HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ պարզաբանումներն ավարտվել են երկու անձի դանակահարությամբ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:

Նախաքննության ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչն իր կողմից վարած «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Պտղնի գյուղից ուղևորվել է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում գտնվող հացատուն: Ճանապարհին նա դուրս է եկել «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմաց, ինչի արդյունքում վերջինիս վարորդին թվացել է, որ «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենային:

Հասնելով հացատան մոտ՝ 28-ամյա երիտասարդն ավտոմեքենան կայանել է և մտել հացատուն, իսկ «Mersedes Benz»-ի վարորդն ընկերոջ հետ, իր մեքենան կայանելով նույն վայրում, սպասել է նրան՝ իր ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, ինչը վերաճել է վիճաբանության, որի ժամանկ էլ երիտասարդն իր «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է դանակ և հարվածել «Mersedes Benz»-ի վարորդի աջ աճուկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:  

Մարմնական վնասվածք ստանալուց հետո վերջինս ընկերոջ հետ դիմել է փախուստի, սակայն 28-ամյա երիտասարդը նույն դանակով հարվածել է նաև «Mersedes Benz»-ի վարորդի ընկերոջը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter