HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Ապաբուծիկավորեք Մաշտոցի այգին». ակտիվիստները նստացույց են անցկացնում

«Ձեր բուծիկները այլ տեղ բուծեք», «ապաբուծիկավորեք Մաշտոցի այգին» պահանջով արդեն 3 օր է՝ բնապահպանական ակտիվիստներն ու «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության անդամները Մաշտոցի այգում նստացույց են անցկացնում: Նրանք պահանջում են դադարեցնել այգում ընթացող շինաշխատանքները և ապամոնտաժել Աբովյան փողոցից այգի տեղափոխված խանութները:

«Վերացրեք ձեր կրպակները մեր այգուց», «Ո՞վ է տվել էն լրբին սար, սարն ամենքինս է հավասար» և այլ բովանդակությամբ ցուցապաստառները պարզած՝ ակտիվիստները սպառնում են չհեռանալ այգուց այնքան ժամանակ, քանի դեռ այդ շինությունները չեն ապամոնտաժվել: Նրանց խոսքով՝ իմաստ չկար այդ խանութներն Աբովյան փողոցից հանել, եթե պետք է տեղակայվեին հանրային այգում:

Երեկ այգու տարածքում ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի լուսանկարների ցուցահանդեսն էր բացվել: Լուսանկարներում պատկերված են վերջին տարիներին մայրաքաղաքում ընթացող շինարարության զոհ դարձած պատմամշակութային հուշարձանները, դրանց ոչնչացումը:

Երեկ ակտիվիստներն այգում երգում-պարում էին, նաև ստորագրահավաք էին կազմակերպել, որին միանում էին անցորդները: Ոստիկաններն էլ նրանց հսկում էին և տարածքում նկարահանում իրականացնում: Խանութների շինարարությունն արդեն մի քանի օր է՝ դադարեցված է: Նստացույցի մասնակիցները հույս ունեն, որ իրենց հետևողական պայքարի շնորհիվ կհասնեն ցանկալի արդյունքի:

Ի դեպ, նրանք այսօր որոշել են Մաշտոցի այգուց երթ կազմակերպել դեպի նախագահական նստավայր:

Ռ. Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter