս է ասել հանդիպումների ժամանակ, սակայն ինչ եղավ, ոչ մի բաժանող էլ չպատժվեց, սա անհետևողականություն չէ? Ասում էիր կպատժեմ, մենք էլ ոգևորված գնացինք հույս ունենալով, որ պաշտպան ունենք, բանից պարզվեց, որ արդար ընտրության հույսով գնացողը ոչ մի պաշտպան էլ չունեցավ: Հրազդանում այլ բան է կատարվել, ժողովուրդը կրկնակի է խաբնվել, թե իշխանությունից, թե իրեն հույս ու հավատ ներշնչած Սասունի կողմնակիցներից: Ինչ են անելու այս հավատը ինչ որ չափով վերականգնելու համար, դժվար է ասել: Մինչև ակտիվանալը դաժան մարզպետը, հաշվեհարդար է տեսնելու Սասունի թիմակիցների հետ: Սասունը չի կարողանալու նրանց պաշտպանել: Քարոզարշավի ընթացքում շատերին աշխատանքից ազատեցին, ինչ արեց Սասունը, հիմա ավելի վատ, ոչ մի հնարավորություն չունի: Մարդիկ աշխատանք են կորցրել, սովի են մատնված: Հիշեք, ընտրակաշառք բաժանողին պետք էր տեղում պատժել, հիմա ուշ է: Ափսոսում եմ, որ հերոսական հրազդանցիներին ջլատեցին: Պահը կորցրին, Ստահակները խաբեցին նվիրյալներին, ինչ ամոթ էր: Տեր Աստված, ասա որ ես սխալ եմ:
Babken
Խոսանք ստաժներս չկորի:)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter