
Ալավերդցիները Նիկոլ Փաշինյանից պահանջում են վերադարձնել կառավարության որոշումով իրենց պատկանող պատկերասրահի շենքը
Փոխնախարարը կոչ արեց ալավերդցիներին օրենքից հղումներ չանել
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Նարինե Թուխիկյանը (Խաչատուրյան) հուլիսի 24-ին Ալավերդի էր եկել` հասկանալու, թե 90-ականներին ոնց է տեղի ունեցել «Հայէկոնոմբանկ»-ի կողմից Ալավերդու պատկերասրահի տարածքի սեփականացումը: Տնօրեն Ռաֆայել Ջավախյանը համբերատար ներկայացնում էր անցած 20 տարիներին այդ գործում Սուքիասյանների բոլոր ապօրինությունները: Փոխնախարարը խոստացավ, որ կհանդիպի «Հայէկոնոմբանկ»-ի սեփականատերեր Սուքիասյաններին և նրանց միջոցով կազդի պատկերասրահի շենքի 112,5 քմ տարածքի սեփականտեր Դավիթ Հարությունյանի վրա՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տարածքը պատկերասրահի ազատելու պահանջից հրաժարվելու համար:
«Կխնդրեմ հրաժարվեն այս պահանջից, և հասկանանք վերջապես, որ կարելի է մարդկային հարաբերություններով խրթին հարցերը լուծել՝ մինչև իրավական լուծումը կգտնվի»,- բացատրում էր Ն. Թուխիկյանը:
«Եթե հայց է ներկայացվել ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու մասին, սակայն քննվում է քրեական գործ՝ կապված հայցվորի սեփականության իրավունքի ձեռք բերման կեղծիքների հետ, ապա պատասխանող կողմը կարող է միջնորդություն ներկայացնել քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու պահանջով, որը նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով։ Բացի դա, տվյալ գործով կիրառելի է հայցային վաղեմություն այն հիմքով, որ նման հայց պետք է հայցվորը ներկայացներ այն օրվանից հետո 3 տարվա ընթացքում, երբ իմացել է կամ պարտավոր էր իմանալ իր խախտված իրավունքի մասին, որը պետք է դիտվի սեփականության ձեռք բերման պահը, իսկ սեփականատիրոջ փոփոխությունը հիմք չէ վաղեմության ժամկետի հաշվարկի փոփոխման համար, որի համար պատասխանող կողմը նախնական նիստի ընթացքում կարող է դիմում ներկայացնել դատարանին հայցային վաղեմություն կիրառելու մասին»,-ասաց փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը:
Հիշեցնենք, որ ալավերդցիները Սուքիասյաններից պահանջում են ապօրինի յուրացրած իրենց պատկերասրահի շենքը՝ կապիտալ վերանորոգված վիճակում հետ հանձնել իրենց:
«Մարդկային հարաբերություններով պետք է լուծենք այս խնդիրը: Ես, որ կողքից լսում եմ` այս բանկիրը այսպես, նա շատ փող ունի… վերջ, այդ բանկիրը չի գնա ինչ-որ բանի, ինչքան էլ արվեստ սիրի, ինչքան էլ Ալավերդին սիրի, չի գնա դրան: Ես ինքս չէի գնա, եթե ինձ վրա ուղղակի` առանց հասկանալու հարձակվեին»,- «Հետք»-ին ասաց Նարինե Թուխիկյանը:
Հիշեցնենք, որ «Հայէկոնոմբանկ»-ի կողմից Ալավերդու պատկերասրահի շենքի տարածքը յուրացնելու գործընթացը սկսվել է 1999թ.-ից և շարունակվում է առ այսօր: Անցած 20 տարիներին շենքի յուրացման գործում Սուքիասյանների գործողությունների նկատմամբ ալավերդցիների հարձակման կամ խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող: Սուքիասյաններն ուղղակի 20 տարի շարունակ օգտագործել և այսօր էլ օգտագործում են իշխանական իրենց կապերը և ալավերդցիներից խլել են իրենց պատկերասրահի շենքը:
Վերջերս մեզ հաջողվեց ձեռք բերել Ալավերդու «Քաղառի» լուծարային հանձնաժողովի և պարտատերերի ժողովի 1999թ.-ի ապրիլի 22-ի արձանագրության քաղվածքը, որը հիմք է հադիսացել Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի վճռով պատկերասրահի շենքը գրավի դիմաց որպես խանութ «Հայէկոնոմբանկ»-ի Թումանյանի մասնաճյուղին հանձնելու համար: Պարտատերերի ժողովը «Քաղառի» լուծարային հանձնաժողովի նախագահ Ֆրունզիկ Լալայանի, «Հայէկոնոմբանկ»-ի Թումանյանի մասնաճյուղի այն ժամանակվա տնօրեն, հետագայում Ալավերդի համայնքի ղեկավար Արտավազդ Վարոսյանի, Ալավերդու քաղաքապետարանի ներկայացուցիչ, քաղաքապետարանի նախկին իրավաբան Հ. Թանդիլյանի, «ԱրմենՏել»-ի դուստր ձեռնարկության ներկայացուցիչ Պ. Ապրեսյանի, ԿԶՀ Թումանյանի տարածքային կենտրոնի ներկայացուցիչ Ս. Աբելյանի և «Հայջրմուղկոյուղի ցանց» ՓԲԸ-ի «Ձորագետ» մասնաճյուղի ներկայացուցիչ Է. Վահանյանի մասնակցությամբ սահմանել է «Հայէկոնոմբանկ»-ին Քաղառի 130 մլն դրամ վարկային պարտքի մարման կարգը:«Քաղառի» լուծարային հանձնաժողովը միջնորդել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանին (դատավոր Գ. Այվազյան) պատկերասրահի շենքը 3 մլն դրամ վարկային պարտքի դիմաց հանձնել «Հայէկոնոմբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղին: Այդ ժամանակ «Քաղառի» պարտատերերի ժողովին ներկա գտնվող բոլոր ալավերդցիները տեղյակ են եղել, որ ոչ միայն 1999թ.-ի ապրիլի 22 դրությամբ, այլ դրանից 11 տարի առաջ՝ 1986թ.-ին Ալավերդու Կախոյան 7 շենքում «Քաղառի» թիվ 18 խանութը գոյություն չի ունեցել:
Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանը չի ուսումնասիրել «Քաղառի» լուծարային հանձնաժողովի և պարտատերերի ժողովի որոշման օրինականությունը, շրջանցել է, որ կառավարության որոշումով շենքը Ալավերդի համայնքի սեփականություն է և վճռել է որպես խանութ այն հանձնել «Հայէկոնոմբանկ»-ի Ալավերդու մասնաճյուղին:
Լոռու մարզային քննչական վարչության քննչական բաժնի ավագ քննիչ Արեն Մնացականյանը Քաղառի լուծարային հանձնաժողովի և պարտատերի ժողովի որոշման տակ ստորագրած անձանց ստորագրություններն ուղարկել է փորձաքննության փաստաթղթի օրինականությունը ստուգելու համար: Ավագ քննիչն այդ մասին տեղեկացրեց Թուխիկյանին և ՀՀ ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանին:
Արման Ծատուրյանը դժգոհեց, որ Դավիթ Հարությունյանն ազգային պատկերասրահին դատի է տվել՝ պատկերասրահի շենքը չաժազատելու համար. «Ասում է` այս տարածքը 320 հազար դրամ է, արդեն 8-9 ամիս է` ասում եմ դուրս եկեք տարածքից, դուրս չեք գալիս: Պահանջում է դրա համար 8,1 մլն դրամ վճարել իրեն: Մյուս կողմից քրեական գործ կա հարուցված, որով մենք պնդում ենք, որ դատարանի ապօրինի վճռով պատկերասրահի շենքի ճանաչված սեփականությունը չեղյալ հայտարարվի, որովհետև դատարանն այն ճանաչել է կեղծ փաստաթղթերի հիման վրա»,- հայտնեց Ա. Ծատուրյանը:
Վերջինս ասում էր` պատկերասրահի շենքը չի զիջելու, Ալավերդին ունենալու իր պատկերասրահը: Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի ասելով` «Հետք»-ի նյութերով պատկերասրահի շենքի հետ կապված հարուցված քրգործը տրամաբանորեն ասում է, որ եթե ապօրինության հիմքեր չլինեին, քրգործը վաղուց կարճված և մերժված կլիներ: Որքան հասկանում ենք պատկերասրահը «Հայէկոնոմբանկ»-ին հանձնելու դատարանի վճռի հետ կապված հիմնական փաստաթղթում՝ Քաղառի լուծարային հանձնաժողովի և պարտատերերի ժողովի որոշման արձանագրության մեջ որոշակի ստորագրություններ կան, որոնք ուղարկված են փորձագիտական ուսումնասիրության, որպեսզի քննչական մարմինը կարողանա ապացուցել փաստաթղթի հիմնավորվածությունը: Կա նաև երկրորդ խնդիրը`«Քաղառն» իր պարտքի դիմաց «Հայէկոնոմբանկ»-ին զիջել է մի գույք, որն իրենը չի եղել: Առ այսօր որևէ փաստաթղթում չի երևում, որ քաղխորհրդի գործկոմը պատկերասրահի շենքը երբևէ տվել է«Քաղառին»»,- բացատրեց Սասուն Խեչումյանը:
Ստեղծված իրավիճակում ալավերդցիները վճռական են՝ իրենց պատկերասրահի շենքը Սուքիասյանների կողմից ապօրինի յուրացնելու կանխելու գործում:
Մեկնաբանել