HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես գտնել աշխատանք. աշխատանքի տեղավորման կենտրոնը խաբում է դիմողներին

Սիրարփի Գևորգյանը 2019 թվականի մայիսին «Ֆեյսբուք»-ում հայտարարություն է կարդում, որում ասվում է՝ կարի արտադրամասին անհրաժեշտ են կանայք՝ փաթեթավորող աշխատելու նպատակով, աշխատավարձը՝ օրական 7000 դրամ: Հայտարարության մեջ նշված հեռախոսահամարով զանգելուց հետո նրան բացատրում են, որ դա աշխատանքի տեղավորման գործակալություն է, և եթե ցանկանում է դիմել աշխատանքի համար, պետք է շտապի գրանցվել գործակալությունում, քանի որ տեղերը սահմանափակ են:

Գրանցման համար անհրաժեշտ էր անձնագիր և 5000 դրամ վճարում: Արամի 90 հասցեում գտնվող «Զատիկ» մասնավոր կադրային կենտրոնի տնօրեն Շուշանիկ Ներսիսյանը ընդունում է դիմողին և ներկայացնում առաջարկվող աշխատանքը, սակայն վճարումը կատարելուց անմիջապես հետո, երբ Սիրարփի Գևորգյանը հարցնում է՝ որտեղ է գտնվում կարի արտադրամասը և ինչ անունով է այն հայտնի, գործակալության տնօրենը հրաժարվում է տեղեկություն տրամադրելուց՝ ասելով, որ գործատուն անձամբ մեկ շաբաթվա ընթացքում կկապվի աշխատողի հետ:

Շուշանիկ Ներսիսյանը խոստացել է, որ պայմանագրի կնքման պահից սկսած՝ մեկ շաբաթվա ընթացքում գործակալությունը Սիրարփի Գևորգյանի համար ինքնակենսագրական կկազմի և կտրամադրի կարի արտադրամասի գործատուին:

«Մեկ շաբաթվա ընթացքում չստացա որևէ զանգ, մտածեցի՝ գուցե մոռացել են կամ աշխատանք չկա, որոշեցի ինքս զանգել: Զանգեցի, պատասխանեց Շուշանիկ Ներսիսյանը, ասաց, որ գրանցման օրը ճշտեմ և նորից զանգեմ, ես ասացի՝ երբ եմ գրանցվել և ասացի, որ դեռ ինձ չեն զանգել, շատ բարձր ձայնով ասաց՝ համբերի, կզանգեն և անմիջապես անջատեց հեռախոսը, փորձեցի նորից կապվել և ավելի ագրեսիվ և վատ պատասխան ստացա՝ պարզվեց պետք է չզանգել իրեն: Օրեր անց նորից զանգեցի ու պատասխան չստացա»,- պատմում է Սիրարփի Գևորգյանը:

Գևորգյանի պայմանագրի օրինակում հստակ նշված են գործակալության և գործակալություն դիմողի պարտականությունները և իրավունքները: Ըստ պայմանագրի՝ գործակալությունը պարտավորվում է առաջարկել պատվիրատուին թափուր հաստիքներ՝ ըստ վերջինիս մասնագիտական տվյալների և ցանկության, իսկ կատարողը (այսինքն՝ այն անձը, ով դիմում է գործակալություն), ըստ պայմանագրի 2.3.1 կետի, պարտավորվում է միանվագ և անվերադարձ վճարել 5000 դրամ անդամավճար կատարողի ծառայությունից օգտվելու համար: Պայմանագրի 2.2.1 կետով ներկայացված է, որ պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից՝ 6 ամիս ժամկետով:

Հասկանալու համար՝ արդյո՞ք պայմանագրի իրավական դրույթները խախտված չեն, դիմեցինք փաստաբան Տիգրան Սարգսյանին:

«Ծառայությունների մատուցման կարգը սահմանվում է Քաղաքացիական օրենսգրքով՝ ծառայություն մատուցողի և ծառայություն ընդունողի միջև: Պայմանագրում հստակ նշվում են կողմերի պարտականությունները և եթե պայմանագրով նախատեսված է, որ կողմը ծառայություն պետք է մատուցի, սակայն չի մատուցել, բնականաբար, քաղաքացին կարող է պահանջել գումարը: Սակայն կա նաև մեկ կարևոր հանգամանք, գործակալության աշխատակիցը կարող է գումարը չվերադարձնել՝ պատճառաբանելով, որ իրականացվել է աշխատանքի որոնման գործընթաց՝ տվյալ քաղաքացու համար: Ոլորտը ունի պաշտպանվածության բաց: Հասարակությանը հնարավոր խարդախություններից զերծ  պահելու նպատակով անհրաժեշտ է, որ ոլորտը առանձնահատուկ կարգավորվի: Ցանկալի և օրինաչափ կլինի, եթե աշխատանքի տեղավորման գործակալությունները լիցենզավորվեն: Ներկայումս գործող օրենսդրությունը լիցենզիայի պայման չի նախատեսում և ցանկացած անձ, անհատ այսօր կարող է հիմնել նման գործակալություն և գործունեություն ծավալել: Վտանգ կա, որ նման գործակալությունները կարող են հազարավոր քաղաքացիներից գանձել նման գումարներ և երբեք որևէ մեկին աշխատանքի չտեղավորել: Հետևաբար, նման գործակալությունների աշխատանքը կդադարեցվի»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

«Զատիկ» աշխատանքի տեղավորման գործակալության գործունեության վերաբերյալ սոցիալական ցանցերում կան մի շարք հրապարակումներ, որտեղ աշխատանք փնտրողները դեռ 2 տարի առաջ բողոքում էին « Զատիկ» կադրային կենտրոնի աշխատելաոճից: Ներկայացնում ենք հրապարակումները «Զատիկ» կադրային կենտրոն անվամբ ֆեսյբուքյան էջից: Քաղաքացիները հիմնականում գործակալության գործունեությունը որակում են որպես «խաբեություն»:

«Օրը հազար քաղաքացի գալիս, պայմանագիր եմ կնքում, շատ չեմ հասցնում հասկանամ՝ ով երբ կամ ինչ գործի համար դիմեց: Հետո դրանք նստած նայում եմ: Ես մենակ եմ աշխատում, ինձ պետք ա հասկանալ»,- մեզ հետ զրույցում ասաց «Զատիկ» մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալության տնօրեն Շուշանիկ Ներսիսյանը: Գրասենյակում գտնվելու ժամանակ հեռախոսն անընդհատ զանգում էր:

Իր աշխատելու ոճից դժգոհությունների մասին հարցին պատասխանեց, որ իրեն շատ են դիմում քաղաքացիները, և որ իր համար դժվար է շփվել տարբեր մտածելակերպ ունեցող անձանց հետ, և շատ են լինում անհարկի խոսակցություններ քաղաքացիների հետ, իսկ վերջում հավելեց՝ «Չեն ուզում, թող չդիմեն՝ էսպես եմ հասցնում աշխատել»:

Գրանցվեցինք ևս մեկ աշխատանքի տեղավորման գործակալությունում: Արշակունյաց 4 հասցեում գտնվող «Ջոբ Մարկետ» մասնավոր կադրային կենտրոնում ընդունեցին իրենց դիմած քաղաքացուն և տրամադրեցին գրեթե նույն պայմանագիրը՝ նույն դրույթներով, սակայն գումարային և ժամկետային տարբերությամբ. այստեղ պահանջվում էր 3000 դրամ և պայմանագիրը կնքման պահից ուժի մեջ էր մտնում 1 տարի ժամկետով: Գրանցման պահից սկսած՝ գործակալությունը հանձնեց մի շարք թափուր աշխատատեղերի հասցեներ, որպեսզի քաղաքացին զանգի և գնա հարցազրույցի: Նշված թափուր աշխատատեղերը գոյություն ունեին, իսկ աշխատանքի տեղավորման գործակալությունը 2 օրվա ընթացքում զանգահարում էր պատվիրատուին՝ հասկանալու՝ արդյոք դիմել է աշխատանքի համար:

«Մեր գործակալությունը 2 տարվա պատմություն ունի, սակայն հասցրել ենք այս կարճ ժամանակահատվածում հեղինակավոր անուն ձեռք բերել: Հիմնական պատվիրատուները թափուր աշխատատեղերի մասին ինֆորմացիա ստանում են գովազդի շնորհիվ, սա սկզբնական մասում, հետո հաճախորդները իրենց բարեկամ-ծանոթների միջոցով  տեղեկացնում են մարդկանց մեր աշխատելաոճի մասին, և այդ եղանակով համագործակցում ենք շատերի հետ: Մարդիկ տեսնում են ներկայացված հայտարարությունը, զանգահարում են, գալիս գործակալություն և դիմում իրենց համապատասխան աշխատանքի համար: Ունեցել ենք դեպքեր, երբ մասնագիտական ուղղվածություն ունեցող հաճախորդին ուղարկել ենք հատուկ վերապատրաստման դասընթացների և տեղավորել աշխատանքի: Դրանք հիմնականում լինում են հաշվապահական դասընթացներ: Եթե քաղաքացին մեզ դիմել է, տեղավորվել աշխատանքի և լրացել է պայմանագրի 1 տարին, մեզ կրկին դիմելու դեպքում ծառայությունը մատուցում ենք անվճար, իսկ պայմանագրի ժամկետը դեռ չլրացած քաղաքացիների համար մեր հայտերը անսահմանափակ են և նոր աշխատանքի հայտարարության դեպքում առաջինը տեղեկանում են նրանք»,- ասում է «Ջոբ Մարկետ» կադրային կենտրոնի տնօրեն Իլանա Թևանյանը:

Հարցին, թե որտեղից են գտնում թափուր աշխատատեղեր, և որն է նրանց հիմնական աղբյուրը, Իլանա Թևանյանը ասաց, որ հիմանականում օգտվում են «Սփյուռ» տեղեկատվական համակարգից, շատ դեպքերում նաև գործատուներն են կապվում գործակալության հետ և հայտնում աշխատանքի մասին:

Գործակալության տնօրենն ասում է, որ շուկայում շատ են աշխատանքի տեղավորման կենտրոնները, որոնց մի մասը զբաղված է խաբեությամբ: Նա նշում է, որ դիմել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ լիցենզիա ստանալու համար և ուզում է, որ ոլորտը վերահսկվի: Ցանկանում է, որ տրամադրվի հարթակ, որտեղ հրապարակային և փաստարկված ձևով կներկայացվի, թե կադրային կենտրոնները որքան գումար են աշխատել 1 ամսվա ընթացքում, և թե իրենց դիմած քաղաքացիներից քանիսն են անցել աշխատանքի: Առաջարկը ներկայացվել է, սակայն մինչև այսօր որևէ արձագանք չկա նախարարությունից:

Խոսեցինք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սոնա Մարտիրոսյանի հետ, ով հաստատեց, որ նախարարությունը չի կարգավորում մասնավոր աշխատանքի տեղավորման գործակալությունների գործունեությունը և հավելեց, որ հեռանկարային որևէ բան ասել չի կարող: 

Ջեմմա Սարդարյան

ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter