HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշոտ Կարապետյան. «Քլորելան կարող է փրկել Սեւանը»

«Քլորելան կարող է «ծաղկած» Սեւանի փրկության տարբերակներից մեկը լինել»,-ասում է ցանցային մասնագետ, գյումրեցի Աշոտ Կարապետյանը: Նա պատրաստվում է վերականգնել 2014-15թթ. իր սկսած եւ 4 տարի առաջ դադարեցրած քլորելայի արտադրությունը: Նրա՝ ««Քլորելա Վուլգարիս» ջրաբույսերի արտադրությունը` որպես կերային հավելուկ» ներդրումային ծրագիրը ներկայացվել էր հուլիսի 20-ին, Գյումրիում կայացած «Իմ քայլը հանուն Շիրակի» գործարար համաժողովին եւ տեղական արտադրանքի ցուցահանդեսին: 

«2 մլն 800 հազար դրամի ներդրումային ծրագիր է, որից 1 մլն 300 հազարն իմ ներդրումն է սարքավորումների ու տեխնոլոգիայի տեսքով, իսկ աջակցությունն ինձ պետք է առավել ստերիլ տարածք ունենալու եւ լիցենզիայի համար,-ասում է Աշոտ Կարապետյանը,-վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարզպետն անձամբ ներկայացրեց ու նշեց հատկապես Սեւանի փրկության համար կիրառելի տարբերակը: Ագրարային ակադեմիայի ռեկտորին շատ հետաքրքրեց քլորելան, խոստացավ իրենց մասնագետների հետ ուսումնասիրելուց հետո արձագանքել»:

Քլորելան կանաչ ջրաբույս է: Համարվում է աշխարհում ամենաօգտակար հավելումներից մեկը: Քլորելան համարվում է վիտամինների, սպիտակուցների, հակաօքսիդանտների շատ հարուստ աղբյուր: Ունի վառ արտահայտված հակաբիոտիկ, հակասեպտիկ, օրգանիզմը վերականգնող եւ թունազերծող հատկություն, բարձրացնում է դիմադրողականությունը, նորմալացնում արյունաստեղծ գործընթացը: Ցուցված է եւ մարդկանց, եւ կենդանիների օգտագործման համար: Քլորելայի գյուտը պատկանում է բուլղարացի գիտնականներին: Աշոտ Կարապետյանի փոխանցմամբ, քլորելայով հայ գիտնականները զբաղվել են 1960-ականներին:

«Բազմաթիվ ուսումնասիրություններ, հոդվածներ կան քլորելայի մասին: Հայտանագործել են բուլղարացիները, բայց հիմա աշխարհում տարբերակվում են քլորելայի արտադրության ռուսական եւ ճապոնական եղանակները: Ռուսականի դեպքում գործածվում է հեղուկ տարբերակը, իսկ ճապոնացիները զտում են ջրային մասսան ու վաճառում հաբերի ձեւով: Ես քլորելայի շտամը՝ մերանը, բերել եմ Սարատովից: Նախորդ անգամ իմ գործունեությունը դադարեցրեցի, որովհետեւ տեխնոլոգիան փչացրել էի, հիմա կրկին վերադարձել եմ այդ գաղափարին, քանի որ Հայաստանում մեծ զարգացում է ստանում ինտենսիվ անասնապահությունը»,-ասում է Աշոտ Կարապետյանը:

Բարձր ցուցանիշներ ստանալու նպատակով ֆերմերները ձգտում են ներմուծել անասունների արդյունավետ ցեղատեսակներ, որոնց համար կիրառում են կերային հավելումներ: «Սակայն կերային հավելումները հաճախ քիմիական ծագման են կամ գենամոդիֆիկացված: Բացի դրանից, կերը, լինելով թանկ, ազդում է արտադրանքի արժեքի վրա, ինչի հետեւանքով խանութներում վաճառվող կաթնամթերքի գները մի քանի անգամ տարբերվում են գյուղական բնական կաթնամթերքի գներից՝ զիջելով նրանց թե´ որակով, թե´ էկոլոգիապես,-նկատում է զրուցակիցս,-սա հաշվի առնելով եմ առաջարկ ներկայացրել քլորելայի արտադրության հետ կապված, որպեսզի բնական ծագման հավելումներ օգտագործվեն»:

Քլորելան պարունակում է 665 տեսակի նյութ՝ 40 տեսակի ամինաթթու, 15 տեսակի վիտամին, միներալներ, հակաօքսիդանտներ եւ այլն: Հեղուկ քլորելայի պահպանման ժամկետը 10 օր է: Ժամկետանց, հին բուսահյութից տիղմի, ջրիմուռի հոտ է գալիս: Որպես կերային հավելում կենդանիներին տրվում է վերարտադրման շրջանում՝ կովին տարին մեկ անգամ, խոզին՝ երկու, ճագարին շատ ավելի մեծ հաճախությամբ եւ այլն: Աշոտի փոխանցմամբ, մարդիկ եւս կարող են օգտագործել քլորելա, օրական չափաբաժինը` 200 գրամ, մեկ ամիս տեւողությամբ, եթե կարիք ունեն ուժերը վերականգնելու: Քլորելան հաջողությամբ ճնշում է գրիպի հարուցիչը. Աշոտն ասում է՝ անձամբ է փորձել իր վրա:

«Սեւանի պարագայում կարող եմ ասել, որ քլորելայի շտամը կվերացնի Սեւանում առկա շտամը, այսինքն` քլորելայի գործադրմամբ կարող ենք լուծել այդ հարցը,-պնդում է Աշոտը,-աշխարհում բազմաթիվ փորձեր կան, որ տարբեր ջրամբարներ լցրել են, ինքը վերացրել է էդ կապտկանաչավուն ջրիմուռը: Բավարար կլինի 1 հա-ի համար օգտագործել 20 լիտր քլորելա: Ազգային անվտանգության տեսանկյունից նաեւ շատ կարեւոր է քլորելայով կեղտաջրերի մաքրումը»:

Աջակցության դեպքում Աշոտ Կարապետյանը պատրաստ է ներկայացուցչություններ ունենալ մի շարք համայնքներում` նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը: Քլորելայի վաճառքի գինը 1 լիտրը 180 դրամ կլինի՝ շատ ավելի էժան, քան որոշ ոչ օգտակար հյութերի արժեքն է:

Մեկնաբանություններ (1)

Զոհրաբ Հովհաննիսյան
Հարգելի Աշոտ Կարապետյան եթե այս հոդվածում նշված հատկությունները իրական են ուրեմն համարեք որ ես այն մարդն եմ որ ունեմ հետաքրքրություն այդպիսի ջրաբույսերի արդյունաբերության համար իսկ ձեր պահանջած ներդրումը ես կանեմ որպես գործընկեր, եթե ուենք հետաքրքրություն խնդրում եմ զնագահարել ծրագիրը մանրամասնելու համար իմ Գյումրիի համարով 5-92-73 կամ բջջային 093-304-305

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter