HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանահայերի եռօրյա ուխտագնացությունը Սուրբ Թադեի վանք հավակնում է UNESCO-ի գրանցմանը

Իրանի ասֆալտապատ ու արագընթաց ճանապարհը, Չալդրանի Ղարաքիլիսա գյուղ տանող ուղղությամբ թեքվելուց հետո, ավարտվում է սարերի արանքում: Հենց այդտեղ հազարից ավել գույնզգույն վրաններ են տեղադրված այս օրերին: Իսկ մեջտեղում խոյանում է հայկական Թադևոս առաքյալի անունը կրող վանքը, որը, ըստ ավանդության, հիմնադրել է Թադևոս Առաքյալը 66 թվականին:

Ամեն տարի՝ Վարդավառին հաջորդող հինգշաբթի, Սուրբ Թադեի վանքն իր շուրջն է հավաքում Իրանի հայ համայնքին (միայն այս տարի որոշ իրադարձությունների հետ զուգադիպելու պատճառով այն Վարդավառի նախօրեին է կազմակերպվել): Եվ այդպես՝ արդեն 65 տարի:

Իրանի տարբեր քաղաքներից` Սպահանից, Թեհրանից, Թավրիզից, Ուրմիայից և այլ վայրերից հայերը ուխտագնացության են գալիս այստեղ և երեք օր մնում վրաններում:

Իրանի բոլոր օրենքները մնում են Սուրբ Թադեի տարածքի մոտ տեղադրված արգելափակոցից դուրս: Արգելափակոցի ներսում հայտնվում ես հայկական «օազիսում»` հայկական երգ-երաժշտություն, հայալեզու զրույցներ, առանց գլխաշորերի կանայք, քեֆ-ուրախություն, ալկոհոլային խմիչքների տեսականի:

Իսկ այս ամենը հսկում են Իրանի հատուկ ծառայության անձնակազմի ներկայացուցիչները. նրանք պարտավորված են ապահովել իրենց երկրում ամենամեծ քրիստոնյա ազգային փոքրամասնության անվտանգությունը:

Ավանդական դարձած այս ուխտագնացությունն ուրույն իրադարձություն է դարձել, որը չի ցանկանում բաց թողնել յուրաքանչյուր իրանահայ. այստեղ հանդիպում են բարեկամները, ընկերները, նոր ծանոթություններ են ձեռք բերվում, երեք օր միասին ժամանակ են անցկացնում, երգում, պարում, ուրախանում են:

Ուխտավորները հավատում են, որ Սուրբ Թադևոսից աղերսած յուրաքանչյուր երազանք, խնդրանք կամ ցանկություն իրականություն է դառնում:

Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և արհեստների պետական կազմակերպությունում Իրանի պատմական եկեղեցիները համակարգող հայազգի Շերլին Ավետյանն այս ուխտագնացությունը UNESCO-ի ոչ նյութակա արժեքների ցանկում գրանցելու փաթեթն արդեն պատրաստել և ուղարկել է: 2020 թվականին պարզ կդառնա` կգրանցի՞ UNESCO-ն այս ուխտագնացությունը որպես իրադարձություն: Շերլինը մեծ հույս ունի, որ այն կգրանցվի որպես ոչ նյութական արժեք:

UNESCO­-ի համաշխարհային ժառանգություն համարվող նյութական արժեքների ցանկում արդեն իսկ 2008-ին գրանցվել են Սուրբ Թադեի վանքը, Սուրբ Աստվածածին եկեղեցին և Հովվի մատուռը: Սպահանի հայկական Նոր Ջուղա թաղամասում գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու փաթեթը ևս պատրաստվել և ուղարկվել է գրանցման:

Ուխտավորների առաջին խումբն այստեղ եկել է 1954 թվականին, երբ չի եղել ո'չ ճանապարհ, ո'չ ենթակառուցվածքներ և ո'չ էլ որեւ փոխադրամիջոց: Ջորիներով բեռնված ուխտավորների նկարները արխիվներում պահպանվել են:

Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Չիթճեանը մեզ հետ զրույցում պատմում է, որ իր նախրոդներից Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանը մի քանիսին ուղարկել է Սուրբ Թադե, և վերջիններս իրենց հուշերում արձանագրել են, որ վանքից գրեթե բան չէր մնացել, մարդկային ոսկորների մնացորդներ են հավաքել տարածքից և թաղել, երեք օր վանքի հատակը քերել են, որ քայլել կարողանան, վանքն իր փայլից զրկված է եղել:

Ի վերջո, 1954 թվականին որոշել են կարևորություն տալ լեռներում մնացած հոգևոր կենտրոններին, և թեմական խորհրդի հետ միասին առաջին  ուխտագնացությունն է կազմակերպվել: Ճանապարհ չի եղել դեպի Թադեի վանք, քարերով նշագրել են ուղղությունը: Այդպես հիմք է դրվել ուխտագնացությանը:

«Եռօրյա ուխտագնացությունը վանքի կարևորությունը շեշտելու համար է, հատկապես Սուրբ Թադեի վանքը, որը մեր հավատքի ծննդավայրն է,- ասում է եպիսկոպոս Չիթճեանը,- սա հազվագյուտ է այսօր, ո՞վ ունի եռօրյա ուխտագնացություն»:

Սուրբ Թադեի վանքը մի քանի անգամ վերանորոգվել է: Այն այժմ էլ նորոգումների մեջ է: Վերջին անգամ նորոգել են եկեղեցու գմբեթը, իսկ այսօր եպիսկոպոս Չիթճեանն օծեց Սուրբ Թադեի նոր դուռը, որը հնի նմանությամբ պատրաստվել և տեղադրվել է օրերս:

Ուխտագնացությունը կավարտվի վաղը` մեծ պատարագով, վրանները կփակվեն, Թադեի վանքը կվերադառնա իր բնականոն աշխատանքին` ընդունելով նաև մուսուլմանադավան քաղաքացիների, որոնց մուտքը հայկական եկեղեցիներ արգելված է արարողությունների ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter