HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանի ընկերությունը շարունակում է մնալ խոշոր մատակարար գնումների մրցույթում

Տարիներ շարունակ պետական գնումների մրցույթում հաղթող է եղել և շարունակում է մնալ «Սմարթլայն» ընկերությունը, որը գրենական պիտույքներ և գրասենյակային նյութեր ու կահույք է մատակարարում գրեթե բոլոր պետական մարմիններին, այդ թվում՝ վարչապետի և նախագահի աշխատակազմերին:

Չնայած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի, Վերահսկիչ պալատի, ինչպես նաև՝ հակակոռուպցիոն կենտրոնների արձանագրած խախտումներին՝ ընկերությունը շարունակում է գերիշխող դիրք զբաղեցնել գնման մրցույթներում: «Սմարթլայն» ընկերությունը պատկանում է նախորդ նստաշրջանի ՀՀԿ-ական պատգամավոր Հրանտ Բեգլարյանին՝ Գագիկ Բեգլարյանի եղբորը: 

«Սմարթլայն» ընկերությունը հիմնադրվել է դեռևս 2004թ.ին, զբաղվում է գրքերի, ամսագրերի, թերթերի, գրելու և տպիչ սարքերի համար թղթի, գրենական պիտույքների մեծածախ առևտրով: Ընկերությանն է պատկանում  «Կարանդաշ» գերմանական պիտույքների խանութների ցանցը:

«Սմարթլայն»-ի սկզբնական սեփականատերը եղել է Նելլի Բուդաղյանը: Տարբեր տարիներին բաժնետերերը փոխվել են: Այժմ ընկերությունը պատկանում է «Հանրապետական» կուսակցության նախկին պատգամավոր Հրանտ Բեգլարյանին, որը 2010-2012թթ. եղել է նաև «Գնումների աջակցման կենտրոն»-ի տնօրենը:

Հրանտ Բեգլարյանին են պատկանում ընկերության 50 % բաժնետոմսերը: Մյուս 50 %-ը պատկանում է Հրանտ Ումրոյանին: Ընկերության տնօրենն է Տիգրան Ղարիբյանը:

«Սմարթլայն»-ն արդեն քանի տարի է՝ ներառվում է ՀՀ խոշոր հարկ վճարողների 1000-ի ցուցակում:

Դեռևս 2013թ. Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրել է ընկերության վերաբերյալ եղած մի շարք բողոքներ, ըստ որոնց՝ այն համարվել է «գերիշխող դիրք ունեցող» (ընկերության ընդհանուր կառավարման ներքո գտնվում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտներից բաղկացած առևտրային ցանց, հեղ.):

ՏՄՊՊՀ-ն դեպքի առթիվ վարչական վարույթ է հարուցել, պարզել, որ «Սմարթլայն» ընկերության հինգ առևտրային օբյեկտներից միայն մեկն է զբաղվում գրասենյակային կահույքի իրացմամբ, իսկ մնացած չորս առևտրային օբյեկտները զբաղվում են գրենական պիտույքների իրացմամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` առևտրային ցանցը համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե հանդիսանում է չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ՝ անկախ գործունեության ոլորտից, ուստի տվյալ դեպքում էական չէ, թե ինչ են վաճառվում:

Ուսումնասիրելով այս ընկերության հետագա՝ 2014-2019թթ. գնումները, տեսնում ենք, որ այն շարունակում է պահել իր գերիխող դիրքն ու հանդիսանում է խոշոր մատակարար, ումից հաճախակի ապրանքներ են ձեռք բերում պետական մարմինները:

Որոշ դեպքերում էլ՝ գնումներն իրականացնում են առանց մրցույթի կամ մեկ անձից ձևաչափով:

 «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ գնումն իրականացվում է մեկ անձից հրատապ դեպքերում, ինչպես նաև այն դեպքում, երբ գնման ենթակա ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից՝ պայմանավորված նրա հեղինակային և հարակից իրավունքներով, մրցակցության բացակայությամբ և լիցենզիայի առկայությամբ։

2014թ. այս ընկերությունից մեկ անձից գնման պայմանագրով ձեռք են բերվել այնպիսի ապրանքներ, որոնք հնարավոր է ձեռք բերել մրցակցային պայմանով, այլ ընկերությունից՝ առանց հրատապ գնման: Օրինակ, տպագրական քարթրիջներ, կենցաղային նյութեր, նոթատետրեր, սեղմակ, տնտեսական ապրանքներ, Ա4 ֆորմատի թուղթ, թղթապանակ, ֆայլ, էլեկտրական լամպ և այլն:

Մեկ անձից գնման պայմանագրեր են կնքվել Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության, Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Քաղաքաշինության նախարարության և այլ պետական կառույցների հետ:

Նշենք, որ 2014թ.-ից Հակոբ Բեգլարյանն արդեն քաղաքաշինության փոխնախարարն էր:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ 2014-2015թթ պետական գնումների մոնիտորինգային հաշվետվության մեջ «Սմարթլայն» ընկերությունը նույնպես ներառվել է ռիսկային մասնակիցների ցանկում՝ հաշվի առնելով այն, որ այս ընկերության հետ կնքված պայմանագրերի հաճախականությունը բավականին բարձր է։

Ընկերությունը նաև ներառվել է մեկ ամսվա ընթացքում հաճախակի հաղթողների ցանկում․ օրինակ, դիտարկենք 2014-2016թթ ընկած ժաանակահատվածի գնման մրցույթները.  2014թ. սեպտեմբերին հաղթել է գնման 6 մրցույթ, հոկտեմբերին՝ 31, նոյեմբերին՝ 16,  2015թ հունվարին՝ 12, փետրվարին՝ 58, մարտին՝ 44, ապրիլին՝ 169, մայիսին՝ 51, հունիսին՝ 60, օգոստոսին՝ 19,  սեպտեմբերին՝ 77, հոկտեմբերին՝ 29, նոյեմբերին՝ 12, դեկտեմբերին՝ 40, 2016թ. փետրվարին՝ 91, մարտին՝ 352 մրցույթ։

2015-2016թթ. այս ընկերության հետ առավել հաճախ պայմանագրեր են կնքել՝

  • Սպորտի և երիտասարդության նախարարությունը
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը
  • Սփյուռքի նախարարությունը
  • Արմավիրի մարզպետարանը
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը
  • Նախագահի աշխատակազմը
  • Կոտայքի մարզպետարանը
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը
  • Պաշտպանության նախարարությունը
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
  • Քաղավիացիայի գլխավոր վարչությունը
  • ԱԺ աշխատակազմը
  • Գեղարքունիքի մարզպետարանը
  • Արարատի մարզպետարանը
  • Արագածոտնի մարզպետարանը
  • Արմավիրի մարզպետարանը
  • Գյուղատնտեսության նախարարությունը
  • Էներգետիկայի և բնական պաշարներին նախարարությունը
  • Վայոց ձորի մարզպետարանը
  • Քաղաքաշինության նախարարությունը
  • Քաղաքացիական ծառայության խորհուրդը
  • Պետական գույքի կառավարման վարչությունը

«Սմարթլայն» ընկերության մոտ խախտումներ է արձանագրել նաև Վերահսկիչ պալատը: Մասնավորապես, 2018թ․ին ՎՊ-ն  արձանագրել է, որ ԴԱՀԿ ծառայությունը պահանջվածից ավելի և բարձր գնով թուղթ է գնել «Սմարթլայն» ընկերությունից․ մասնավորապես, 2017թ․ մայիսին ԴԱՀԿ ձեռք է բերել  7500 տուփ A4 ֆորմատի թուղթ՝ տուփը 1410 դրամով: Իսկ հոկտեմբերին նույն ընկերությունից ձեռք է բերել 22 500 տուփ թուղթ՝ 1635 դրամով, այսինքն՝ 225 դրամ ավելի թանկ, ինչի պատճառով 5 մլն 62 հազար դրամ ավել է ծախսել։

Արձանագրվել է, որ ԴԱՀԿ ծառայության պահեստում 2017թ․ տարեվերջին եղել է 5895 տուփ թղթի մնացորդ:

 

1,3 մլրդ դրամի գնում՝ 2,5 տարում

Գնումների մոնիթորինգի կայքի տվյալների համաձայն՝ 2016-2019թթ «Սմարթլայն» ընկերության հետ կնքվել է 745 պայմանագիր՝ 1 մլրդ 311 մլն 525 հազար 803 դրամի (ավելի քան 2,6 մլն ԱՄՆ դոլար՝ 3 տարում)։

Գնորդները եղել են 107 պետական կառույց։

Պայմանագրերի մոտ 10 %-ը՝ մեկ անձից գնումներն են։ Ընդ որում, 2017-2019թթ. մեկ անձից գնվել է 19,4 մլն դրամի ապրանք, որից 8,5 մլն՝ այս տարի՝ 2019թ-ին։

2017-2018թ՝ մինչև Ազգային Ժողովի լուծարումը, երբ Հակոբ Բեգլարյանը դեռ պատգամավոր էր, «Սմարթլայն» ընկերության հետ կնքվել է 500-ից ավելի պայմանագիր՝ 865 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ:

2018թ ապրիլի 25-ից 2019թ. հունիս ընկած ժամանակահատվածում 19,3 մլն դրամի գնում է արել վարչապետի աշխատակազմը։ Նույն ժամանակահատվածում ընկերության հետ 1,9 մլն դրամի պայմանագիր է կնքել նաև նախագահի աշխատակազմը։

 

«Կարանդաշ» ՍՊԸ-ն՝ մեկ անձից գնման հաղթող



«Սմարթլայն»-ն ունի նաև խանութների ցանց՝ «Կարանդաշ»-ը, որը հիմնադրվել է 2012թ. հուլիսի 19-ին։ Տնօրենը նույն «Սմարթլայն» ընկերության տնօրեն Տիգրան Ղարիբյանն է։

«Կարանդաշ» ՍՊԸ-ն ևս մի քանի անգամ հաղթել է գնումների մրցույթում՝ որպես առանձին ընկերություն։

2016-2019թթ մարտն ընկած ժամանակահատվածում այս ընկերությունից պետությունը գնել է մոտ 6,2 մլն դրամի գրենական պիտույքներ և տնտեսական ապրանքներ։

Հետաքրքիր է, որ այս դեպքում ևս գնումների մեծ մասն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը, ինչպես նշել էինք, հատուկ լիցենզավորված ապրանքների կամ դրանց հրատապ գնման համար է:

Մի քանիսն էլ եղել են բանակցային ընթացակարգով՝ առանց գնման հայտարարության։

Հիմնական գնորդներն են՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Գիտության պետական կոմիտեն և Հատուկ քննչական ծառայությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter