HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եվ մի՛ ասա, թե ժամանակն է մեղավոր, և անմեղ ես դու»

Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում. պատմություն, հիշողություն, առօրյա

Ինչքան էսպիսի գրքեր տպվեն՝ վկայություններ, որ շուրջ 70 տարի Սովետում գործող խստագույն գրաքննությունը ձախողվել է, չի կարողացել անցյալը ջնջվել, ես առաջին ընթերցողներից եմ լինելու։ «Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում» գիրքը բռնադատվածների, նրանց ժառանգների պատմությունների և հայտնի ազգագրագետների ուսումնասիրությունների ժողովածու է, որտեղ նույնիսկ երրորդ սերնդի հիշողությունները պարունակում են մանրամասներ, որոնք ցույց են տալիս սովետական պետական մեքենայի դեմքը «ստալինյան» կոչվող ժամանակաշրջանում։  

Հակահայկական գաղտնի պայմանավորվածություններ 

Գրքի առաջին հետազոտությունը՝ Հրանուշ Խառատյանի ««Նացիոնալիզմի» դիսկուրսը և ցեղասպանության հիշողության թիրախավորումը քաղաքական բռնություններում» հոդվածի թեմաներից մեկը թուրք-սովետական գործարքներն են, որոնցում ծրագրվել են բռնությունները տասնյակ հազարավոր սովետահայերի հանդեպ։

Նման պայմանավորվածությունների մասին լուրերը տասնամյակներ շարունակ շրջանառել են որպես բանահյուսություն, բայց տիկին Խառատյանի համադրած փաստերը, ազգագրական նյութը, բազմաթիվ աղբյուրներից հղումները իրական ու սահմռկեցուցիչ պատկեր են վեր հանում։ Թեև ես ինքս 1970-ականների վերջից՝ ուսանողական տարիներիցս ի վեր, պատրանքներ չեմ ունեցել, թե կա որևէ հակամարդկային գործողություն, որին ընդունակ չլիներ ՍՍՀՄ ղեկավարությունը, շոկ ապրեցի ինքնանպատակ հաճկատարությունից, որը բոլշևիկները ցուցաբերել են Թուրքիայի հանդեպ ընդդեմ ՍՍՀՄ կազմի մեջ մտնող մի ժողովրդի, որի մեծ մասը բնաջինջ է արվել կամ ցրվել աշխարհով մեկ որպես ընչազուրկ փախստական նույն թուրքերի կողմից։ 

ՍՍՀՄ արտաքին գործերի ժողկոմ, Հայկական ՍՍՀ զինանշանին Արարատ սարի առկայությունից բողոքող Թուրքիային ծաղրելու անեկդոտանման պատմությունների շնորհիվ հայ ժողովրդի բարեկամ ընկալվող «Չիչերինը 1923 թ. հունվարի 10-ին Լոզանից իր տեղակալ Մ. Լիտվինովին ուրախությամբ տեղեկացնում է, որ թուրքերը շատ հաղթական են ընթանում, որ թուրքերի բոլոր հաջողությունները պայմանավորված են ռուս-թուրքական դաշինքով և թուրքերն ընդունում են այդ փաստը, և որ «դաշնակիցները դադարել են հայերի համար ազգային օջախ պահանջել»: Լենինը, ապա Ստալինն ու Բերիան վերացնում կամ աքսորում են բոլոր հայերին, որոնք կարող էին վտանգ ներկայացնել Թուրքիայի ու նրանց հովանավորյալ ադրբեջանցիների համար։ Բավական է հիշել Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի բանվոր Ն. Գրիգորյանի օրինակը, որին 1938 թ.-ին 10 տարվա ազատազրկման են դատապարտել, քանի որ նա... «1905 թ. մասնակցել է ադրբեջանական գյուղերի ջախջախմանը» (էջ 134, Խառատյան): Ընդ որում, անվերապահ աջակցությունը ցուցաբերվում էր, չնայած թարմ էր դասը, որ բոլշևիկյան պետությունը ստացել էր թուրքերից 1920-ին. «Չկարողանալով ազդել թուրք դաշնակիցների կամայականությունների վրա` Ստալինը Լենինին խորհուրդ է տալիս Հայաստանն արագորեն խորհրդայնացնել և բաժանարար սեպ դարձնել Թուրքիայի ու Ադրբեջանի միջև` թույլ չտալով նրանց ընդհանուր սահման ունենալ» (էջ 134, Խառատյան)... Նույն տարիների ՍՍՀՄ ամենաբարձր հայ պաշտոնյան՝ ՍՄԿԿ քաղբյուրոյի անդամ Անաստաս Միկոյանը, որի անունը միշտ առանձնահատուկ գորովանքով է հիշատակում սովետահայ մեդիան, ԱՄՆ-ում տեսած երշիկն էր տեղայնացնում Սովետում ու «ձկան օր» մտցնում՝ մսեղենի պակասը մեղմելով, իսկ բռնությունների սուր փուլերին իր կողմից հարյուրներով ընդլայնում հայրենակիցների գնդակահարության ցուցակները։

Մտածել, ինչպես հրահանգում է «Պրավդան»

Հր. Խառատյանի հետազոտության առարկաներից մեկը սովետական պրոպագանդայի ազդեցությունն է, որը բռնությունների զոհերին ներշնչել է, թե դրանք արդարացված էին։ Ահա թե ինչ է ասում ազգագրագետի հետ զրույցում բռնությունների ժամանակացույցում «սպիտակ կետ» հանդիսացող 1928 թ.-ին ձերբակալված ու գնդակահարված սյունեցու թոռը. «Նժդեհի հետ է եղել, Նժդեհը շատ է մեր տուն գնացել-եկել, իրա ուսերին մեղք կա… դե համ մաուզերիստ, համ կուլակ, համ Նժդեհի հակասովետական» (էջ 40, Խառատյան): Մինչդեռ,- այս բոլորը երևի թե պետք է պարզաբանել 2000-երի սերնդին,- «մաուզերիստը» հիմնականում կամավորական խմբի անդամ էր, որ անհավասար կռիվ է մղել թուրքական ոստիկանության ու կանոնավոր բանակի դեմ, Ռուսաստանից ներմուծված «կուլակ» բառով պիտակում էին ունևոր, աշխատասեր գյուղացիներին, Նժդեհն էլ ոչ թե ՀՀԿ հիմնադիրն է, ինչպես ջանում էին մեզ ներշնչել վերջին տարիներին, այլ Սյունիքի փրկիչը. նա փոքրաթիվ աշխարհազորայիններով մի քանի անգամ ջարդ է տվել ռուս-թուրք-ադրբեջանական միացյալ ուժերին։  

Հիշողության ջնջումը գործուն միջոց է նաև Ստալինի մահից հետո ՍՍՀՄ-ում պետականորեն ճանաչված «սխալների», իրականում՝ հանցագործությունների հեղինակներին որևէ պատժից, նույնիսկ հասարակական դատապարտումից ազատելու համար։ Հրաչյա «Քոչարը նոր քաղաքական մթնոլորտում արդեն դառնում էր Արևմտյան Հայաստանի` «կորցրած Էրգրի կարոտը» ներկայացնող գրողը և նույնիսկ ամբիոններից խոսում էր Ցեղասպանության զոհերին հուշարձան կանգնեցնելու անհրաժեշտության մասին` լիովին տեղավորվելով նոր հովերի թելադրանքի մեջ և ստանալով «մեծագույն գրող», «ժողովրդի լավագույն զավակ», «հսկայական դերակատարում», «հայրենասերի խիզախ կեցվածք» շոյիչ որակավորումները: Մոռացվել էր, որ 1936 թ. օգոստոսի 7-ին տեղի ունեցած գրողների միության ժողովում նույն Քոչարն առաջարկել էր գրողներ Վ. Նորենցին ու Ա. Բակունցին որպես նացիոնալիստների հեռացնել կուսակցությունից, քանի որ նրանք «Սասուն վերադառնալ ցանկացող հերոսներ» ունեն իրենց ստեղծագործություններում… Արդյունքում 60-ականներին այդպես էլ որևէ սկզբունքային, ազնիվ, բաց քննարկում չեղավ երեսնականների անկյունաքարային դերակատարների մասին»:  

Մեկ ուրիշ քարոզչական հնարք է պատասխանատվությունը պաշտոնյաներից «շարքայիններին» իջեցնելը, որին ցավոք տուրք է տվել նաև տարագիր գրող Սերգեյ Դովլատովը, , որի գործերը միայն Սովետի փլուզումից հետո հասանելի դարձան (հետ)սովետական ընթերցողին. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին... բայց ես ուզում եմ հարցնել՝ ով գրեց չորս միլիոն մատնագիրը»։ Իհարկե, անձամբ Ստալինը չէր, բայց 1937-38-ին արդեն ՍՍՀՄ-ում ծնվածների սերունդ կար, որը, մեծահասակներից շատերի նման, մտածում էր միայն այն, ինչ նույն օրվա «Պրավդան» էր հրահանգում, ինչպես ապշահար արձանագրում է 1935 թ. ՍՍՀՄ այցելած Անդրե Ժիդը։ Այսինքն՝ բազմաթիվ են եղել նրանք, ովքեր «դատապարտված» էին մատնություններ գրելու։ Դա հիանալի է ներկայացված Վաչե Սարգսյանի «Ակեղդամա. Անկրկնելի պատմություն» վեպում (Երևան, 2019), որի պատանի հերոսը, մինչև Չարենցին դրվատելու համար ձերբակալվելը վստահ է եղել, որ զանգվածաբար գնդակահարվել ու աքսորվել են միայն իրական դավաճաններն ու լրտեսները։

Թերևս ավելորդ չէ վերհիշել, որ փոքրեշատե հայտնի մարդկանց՝ մտավորականների, գիտնականների, զինվորականների, կուսակցական ու պետական ղեկավարների մահվան դատավճիռն արդեն անձամբ «Ժողովուրդների հայրն» է կայացրել. «...ձերբակալված գրողների բացարձակ մեծամասնությունը պատիժը ստացել են Ստալինի անձնական թույլտվությամբ, այսպես կոչված «ստալինյան ցուցակներով» (Խառատյան, էջ 72)։

Քիչ հայտնի փաստ է, որ մատնագրերի որոշակի տոկոսն էլ կազմել են «կանխարգելիչ» մատնությունները։ Լևոն Աբրահամյանն ու Գայանե Շագոյանը նկարագրում են դեպք, երբ բռնության զոհը՝ «ձգտելով կանխել «մատնիչի» հետագա մատնությունները, իր հերթին նրան «զրպարտել է»` պնդելով, որ վերջինս եղել է իրենց «դաշնակցական խմբակի պարագլուխներից»: Այս հայտարարությանը հետևել են այդ մարդու ձերբակալությունն  ու ամենայն հավանականությամբ` գնդակահարությունը (նրա ճակատագիրը մնում է անհայտ)» (էջ 265-66, Պատմագրության և հիշողության միջև. Խորհրդային Հայաստանի հուշարձայնացումը):  

Գրքում բերվում են նաև խիզախ ղեկավարների օրինակներ, որոնք բռնադատման ենթակա մարդկանց ցուցակ չեն տվել «վերևներին». «Ստեղ [Տաթևում] էլ ցուցակը տվել են։ Հարևան Սվարանց գյուղում կոլխոզի նախագան Մղումյան Տիգրանն էր, գնացել են էնդեղ էլ են ասել (էդ մենք հետո ենք իմացել), որ ընկ. Մղումյան, բա քեզ բան [անհարազատ] չունե՞ս, որ աքսորում են, բան են անում։ Ասել ա, մեր գյուղում ըտենց մարդ չկա։ Բոլորը «հարազատ» են» (էջ 209, Հարություն Մարության. Ո՞վ էր մեղավոր. Ստալինյան բռնությունների պլանավորման և իրականացման մասին բռնադատվածների ու նրանց ժառանգների պատմաշարերը)։ 

Ազգագրագետների գրանցած պատմություններում հիշատակվում են նաև Շիշկերտ, Լեռնակերտ գյուղերի ղեկավարները, որոնք հրաժարվել են մարդ մատակարարել «կոմունիստական» մսաղացին։ Անհատներ, որ կարողացել են ուղեղները զերծ պահել լվացումից և իրենց կյանքը վտանգելով շատերի կյանքը փրկել։ «Եվ մի՛ ասա, թե ժամանակն է մեղավոր, և անմեղ ես դու» կարգախոսով, ինչպես գրված է Կապանի Առաջաձոր գյուղում կանգնեցված հուշարձանին։     

«Միակ տղամարդու» երկիրը 

Հնազանդության, 4 միլիոն մատնություն գրելու մթնոլորտի ստեղծմանը նպաստել էր պատժիչ մեխանիզմի ևս մեկ առանձնահատկություն։ Ինչպես նկատում է Գայանե Շագոյանը, «գերդաստանում կամ համայնքում դիրք, ազդեցություն, հեղինակություն, որևէ ինքնուրույնություն (տնտեսական, սոցիալական) ունեցողներն առաջինն էին թիրախավորվում և տարբեր, նույնիսկ անհեթեթ (օրինակ` «կոպիտ է վարվել կոլխոզի եզների հետ»), մեղադրանքներով ձերբակալվում» (էջ 174)։ 

Իսկական «կոտորա՛ծն առաջնորդաց», որն այլ կերպ, քան «Մեծ առաջնորդի» հոգեկան խանգարմամբ, չի կարելի բացատրել՝ միլիոնավոր բռնադատվածներ որևէ մեղք չեն գործել և հետագայում արդարացվել են նրանց դատապարտած սովետական դատարանի կողմից... որի ստալինյան «ավանդույթների» չհաղթահարման արդյունքն եմ համարում նաև 2019-ի հեղափոխությունից հետո ՀՀ դատական համակարգը պատած ճգնաժամը։ Դա հաստատում է ևս մեկ օրինակ Հրանուշ Խառատյանը հոդվածից։ Պարզվում է, որ 1930-ական թթ.-երի տխրահռչակ «եռյակների» 15 րոպեանոց դատավարությունները կամայականությունների վերին շեմը չեն եղել. «1949 թ. հունիսի 14-ին Հայաստանից դեպորտացիայի ենթարկված 13.000-ից ավելի մարդու դեպորտացիայի ենթարկելու վճիռները... կայացրել է ОСО-ն` այդ մարդկանց աքսորելուց ամիսներ անց» (էջ 41. «Հատուկ խորհրդակցություն (Особое совещание-ОСО) – 1922 թ.-ից մինչև 1953 թ.-ը ԽՍՀՄ Ներքին գործերի մարմնին կից գործող հանձնաժողով` «հատուկ խորհրդակցություն», արտադատարանական մարմին, որը ... իրավունք ուներ մեղադրյալին դատապարտելու ազատազրկման, արտաքսման, աքսորի, իսկ պատերազմի տարիներին` նաև գնդակահարության»):

Հետին թվով դատապարտվածներից էին նաև 1946-47 թթ.-երին հայրենադարձության որոշում կայացրած մարդիկ։ Նրանց հիմնական «մեղքը» Արևմտյան Հայաստանում ծնված լինելն է, որ կարող է վրեժի զգացում առաջացնել թուրքերի հանդեպ, բայց հայրենադարձները մինչև ներգաղթը տեսել էին դատարաններ, որոնք պաշտոնյաների ցուցումներով չեն գործում, խոսքի ազատություն և «բուրժուական» բարքերի այլ դրսևորումներ, որ «վտանգավոր» էին սովետական քաղաքացիների համար։ Նրանց մի մասը աքսորում կամ նույնիսկ աքսորից վերադառնալուց հետո ինքնասպան է եղել, որպեսզի քավի իր մեղքը հարազատների առջև (Շագոյան, էջ 176)։  

Մինչև 2018-ի հեղափոխությունը, վկայակոչելով հետադիմական միտումների հաղթանակը Անկախության շրջանում, մշակութաբանական շրջանակներում կարծիքներ էին հնչում, թե հայ հասարակությունն ինքնուրույն, առանց սովետական արդիականացման, պատրաստ չէ հաղթահարել ժամանակակից պետության մարտահրավերները։ Գայանե Շագոյանի հետևյալ դիտարկումը ցույց է տալիս, թե ինչ պատնեշներ են դրել ՍՍՀՄ-ը իր հռչակած արդիականացման առջև. «Մեծ տեռորի տարիներին ոչ միայն ընտանիքի անդամներն էին ակամա դառնում մեկը մյուսի «պատանդն» ու «պատասխանատուն»` տուժելով որպես «ժողովրդի թշնամու ընտանիքի անդամ», այլև ամբողջ ընտանիքն էր հաշվառվում որպես բռնաքսորի միավոր` պետության ճանաչած անդամներով։ Եվ եթե մեծ գերդաստանների տրոհումը փոքր ընտանիքների` հասարակական հարաբերությունների արդիականացման բնականոն գործընթացն էր, ինչը ենթադրում է նաև փոքր ընտանիքների ինտեգրումն այդ նոր հարաբերություններին, դրանց բաց լինելուն, անձի անհատականացումը ևն, ապա դրա խորհրդային տարբերակն ընթանում էր ճիշտ հակառակ ուղիով` քարացնելով ընտանիքի սահմանները, դրանք դարձնելով անանցանելի, ընտանիքի անդամների ճակատագիրը լիովին պայմանավորելով մեկի հանդեպ պետության վերաբերմունքով։ Այդ իմաստով խորհրդային ընտանիքի վերաձևումը նպաստում էր ընտանիք-ինստիտուտի ոչ այնքան արդիականացմանը, որքան` արխաիկացմանը» (Շագոյան, էջ 191-92, ընդգծումներն իմն են)։

«Ստալինյան բռնաճնշումները Հայաստանում» գրքի ամենատպավորիչ հերոսներից է Շամամ տատը, որի հնարամտության մասին պատմում է թոռը՝ Պարույր Տոնոյանը։ Մի կողմից, հիացմունք են հարուցում հնարքները, որոնց շնորհիվ, գտնվելով հանրային մեկուսացման մեջ՝ Շամամ տատը մեծացնում է բռնադատված որդու և ոչ միայն նրա զավակներին. «Տատս ինչխոր որբանոցի վարիչ էղներ՝ մեր տունն էին նաև իրա տեգրոջ էրեխեքը, առաջվա տեգրոջ էրեխեքը, Արշակ պապի փոքր եղբոր` Գևորի էրեխեքը», մյուս կողմից, հանուն նրանց նա հարմարվում է ամեն ինչին, եռանդուն մասնակցում զանազան ձևական «կամպանիաների»։ Դա էլ թերևս հետադարձ ուժով ստիպում է Պարույրին, արդեն որպես դասախոս, չափսոսալ մի բալով բարձր գնահատական դնել համագյուղացի երեխաներին՝ ենթադրական բացասական վերաբերմունքն իր հոր հանդեպ մեղմելու համար՝ մոռանալով որ դա անարդար է մյուս ուսանողների հանդեպ.

«ԳԱՅԱՆԵ. Գյուղացիները ձեր հոր նկատմամբ ամեն մեկը ոնց որ իր հաշիվն ուներ: 

ՊԱՐՈՒՅՐ ՏՈՆՈՅԱՆ. Հա, ու հենց դրանից էր, որ նույնիսկ իմ նկատմամբ էլ բարյացկամ չէին, բայց ես համարյա թե բոլորին լավություն արել եմ… ...հմի` էրեխա է, 3-ի է պատասխանել, 4 կդնեմ, ի ՞նչ է պատահել, աշխարհը չավերավ» (Շագոյան, էջ 370)։ 

Ճարպկություն, հարմարվողականություն, կրավորականություն՝ ահա հատկանիշներ, որ միլիոնավոր մարդկանց մեջ զարգացրել էին շարունակական բռնությունները՝ 1921 թ. հայ սպաների սպանդը Չեկայի նկուղներում, 1926-53 թթ. աքսորն ու գնդակահարությունները, այլախոհների հալածանքները 1960-80ականներին, կուսակցապետական արատավոր հասարակարգը, կոռուպցիան, հովանավորչությունը, ժողովրդական լեզվով ասած՝ ԽԾԲ-ը, ի հակադրություն հազարամյակներով քարոզվող ազնվության, վեհանձնության, ուղղամտության։

Չափանիշների լղոզմանն օգնել են նաև «հիբրիդային» հերոսները։ Նրանցից մեկը ներկայացված է Ռևիկ Հարությունյանի (1933-2012) հուշերում, որի հորը գնդակահարել, իսկ մորը բանտարկել են երկու տարով 1938-ին («Ինձ համար ինքը լավ մարդ էր», զրուցավար՝ Լևոն Աբրահամյան, էջ 330-342)։ Նրան պատերազմի տարիներին հովանավորել է իրենց բակի հարևան, «պահածոների գործարանի հատուկ բաժնի պետ» Վ-ը։ Ռևիկը պատմում է, որ սա «բերում էր ինչ տեսակի ասես պահածոներ, մի քիչ գող էր, ձեռից թույլ էր», նույնիսկ առանձին պահեստ է սարքում գողոնի համար, իր տանը «սեղան գցելով» մտերմանում պաշտոնյաների հետ, որոնց «նկատմամբ ինչ-որ գաղտնի գործ ա հարուցվում», հետո այդ մարդիկ հայտնվում են «սպիտակ արջերի մոտ»... բայց բակի բնակիչներին զերծ է պահում բռնություններից: Ահա «լավ տղու» մի տիպ, որը հանցագործ է, բայց «շրջապատի» համար օգտակար, «հետևաբար»՝ հարգված մարդ, նույնպես հանցավոր միջոցներով՝ գողությամբ կամ կաշառքով «ընտանիք պահող» կամ «գողագան» տղամարդկանց կերպարների կողքին։ Ի դեպ, Ռևիկը, որ «Վ դյադյայի» հետ կուշտուկուռ ճաշում է պատերազմի սոված տարիներին, ինքն էլ նրա սիրարկածների կապավորն է, այսինքն, ի վերջո հովանավորությունն անշահախնդիր չէ։ Միգուցե դա է եղել պատճառը, որ, պատմողի իսկ խոստովանությամբ, «մերս ինձ ասում էր. «Դու ցինիկ ես, որտև Վ­ի դաստիարակությունն ես ստացել»: 

Դատապարտել՝ կրկնությունը կանխելու համա՞ր

Բարդ և առանձին հետազոտության արժանի երևույթ է սովետական շրջանում ձևավորված ցինիզմը, բայց միգուցե «հիբրիդների» մեծ տոկոսն է պատճառը, որ «Հայաստանում խորհրդային բռնաճնշումները, «ազգային ողբերգության» ձևակերպում չստանալով, հայտնվեցին հանրային հիշողության լուսանցքում` խամրելով ցեղասպանության մասին հիշողության և ցեղասպանության խնդրի կարևորության առջև» (Լևոն Աբրահամյան, Գայանե Շագոյան, էջ 244)։

Ավելին, Անկախ Հայաստանում քաղաքական գնահատական չտրվեց «կոմունիստական» վարչակարգին։ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը սերում էին կոմերիտա-կուսակցական նոմենկլատուրայից, և դրանից խուսափելու բոլոր հիմքերն ունեին, բայց առաջին նախագահ, Մատենադարանի գիտաշխատող Տեր-Պետրոսյանը կարող էր և չգնաց սովետական անցյալից վճռական տարանջատման ճանապարհով։ Նման որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը լիարժեք զգալու համար պետք է միշտ հիշել մարդկանց, ովքեր նույնիսկ 2010-ական թթ.-երին խնդրում են մարդաբան-հարցազրուցավարին. «Հանկարծ ասածս չպատմեք մեզ մատնած [...այսինչ] մարդու զավակներին, դրանք հիմա ԿաԳեԲեում կարևոր պաշտոններ են զբաղեցնում և կարող են ինձ վերացնել, եթե իմանան, որ նրանց ծնողի արածի մասին պատմել եմ» (էջ 168, Գայանե Շագոյան, «Պատմության և ազգագրության միջև. լյուստրացիան և դաշտային էթիկական խնդիրները»)։ 

2019-ին էլ ուշ չէ բռնությունների, ինչպես նաև Անկախության շրջանում «պետության զավթմանը քաղաքական գնահատականը տալու» համար, որն անելու կոչերը ավելի ու ավելի հետևողականորեն են հնչում սոցցանցերում ու մեդիայում։ Պարզ և հասկանալի է՝ ինչու. քրեապետության կրկնությունը թույլ չտալու համար։ Բայց և՝ անկախ ամեն ինչից. Հայաստանում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ, խաթարվել է մի քանի միլիոնի կյանքը։

Լուսանկարը՝ Բուն TV-ի տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter