HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տավուշի մարզ. խոստացված, բայց չհրապարակված աշխատատեղեր

Հուլիսի 17-ին Իջևանում փայտի գործով զբաղվողները փակել էին միջպետական ճանապարհը: Ցուցարարների մոտ էր եկել նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Նա փայտի օգտագործման պայմաններից բացի, անդրադարձավ նաև աշխատատեղերի հարցին:

«Վաղը առավոտյան մեր կայքում հայտարարություն կբացվի, վաղվա համար առնվազն 50 աշխատատեղ՝ 8 հազարից 15 հազար դրամ օրական, ինչ աշխատանք ա, ինչ ա իրենից ներկայացնում: Յուրաքանչյուրդ կարող եք գալ մարզպետարան և այդ աշխատանքի առաջարկը ստանալ ու գնալ աշխատել»,-ցուցարարների հետ զրույցում ասել էր Հայկ Չոբանյանը:

Այսօր արդեն հուլիսի 27-ն է և մարզպետարանի կայքում այդպես էլ չգտանք օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով առնվազն 50 աշխատատեղի մասին մարզպետ Չոբանյանի խոստացած հայտարարությունը:

«Հետք»-ը գրավոր դիմել էր Տավուշի մարզպետին` խնդրելով տրամադրել տեղեկություններ, թե մարզում քանի թափուր աշխատատեղ կա, ինչ չափի վարձատրությունով: Հետաքրքրվել էինք նաև, եթե կան թափուր աշխատատեղեր, ապա ի՞նչն է պատճառը, որ մարզի բնակիչները չեն դիմում:

Մարզպետը պատասխանել է, թե առկա թափուր աշխատատեղերում աշխատելու համար բնակիչների չդիմելու պատճառները դեռևս ուսումնասիրված չեն, և նման տվյալների չեն տիրապետում: Այնուամենայնիվ, նշել է, որ հուլիսի 24-ի դրությամբ և համաձայն Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնների ներկայացրած տվյալների, մարզում կա 355 թափուր աշխատատեղ, որն ամենօրյա ռեժիմով թարմացվում է: Գրության մեջ նշված է, որ թափուր աշխատատեղերի ցանկը և աշխատավարձերի չափերի մասին տեղեկատվությունը կարող ենք ստանալ գործակալության ինտերնետային էջից:

Հուլիսի 26-ի դրությամբ, տարածքային կենտրոնները հրապարակել են 418 թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն: Օրինակ՝ Դիլիջանի զբաղվածության կենտրոնը հրապարակել է 71  աշխատատեղի վերաբերյալ հայտարարություն: Ամենաբարձր աշխատավարձով՝ ամսական 300,000 դրամ, ընդամենը մեկ աշխատատեղ կա՝ տեղեկատվական տեխնոլոգիաների սպասարկման մասնագետ: 250,000 դրամ աշխատավարձով ևս մեկ թափուր աշխատատեղ կա, փնտրում են բեռնող մեխանիզմների մեքենավար: Նույն աշխատանքի համար մեկ այլ գործատու պահանջում է 3 աշխատող, սակայն արդեն 200,000 դրամ աշխատավարձով: 3 թափուր աշխատատեղ էլ կա ամսական 150,000 դրամ աշխատավարձով, փնտրում են մանկապարտեզի դայակ, խոհարար, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մնացած աշխատատեղերի համար ամսական վարձատրության չափը 150,000 դրամից պակաս է: Օրինակ՝ 78,000 դրամով առաջարկում են հոգեբույժի, մանկաբույժի, բարմենի և այլ աշխատանք:

Իջևանի զբաղվածության կենտրոնը հրապարակել է 136 թափուր աշխատատեղի վերաբերյալ հայտարարություն: Պարզվում է՝ Իջևանի տարածաշրջանում ամենաբարձր՝ 150,000 դրամ աշխատավարձով ընդամենը 4 աշխատատեղ կա՝ նախագծող, բանվոր և վարորդ: Դրան նախորդող համեմատաբար բարձր աշխատավարձի չափը 120,000 դրամ է: Այդ աշխատավարձով առաջարկում են 4 աշխատատեղ՝ գինեգործի, բանվորի, էնդոկրինոլոգի, մանկական անեսթեզիոլոգի հաստիքներով: Մնացած աշխատատեղերի համար առաջարկվող աշխատավարձը պակաս է 120,000 դրամից:

Նոյեմբերյանի զբաղվածության կենտրոնը հրապարակել է ընդամենը 29 թափուր աշխատատեղի վերաբերյալ տեղեկատվություն: Այստեղ ամենաբարձր՝ 105,000 դրամ աշխատավարձով առաջարկում են հեմոդիալեզի բժշկի աշխատանք: 90,000 դրամ աշխատավարձով պահանջվում է գինեկոլոգ, իսկ դրանից ցածր աշխատավարձերով՝ դեղագործ, հրուշակագործ, հացթուխ, վաճառող և այլն:

Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնում փնտրում են 182 աշխատող: Միայն 67 թափուր աշխատատեղ կա օպերատոր-մեքենավարի հաստիքով՝ ամսական 70-148 հազար դրամ աշխատավարձով: Ամենաբարձր վարձատրվողը անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի, վիրաբուժական բաժանմունքի վարիչի, տեղամասային թերապևտի, մանկաբույժի աշխատանքն է՝ 250,000 դրամ: Ապա 200,000 դրամով պահանջում են ոսկերիչ: Այնուհետև 100-150 հազար դրամ աշխատավարձով փնտրում են մաշկաբան, նյարդաբան, ձեռնոց կարող բանվոր, մեխանիկ և այլն: Թափուր է շտապօգնության երկու հերթապահ բժշկի տեղ՝ 175,000 դրամ աշխատավարձով: Ամենացածրը ուսուցիչների վարձատրությունն է՝ 14 հազար դրամից մինչև 130 հազար դրամ:

Մեկնաբանություններ (1)

Քամ
Հուսով եմ հոդվածը հիմք չի ընդունվի ծառահատումները արդարացնելու կամ վերականգնելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter