HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել. փոխհատուցման գումարը 1 մլն 608 հազար եվրո է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Հայաստանի դեմ աննախադեպ վճիռ է կայացրել: Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է 1 մլն 608 հազար եվրո վճարի քաղաքացի Յուրի Վարդանյանին: Վճիռն աննախադեպ է այնքանով, որ այս մեկ գործով փոխհատուցման գումարն ավելին է, քան Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ-ի բոլոր վճիռներով փոխհատուցման հանրագումարը: 

Նշենք, որ Վարդանյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ-ը դեռևս 2016թ. հոկտեմբերի 27-ի վճռով ճանաչել էր Վարդանյանի արդար դատաքննության, ինչպես նաև սեփականության իրավունքի խախտումները, իսկ արդարացի փոխհատուցման հարցը թողել էր հետագա լուծման, ինչին անդրադարձել է այսօր:

Յուրի Վարդանյանն ապրել է Երևան քաղաքի Բուզանդի 13 հասցեում, որտեղ սեփականության իրավունքով ունեցել է 395.6 քմ մակերեսով տուն, 1,385.6քմ մակերեսով հողատարածք: Այն գերակա շահ է ճանաչվել և անցել պետությանը: ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ վերականգնումը հնարավոր չէ, քանի որ տունը քանդված է, իսկ հողամասն օտարվել է երրորդ անձանց: Ուստի, դատարանը համարել է, որ պետք է տրվի նյութական վնասի հատուցում:

Կառավարությունը որպես փոխհատուցման գումարի չափ առաջարկել է մոտ 893 հազար 916 եվրո, ինչին դեմ է եղել Յուրի Վարդանյանը: Նա ներկայացրել է հաշվարկներ, որոնք մի քանի անգամ գերազանցել են կառավարության առաջարկած փոխհատուցման գումարի չափը:

Այս գործն առանձնահատուկ էր նաև նրանով, որ ՄԻԵԴ-ը դեռևս 2016թ. հոկտեմբերի 27-ի վճռով արձանագրել էր, որ Վճռաբեկ դատարանի այն ժամանակվա նախագահ Արման Մկրտումյանը (ՄԻԵԴ-ի վճռի տեքստում նշված է որպես judge M.) թույլ է տվել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում: Մկրտումյանը, որպես դատավոր, օբյեկտիվ դիրքորոշում չի ցուցաբերել՝ խախտելով մարդու արդար դատաքննության իրավունքը:

36 փաստաբաններ նամակ էին ուղարկել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ խնդրելով հայտնել, թե արդյոք հանձնաժողովը հարուցել է կարգապահական վարույթ Արման Մկրտումյանի նկատմամբ: Մկրտումյանի նկատմամաբ այդպես էլ վարույթ չհարուցվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter