
«Թումանյան» կայարանում գծերից դուրս են եկել վառելիքով բեռնված գլանատակառներ
Հուլիսի 29-ին, ժամը 04:10 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Թումանյան» կայարանում գծերից դուրս են եկել վառելիքով բեռնված գլանատակառներ, ինչի արդյունքում հրդեհ է առաջացել, որը մարվել է 07:30: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն:
Զոհեր և վիրավորներ չկան:
Ներկա պահին պարզվում են դեպքի պատճառները, ընթանում են երկաթուղային ենթակառուցվածքի վերանորոգման աշխատանքներ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ պարզել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացած է եղել 29 շարժակազմից, որոնցից 17-ը գլանատակառներ են եղել (50 տ տարողությամբ), 7-ը բեռնված վառելիքով (բենզին), 10-ը հանքաձյութով, 4-ը` ցորենով, 1-ը` ալյումինե շին. նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են (7 հատ): Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:
Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս մեկ մարտական հաշվարկ:
Եվս մեկ մարտական հաշվարկ հրդեհի վայր օգնության շտապելու ճանապարհին Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և 40 մ գլորվել ձորը. կա երկու տուժած:
Հրշեջ-փրկարարները հրշեջ-փրկարարներ Ա.Ս-ին (վարորդ, ծնվ.1986թ.) և Ս.Ա.-ին (ծնվ. 1981թ.) դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:
Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:
ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):
Մեկնաբանել