
Հայաստանի հավաքականը 98-րդն է աշխարհում
ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային ցուցակը, որում Հայաստանի ընտրանին հունիսի համեմատ նահանջել է 1 հորիզոնական ու զբաղեցրել 98-րդ տեղը: Մեր ընտրանու վարկանիշային միավորները մնացել են նույնը՝ 1230, խնդիրն այն է, որ մեծ թռիչք է գրանցել Մադագասկարը, որը, բարձրանալով 96-րդ տեղ, հետ է գցել մյուսներին:
Համաշխարհային վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիան, որին հաջորդում են Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Ուրուգվայը, Պորտուգալիան, Խորվաթիան, Կոլումբիան, Իսպանիան, Արգենտինան:
«Եվրո-2020»-ի ընտրական 10-րդ խմբում Հայաստանի մրցակիցներից լավագույն արդյունքն ունի Իտալիան, որը 16-րդն է (-2), Բոսնիա եւ Հերցեգովինան 43-րդն է (-3), Հունաստանը՝ 54-րդը (-2), Ֆինլանդիան՝ 57-րդը (-1), Լիխտենշտայնը՝ 182-րդը (+1):
Նախկին ԽՍՀՄ երկրներից ամենաբարձր հորիզոնականում Ուկրաինան է (25), Ռուսաստանը 46-րդն է, Բելառուսն ու Ուզբեկաստանը կիսում են 84-րդ տեղը, Վրաստանը 94-րդն է, Ղրղըզստանը՝ 95-րդը: Մյուս հավաքականները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են:
Մեր հարեւաններից Իրանը 23-րդն է, իսկ Թուրքիան՝ 37-րդը, Վրաստանը, ինչպես ասվեց, 94-րդ տեղում է, իսկ Ադրբեջանը՝ 109-րդը:
Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի սեպտեմբերի 19-ին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի
Մեկնաբանել