HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվայում բերման է ենթարկվել 1373 հոգի

Մոսկվայում տեղի ունեցած ազատ ընտրություններ անցկացնելու պահանջով ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 1373 հոգի։ Բերման ենթարկվածներից որոշների հանդեպ ոստիկանությունը վարչական վարույթ է սկսել, որոշներին բաց են թողել առանց մեղադրանք առաջադրելու։

Հուլիսի 27-ին Մոսկվայի քաղաքապետարանի դիմաց պլանավորված և իշխանությունների կողմից չարտոնագրված այս ակցիան կապված էր սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի խորհրդարանական ընտրություններում ինքնաառաջադրված անկախ թեկնածուների գրանցումը մերժելու հետ։ Ակցիայի գլխավոր պահանջն էր գրանցել ընդդիմադիր թեկնածուներին և թույլ տալ նրանց մասնակցել Մոսկվայի խորհրդարանական ընտրություններին։

1.jpg (448 KB)
Լուսանկարը՝ Եվգենի Ֆելդման

Նշենք, որ ընտրական հանձնաժողովը մերժել էր ընդդիմադիր անկախ թեկնածուներին գրանցել, քանի որ, ըստ հանձնաժողովի պաշտոնական եզրակացության, նրանց ներկայացրած ստորագրությունների մեջ անվավեր ստորագրությունների թիվը գերազանցել էր թույլատրված շեմը։

Ըստ օրենքի՝ ինքնաառաջադրված թեկնածուները պարտավոր էին սահմանված ժամկետներում ներկայացնել իրենց թեկնածությունը պաշտպանող մարդկանց ստորագրությունները, ինչն էլ անկախ թեկնածուները արել էին։ Հանձնաժողովի որոշումը բողոքարկող բոլոր հայցերը նույնպես մերժվել էին, հանձնաժողովը նաև չէր ընդունել այն քաղաքացիների բողոքները, ում ստորագրությունները անվավեր էին ճանաչվել, չնայած այն հանգամանքին, որ նրանցից շատերը անձամբ էին ներկայանում հանձնաժողով ստորագրությունների իսկությունը ապացուցելու նպատակով։

2.jpg (400 KB)
Լուսանկարը՝ Եվգենի Ֆելդման

Որևէ ընդդիմադիր թեկնածու հնարավորություն չստացավ մասնակցել ընտրություններին։ Ի տարբերություն սրա՝ իշխանական թեկնածուները, որոնք նույնպես ինքնաառաջադրվել էին որպես անկախ թեկնածուներ և նույն կարգով ներկայացրել ստորագրություններ, մերժում չստացան հանձնաժողովի կողմից։ Սեպտեմբերի 8-ի ընտրություններին մասնակցելու են միայն իշխանական թեկնածուները։

Վերը նշված պատճառով հուլիսի 14-ից սկսած Մոսկվայում տեղի էին ունենում բողոքի ակցիաներ, փոքր ցույցեր և ընդդիմադիր թեկնածուների համատեղ հանրահավաքներ, հանդիպումներ ընտրողների հետ։ Հուլիսի 20-ին տեղի ունեցավ արտոնագրված հանրահավաք, որի ընթացքում որոշում կայացվեց հուլիսի 27-ին անցկացնել ավելի մեծ բողոքի ակցիա Մոսկվայի քաղաքապետարանի դիմաց։

3.jpg (246 KB)
Լուսանկարը՝ Եվգենի Ֆելդման

Մեկ շաբաթ անց՝ հուլիսի 27-ի ակցիայի ընթացքում, ոստիկանությունը բիրթ ուժ կիրառեց, բերման ենթարկվեցին և՛ ակցիայի մասնակիցները, և՛ ընդդիմադիր թեկնածուները։ Ժամեր շարունակ Մոսկվայի կենտրոնական փողոցները լի էին ցուցարարներով և ոստիկաններով, ովքեր, տարբեր գործողություններ իրականացնելով, ռետինե մահակներով հարվածում, ծեծում և փորձում էին ցրել ակցիայի մասնակիցներին, խոչընդոտում էին նրանց ազատ տեղաշարժմանը և բերման ենթարկելու նպատակով շրջափակում նրանց։ Ոստիկանները նաև արգելափակել էին մետրոյի որոշ կայարանների ելքերը։

Ոստիկանության գործողությունների հետևանքով շատերը, այդ թվում նաև ընդդիմադիր թեկնածուները, ստացել են մարմնական վնասվածքներ, ավելին, նրանց առաջին բժշկական օգնություն ժամանակին չի ցուցաբերվել։

4.jpg (240 KB)
Լուսանկարը՝ Եվգենի Ֆելդման

Ոստիկանության բիրթ գործողությունները չեն շրջանցել նաև մամուլը։ Այսպես, ոստիկանները մտել են «Դոժդ» հեռուստաընկերության տարածք, «Դոժդ»-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդրա Պերեպելովային հրավիրել են ոստիկանություն` որպես վկա, ընդդիմադիր թեկնածուների դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ավելի ուշ «Դոժդ» հեռուստաալիքի կայքը ժամանակավորապես դադարել է աշխատել Dos հարձակման պատճառով։ «Վարլամով նյուզ» յութուբյան ալիքի հեղինակ, լրագրող Իլյա Վարլամովը քթի կոտրվածք է ստացել ոստիկանության հետ բախումների ժամանակ։

Ոստիկանությունը նաև ներխուժել է ընդդիմադիր, Պուտինի քննադատ և հակակոռուպցիոն գործունեություն ծավալող Ալեքսեյ Նավալնու հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» գրասենյակ, որտեղ այդ պահին մարդ չի եղել։ Ոստիկանները նաև ներխուժել են «Նավալնի լայվ» ստուդիայի տարածք, որն ուղիղ հեռարձակմամբ լուսաբանում էր բողոքի ակցիան։ Այս երկու կառույցներում իրականացվել է խուզարկություն, որից հետո առգրավվել է տեխնիկան, իսկ գրասենյակի աշխատակիցները բերման են ենթարկվել։ Խուզարկությունից հետո գրասենյակների դռները կնքվել են։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին դատարանն արդեն որոշում էր կայացրել Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել 30 օրով, չարտոնված հանրահավաքին մասնակցելու կոչեր անելու համար։

Բողոքի ակցիան ավարտվեց ուշ երեկոյան։ Ըստ որոշ աղբյուրների` ակցիայի մասնակիցների թիվը հասնում էր 20 հազարի։

5.jpg (419 KB)
Լուսանկարը՝ Եվգենի Ֆելդման

Հաջորդ ակցիան պլանավորվում է անցկացնել օգոստոսի 3-ին, ընդդիմադիր թեկնածուներից մեկը հանրահավաքը արտոնելու խնդրանքով դիմել է քաղաքային իշխանություններին։

Օգտագործված աղբյուրները՝ Novayagazeta, Meduza, Tvrain, Epress.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter