HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերելակ. «Ես հոգնել եմ, թողեք հանգստանամ»

Ողջույն, ես Վերելակն եմ: 34 տարեկան եմ, ունեմ 32 տարվա աշխատանքային փորձ: Ծնվել 1985թ. Ռուսաստանում, բայց իմ տունը դարձավ Երևանը: Եկա, սկսեցի աշխատանքային գործունեություն ծավալել Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուս փողոցի 22-րդ շենքի 4-րդ մուտքում:

Տասը տարի առաջ կարծում էի, թե կյանքիս մայրամուտին եմ հասել, դե, մեր կյանքի տևողությունը 25 տարի է: Ես էլ որպես միջին վիճակագրական վերելակ սպասում էի կարիերայիս ավարտին: Բայց, ինչպես տեսնում եք, 10 տարի անց էլ վերուվար եմ անում ու դեռ չգիտեմ՝ ինչքան կշարունակեմ այսպես:

«Նոր Նորք վերելակ» ՍՊԸ-ի տնօրեն Արայիկ Միսկարյանն ասում է, որ ֆիզիկապես ու բարոյապես մաշված եմ, բայց շահագործվում եմ առանց մարդու կյանքին վտանգ սպառնալու: Փոխարինված լինելը, իհարկե, երբեք լավ չէ, բայց հուսով եմ՝ չեն սպասում մեկին վնասեմ, նոր փոխեն ինձ: Եթե գինը դա է՝ ես նախընտրում եմ գնալ արժանապատվորեն:

Իսկ մինչ այդ՝ 1-9, 9-6, 6-3, 3-7...

Էսպես էլ ապրում եմ՝ հարկից հարկ գնալով: Ժողովրդի մեջ տարածված խոսք կա՝ կյանքն է էդպիսին. մի օր վերևում ես, մի օր ներքևում: Ամեն անգամ էս մասին հիշելիս իբր կատակում եմ` մտահոգ տոնով ասելով, թե կյանքն աստիճան է: Կարծում եմ՝ կողքիս քար լռությամբ ապրող, իմ պատճառով մեծամասամբ անտեսվող աստիճաններին կատակս այնքան էլ ծիծաղելի չի թվում:

Ամեն դեպքում, մեր շենքում նրանք նույնպես երբեմն ուշադրության կենտրոնում են լինում, երբ ինձ վատ եմ զգում, դադարում աշխատել:

Գործադուլներիս մասին պատմեմ: Դրանք երկու պատճառով են լինում. երբ ինձ վատ եմ զգում հոգեպես, կամ ֆիզիկապես:

Գիտեք, մենք՝ վերելակներս, շատ սրտաբաց- դռնբաց ժողովուրդ ենք: Ընդունում ենք բոլորին, բայց մեկ-մեկ հյուրընկալությունը չարաշահում են, մեզ հարվածում, կոպիտ վարվում: Ժամանակ առ ժամանակ նեղանում եմ, դռներս փակում ու ուզում ինքս ինձ հետ մենակ մնալ: Այդ պահերին ամեն լույս մարում է իմ մեջ: Դե հա, երբեմն նեղանալու լավագույն ժամանակը չեմ ընտրում, ինչ-որ մարդիկ ներսից են ականատես լինում իմ խավարմանը, լռությանն ու կանգին, բայց եթե հետս լավ վարվեն, նման սև օրեր կյանքումս քիչ կլինեն, ազնիվ վերելակի խոսք:

Առողջական խնդիրներ նույնպես կան, դե, հասկանու՞մ եք, էլ էն ջահելը չեմ: Ասում են՝ մարդիկ պարբերաբար պիտի բժշկի գնան՝ ստուգումներ անցնելու, անգամ եթե գանգատներ չունեն: Վերելակային կյանքում էլ է էդպես. տարին մեկ ինչ-որ մարդիկ գալիս են առողջությունս ստուգելու: Ինձ մոտ վերջին անգամ ապրիլին եկան, դրական եզրակացություն տվեցին, ասացին՝ շարունակիր ապրել և աշխատել:

Ամենամյա ստուգումները շատ կարևոր են ու ասում են՝ նաև մատչելի՝ 3000 դրամ: Էդ թվերից ու դրամներից շատ չեմ հասկանում (ես միայն 1-9 հաշվել գիտեմ), բայց երբեմն դրանք տեսնում եմ իմ ներսում՝ պատերին փակցված: Բնակիչները դա «Լիֆտի փող»-ի ցուցակ են անվանում, ու չնայած գումարն իմն է, կարծում եմ՝ այնքան էլ նպատակային չի ծախսվում: Իսկ նպատակն այն է, որ իմ աշխատանքային բոյկոտների ժամանակ մասնագիտացած վերելակ նորոգողները գան ու «սիրտս շահեն»: Սիրտս, ի դեպ, երկու բանալի ունի, որոնցից մեկը 8-րդ հարկում բնակվող Ամալյայի տանն է: Իրեն հարցրեք՝ կասի՝ ինչքան հազվադեպ են գալիս այդ մարդիկ, կամ չի ասի, որովհետև չի հիշի՝ այնքան վաղուց էր:

Նրանց փոխարեն այդ առաքելությունը ստանձնել են շենքի տղամարդիկ. հենց որոշում եմ չշարժվել կամ որևէ մեկի հետ մենակ մնալ հարկերից մեկում, գալիս են, ինձ մի քիչ քաշքշում, նորից ուղարկում աշխատանքի: Կարծում եմ՝ մասնագետներն ավելի նրբորեն կանեն նույնը (հետո ինչ, որ 320 կգ կարող եմ տանել, ես էլ հոգատարության կարիք ունեմ): Երբ էս մասին հարցրել են մեր համատիրության պետ Ռոբերտ Հարությունյանին, ասել է, որ բնակիչները քիչ են վճարում, թաղապետարանը միայն մեկ հերթապահի է կարողանում աշխատանք տալ, որն էլ երբեմն զբաղված է լինում կամ հեռու լինելու պատճառով չի կարողանում արագ հասնել: Ինձ «կյանքի վերադարձնելը» դառնում է բնակիչների աշխատանքը: Ի դեպ, նրանք այս ոլորտում հմտություններ ձեռք են բերում դեռ մանկության տարիներից:

Հանուն արդարության և ի պաշտպանություն ինձ` նշեմ նաև, խափանվելս միշտ չէ, որ իմ ցանկությամբ է: 8-րդ հարկի Ամալյային հիշու՞մ եք՝ սրտիս բանալու տիրակալին, փոքր երեխա էր, եկավ ինձ մոտ, իր ուզած հարկ գնալու հրահանգի փոխարեն սկսեց դեղին-կարմիր կոճակներ սեղմել:

Ես էսպիսի պայմաններում չեմ կարող աշխատել...

Տարիներ անց նրա քույրիկի՝ Միլենայի հետ երկար ժամանակ անցկացնելու հնարավորություն ունեցա: Մի քիչ վախեցավ ինձ մոտ, բայց հայրը եկավ, հանեց:

Ես իմ շենքի բնակիչներին սիրում եմ: Իրենք ինձ մեծամասամբ չեն նկատում, նկատելու դեպքում էլ՝ միայն ցավեցնելով: Ամեն դեպքում 32 տարին քիչ չէ՝ կապվել եմ: Ժամանակին բակում աղմկող երեխեքը իմ աչքի առաջ են մեծացել, գնացել դպրոց, համալսարան: Հիմա էլ իրենց երեխաներին են ինձ հետ բակ ուղարկում՝ աղմկելու:

Նրանց մեծանալն էլ կուզեի տեսնել, բայց, հասկանու՞մ եք, մեկ-մեկ ուզում եմ ասել՝ ես հոգնել եմ, արդեն ծեր եմ, թողեք հանգստանամ:

Քաջազնունի 6 շենքի 47-ամյա վերելակները

Մի օր Աննան որոշեց գնալ խանութ գնումներ կատարելու, և, երբ վերելակով բարձրանում էր տուն, վերելակը կանգնեց։ Աղջիկը պատմում է, որ այդ ժամանակ իր մոտ հեռախոս չկար, որպեսզի զանգահարեր ինչ-որ մեկին, և որոշեց գոռալ՝ օգնեցեք, ես վերելակի մեջ եմ մնացել։ Բայց ոչ ոք չարձագանքեց։ Սկզբում վախեցավ, որ այլևս դուրս չի գա վերելակից, ոչ ոք չի օգնի իրեն, հետո որոշեց ինքնուրույն բացել վերելակի դռները։ Եվ ստացվեց։ Աննան պատմում է, որ դուրս գալուց հետո ուրախ էր, որ երկու հարկերի մեջտեղում չէր մնացել, թե չէ գործը գլուխ չէր բերի։

Պատմությունը Քաջազնունի 6 շենքի 4-րդ մուտքի վերելակի մասին է։ Այս շենքի վերելակները մոտ 47 տարեկան են, շահագործվում են 1972 թվականից: Արտադրվել են Սպիտակ քաղաքում, մինչեւ 1988-ի երկրաշարժը Սպիտակում վերելակների արտադրություն կար: Վերելակները սպասարկում է «Երվանդ Քոչար» համատիրությունը։

1.jpg (90 KB)

«Սկզբնական շրջանում վերելակը երեխաների համար ճոճանակ էր դարձել»,- պատմում է շենքի առաջին բնակիչներից Արուսյակ Առուստամյանը։ Նրա խոսքով` եղել են դեպքեր, երբ մնացել է վերելակում։ «Ո՞վ չի մնացել, բոլորս էլ մի օր մնացել ենք», - ասաց նա:

Արուսյակ Առուստամյանն ասում է, որ վերելակը երբեմն փչանում է բնակիչների անփույթ վերաբերմունքի պատճառով. վերելակի դռները ձեռքերով պահում են, կեղտոտում են, հարվածում դռներին:

Համատիրության կառավարիչ Վարուժան Խոջագորյանի խոսքով՝ մայիս-հունիս ամիսներին վնասվել էր նույն վերելակի թոկերից մեկը, որը վերանորոգվել է։

«Այդ ժամանակ վերելակում մարդ չէր մնացել, պարզապես բնակիչները նկատել էին, որ չի աշխատում ու զանգահարել էին մեզ»,- ասաց նա։

2.jpg (103 KB)

Վերելակը վերջին անգամ փորձաքննություն է անցել 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ Փորձաքննությունն իրականացրել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Փորձաքննության արդյունքում վերելակին տրվել է դրական եզրակացություն, և թույլատրվել է դրա հետագա շահագործումը։

Համատիրությունում չկար վերելակի տեխնիկական անձնագիրը, Վարուժան Խոջագորյանը պարզաբանեց, որ մինչև իր նշանակումը համատիրությունը չէր սպասարկում տվյալ վերելակները, և մոտ 3 վերելակի անձնագիր է պահպանվել։

3.jpg (203 KB) 4.jpg (204 KB) 5.jpg (206 KB)

Վերելակների տեխնիկական անձնագրերի փոխարեն համատիրության կառավարիչը ցույց տվեց իրենց անվտանգության մատյանը, որտեղ արձանագրում են վերելակների վիճակը, վերանորոգման ամսաթվերն ու այլ մանրամասներ։ 

Շենքի վերելակները նորոգում են Վահե Քոչարյանն ու Նորայր Մարտիրոսյանը։ Երկուսն էլ ունեն համապատասխան վկայականներ։

6.jpg (116 KB)

Նրանց խոսքով` հիմնականում փչանում են վերելակի կոճակները, հարկային անջատիչը։ Հաճախակի անսարքության պատճառ դառնում է այն, որ մարդիկ պահում են վերելակի դռները, որպեսզի ուշ փակվեն, այնինչ վերելակի դռները պետք է փակվեն 7-8 վայրկյան հետո։

«Հիմա, որ Վահեն տուն գնա, արդեն Նորիկը կհերթափոխի, եթե մինչև առավոտ ինչ-որ մեկը մնա վերելակի մեջ, իրեն են զանգում, կամ ինձ են ասում, որովհետև ԱԻՆ-ից որ գալիս են, վերելակի դռները ջարդում են, մեզ համար դա խնդիր է, որովհետև մի 2 օր պիտի վերանորոգենք»,- նշեց կառավարիչ Խոջագորյանը և ցույց տվեց, թե ինչ գործիքով են բացում վերելակի դռները, եթե մարդ է մնում վերելակի խցիկում։

Խոսելով վերելակների անհրաժեշտ սարքերի մասին՝ համատիրության կառավարիչը նշեց, որ կան սարքեր, որ շատ դժվարությամբ և պատահական են գտնում շուկայում, երբեմն էլ ստիպված են լինում օգտագործված սարքեր գնել՝ ժամանակավոր լուծման համար, մինչև նոր սարքեր ձեռք կբերեն։

«Եղել է դեպք՝ ընկերոջս եմ ասել Ռուսաստանից որոշ դետալներ ուղարկի, ու մի 5 ամիս կարողացանք օգտագործել դրանք» - ասաց նա։

«Երվանդ Քոչար» համատիրությունը սպասարկում է 29 շենք և 72 վերելակ։ Համատիրության կառավարչի խոսքով՝ քաղաքապետարանի՝  նոր վերելակներ տեղադրելու վերաբերյալ ծրագրով հնարավոր կլինի փոխել 72 վերելակներից միայն մեկը։

50-ամյա վերելակը

«Նոր վերելակի նախագծերի մասին խոսելիս ամեն տարի ասում են՝ ձեր վերելակը կա, ձեր վերելակը կա, ու այդպես անցավ 60 տարի»,- պատմում է Հերացի 24 հասցեի բնակիչ 82-ամյա Սվետլանա Գևորգյանը։

7.jpg (146 KB)

11 հարկանի բնակելի շենքի այս 50-ամյա վերելակը տարիներ շարունակ իր կոճակը «կիսում է» կողքի վերելակի հետ: Բնակիչների խոսքով՝  այն ժամանակ, երբ երկու վերելակներն էլ աշխատում էին, որ վերելակը առաջինն էր գալիս, դրանից էլ օգտվում էին։

Ամենաերկարը վերելակից օգտվել է 4-րդ հարկում բնակվող Սվետլանան: Նա պատմում է, որ երկրորդ վերելակը վաղուց է, ինչ  չի աշխատում․ «Ասեցին, որ համապատասխան մասեր չկան, ու դադարեցրին վերելակի շահագործումը»։

Վերելակն արտադրվել է Ռուսաստանում: Վերջին անգամ ստուգվել է 2018 թվականի փետրվարի 5-ին։ Արդյունքում թույլատրվել է դրա հետագա շահագործումը։

«Կենտրոն» համատիրության վերելակների շահագործման բաժնի առաջատար մասնագետ Գևորգ Մելքոնյանն ասում է, որ ամեն օր ստուգումներ են իրականացնում, բնակիչներն էլ գոհ են իրենց աշխատանքից։ Շենքի երկրորդ վերելակն էլ վաղուց չի շահագործվում՝ բացասական եզրակացության պատճառով։

«Վերելակի անսարքության պատճառ հաճախ դառնում են որոշ դետալներ։ Հաճախակի հանդիպող խնդիր է հոսանքի տատանումը։ Խոշոր դեպքեր չեն եղել։ Ըստ կանոնի օգտագործելու դեպքում՝ ոչինչ չի լինի»,- ասա Գևորգ Մելքոնյանը: Ասում է, որ վերելակը կարող է տեղափոխել մինչև 320 կգ, այնինչ բնակիչները մինչև 500 կգ քաշով իրեր են բարձրացնում։

Ռիտա Գևորգյանի խոսքով` վերելակը հին է, անմխիթար վիճակում է և վաղուց չի վերանորոգվել։

Հերացու փողոցի մյուս շենքերի վերելակները նույնպես տարիքով չեն զիջում մյուսներին:

Հերացի 20 և 22 շենքերի վերելակներից օգտվելու համար հարկավոր է նախևառաջ բացել վերելակի դուռը։

«100 տարվա վերելակ ա, բայց էս 4-5 տարի ա մեջը մարդ չի մնացել, եթե մնում էլ են, սետկայով դուրս են գալիս»,- պատմում է Հերացի 20 շենքի բնակիչը։

Բնակիչներն ասում են՝ հնությունը անսարքություն չէ,  ոմանք էլ կարծում են՝  նոր վերելակի դեպքում խնդիրներն ավելի շատ կլինեն։

 

Վերելակի օրագրից

Արշակունյաց 32 հասցեում ինձ տեղադրել են 43 տարի առաջ: Կողքիս մի վերելակ էլ կա, 25 տարի է չի աշխատում:

Շենքի բնակիչների խոսքով` երբեք էլ չի աշխատել: Թվում է, թե ես էլ վաղուց պիտի անցած լինեի վաստակած հանգստիս, բայց արի ու տես, որ շարունակում եմ ծառայել ու գրեթե միշտ դժգոհություններ լսել:

Սարսափելի է, երբ դու ստեղծվել ես մարդկանց իրենց բնակարանները բարձրացնելու համար, բայց դրան զուգահեռ այլ նպատակների համար ես ծառայում:

Երբեմն գրատախտակ՝ սիրո խոստովանությունների համար, երբեմն` աղբաման, երբեմն` նույնիսկ կարիքները հոգալու վայր: Քեզ երբեք այդ ամենի համար շնորհակալություն չեն հայտնում, ընդհակառակը, բողոքում են, որ լավ չես ծառայում, շուտ ես փչանում:

Երեխաները ոտքերով հարվածում են պատերիդ, երիտասարդները` մաստակ փակցնում, ավելի մեծերը՝  ծխախոտ հանգցնում վրադ: Ախր ցավում է, չէ՞:

8.jpg (65 KB)

Այս 43 տարիների ընթացքում ինչեր ասես, որ չեմ տեսել, շենքի ամեն բնակչի, ամեն հյուրի մասին գիտեմ ավելին, քան իրենց տան անդամներն ու հարազատները:

Ինձ նույնիսկ չեն հասկանում վերելակ նորոգողները: Գալիս փնթփնթում են վրաս: Ախր բա՞րդ է հասկանալ, որ ես նախատեսված եմ 25 տարի աշխատելու համար, բայց անցել է գրեթե կրկնակի:

Երբ ես անսարք եմ, մյուս մուտքի վերելակն է օգնության հասնում բնակիչներին:

Մի քանի տարի առաջ 12-րդ հարկի Աշոտին ու իր կնոջը ներքև էի իջեցնում, չգիտեմ՝ ինչպես ստացվեց, ցած ընկա, բարեբախտբար 6-րդ հարկում կանգ առա: Շատ էին վախեցել: Կինը մի քանի ամիս շարունակ չէր օգտվում ինձնից:

8-րդ հարկի բնակչուհի Գայանեն էլ միշտ բոլորին պատմում է, որ շենքում բոլորը վերելակի վճարումները ճիշտ ժամանակին են անում, բայց երբ նորոգելու ժամանակն է գալիս, ոչ ոք հաշվի չի առնում նորոգելու համար հավաքված գումարը:

Մի քանի օր առաջ լսեցի, որ սպասարկման գինը թանկացնելու են 20-30%-ով: Բնակիչները դժգոհ են: Ասում են՝ պիտի աշխատի, որ վճարենք, էս քոսոտի համար գին էլ են թանկացնում: Վիրավորվեցի, բայց ինչ արած:

5-րդ հարկում դռներս գրեթե չեն բացվում, բնակիչները հրելով են բացում:

11-րդ հարկի բնակչուհի Լյուդմիլան էլ ասում է՝ «Խաչակնքվելով ենք վերելակ մտնում, ամեն պահի կարող է փչանալ»: Ես փորձում եմ աշխատել այնքան, որքան կներեն ուժերս:

Համատիրության նախագահին էլ են դիմում,  ասում է. «Մեր գործը անվտանգություն ապահովելն է, նորոգելը բնակիչների գործն է»: Մեղադրում է շենքում ապրող վարձակալներին անպատասխանատու և անփույթ վերաբերմունքի համար:

Համատիրության նախագահը համաձայնում է, որ ես երկար տարիներ եմ ծառայել,  բայց ինձ վերանորոգելու համար բավարար ֆինանսական ռեսուրսներ չունի:

Բարդ է, շատ բարդ է վերելակ լինելը:

Հեղինակներ

Նյութը պատրաստել են ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ`
Սոնա Գրիգորյանը, Անյա Սարկիսովան, Գայանե Հովսեփյանը, Արուսյակ Կապուկչյանը 

Առաջին տեսանյութը` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանություններ (1)

Yerevan2800
Լավ էիք գրել խնդրի մասին այդ ոճի մեջ, լավն էր խնդրի արծարծումը այդպես սիրուններ ջան, ցանկանում եմ էլ ավելի ստեղծագործական զարգացումներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter