HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Իմ ագրիամառը». միջազգային ճամբար Մարտունի գյուղում

12-ամյա Անին Լոս Անջելեսից Հայաստան է եկել Մարտունի գյուղում բացված «Իմ ագրիամառը» ճամբարին մասնակցելու համար։ Սա Անիի երրորդ այցելությունն է Հայաստան։ Գյուղական ճամբարի մասին հորաքույրն է տեղեկացրել, Անին էլ ոգեւորությամբ որոշել է մասնակցել։ «Ես մեկ անգամ եմ գյուղում եղել, բայց մի քանի ժամով, միշտ ուզեցել եմ մնալ գյուղում»,- պատմում է Անին։

Նա եւ 12 հասակակից երեխաներ ճամբարի ընթացքում ապրում են գյուղացիների տներում, նրանց հետ որոշակի աշխատանքներ անում՝ ազնվամորի, խոտաբույսեր հավաքում, պանրի պատրաստման գործընթացին հետեւում, մեղուների աշխատանքին նայում, խոտ հավաքում։ «Էստեղ կարողանում եմ ամեն ինչ անել, էսօր գնալու ենք կով կթելու (ժպտում է -հեղ.), շատ ոգեւորված եմ։ Գյուղի երեխաների հետ ուրիշ է, Ամերիկայում իմ հասակակիցներն ամբողջ օրն իրենց հեռախոսների մեջ են»,- ասում է Անին։

Իսկ Ալեքսանդրը Երեւանից է Մարտունի եկել, նա էլ ճամբարի մասին իմացել է մոր գործընկերների միջոցով։ Ճամբարում ամենից շատ նրան հետաքրքրում էր խոտ հավաքելու պահը, ու այդ պատճառով կազմակերպիչներից անընդհատ հետաքրքրվում էր, թե երբ են գնալու եղաններով խոտ հավաքելու։

Ճամբարի ամենակրտսեր մասնակիցը 7-ամյա Ջուլիոն է, նա Հայաստան է եկել Իտալիայից, հայերեն հասկանում է, իսկ ճամբարի ընթացքում սկսել է նաեւ հայերեն խոսել։

Ճամբարի գաղափարը Սաթենիկ եւ Ազատուհի Խաչատրյան քույրերինն է, «Իմ ագրիամառը» միջազգային ճամբարի նպատակը քաղաքաբնակ դպրոցահասակ երեխաներին գյուղ տանելն ու գյուղացու կյանքին ծանոթացնելն է, նրանց հետ գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը։

«Ինչպե՞ս են մրջյունները հաղորդակցվում միմյանց հետ, ինչպե՞ս են մեղուները խոսում, աշխատում...». այս հարցերն են հուզում ճամբար եկած երեխաներին։ Մեր այցելության պահին նրանք մասնակցում էին դասընթացի եւ նմանատիպ հարցեր էին ուղղում գյուղատնտես Ազատ Խաչատրյանին։ Մարտունեցիները սիրով հյուրընկալել են Հայաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Ամերիկայից գյուղ եկած ճամբարի մասնակիցներին։

Ծրագրին մասնակցում են նաեւ գյուղի երեխաները, ովքեր որպես ուղեկցող օգնում են հյուրընկալվածներին, պատմում գյուղական կյանքի մասին։ Արփինե Երիցյանը ճամբարի ուղեկցողներից մեկն է, ճամբարի ընթացքում առաջնորդել է մասնակիցներին, պատասխանել երեխաներին հետաքրքրող հարցերին։ «Իրենք միշտ հարցնում էին բա ձանձրալի չէ՞ գյուղում, ինչո՞վ եք զբաղվում, ինչպե՞ս են կենդանիներին խնամում։ Ինձ համար կարեւոր էր նոր ծանոթությունը, ես իրենցից ազատություն սովորեցի, իրենք առանց կոմպլեքսների էին խոսում, շփվում, ես էլ սովորեցի»,- ավելացնում է Արփինեն։

Սաթենիկ Խաչատրյանն ասում է` ծրագրի նպատակն է, որ երեխաները ունենան լավ ժամանց, բայց միեւնույն ժամանակ նոր բաներ սովորեն. «Կարեւոր է, որ նրանք գտնվեն մի միջավայրում, որն իրենց առողջության համար լավ է»,- ասում է Սաթենիկը՝ հավելելով, որ երեխայի համար կարեւոր է բացօթյա կրթության գաղափարը եւ էքսպերիմենտալ կրթությունը, երբ երեխան սովորում է իր փորձի միջոցով։

Ճամբարի ընթացքում արշավներ են կազմակերպել դեպի գյուղի մոտակայքում գտնվող ջրվեժ, խնձորի այգիներ, երեխաները քարերի վրա նկարել են, նաեւ բարձրացել են սար, խոտաբույսեր հավաքել՝ խանթափա, երեքնուկ, նանա, ուրց, պարկեր են կարել եւ դրանց մեջ տեղավորել խոտաբույսերը։

Ճամբարի նպատակներից մեկն էլ համայնքի զարգացումն է. ծրագիրը հնարավորություն է տալիս հյուրընկալ ընտանիքներին գումար վաստակելու. քույրերը նպատակ ունեն ընդլայնելու ճամբարը եւ ավելի շատ մասնակիցներ ներգրավելու։

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter