
Հրազդանի N7 և Կարենիսի միջնակարգ դպրոցներում նախակրթարաններ են հիմնվում
Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված է (ամայնքների աջակցությամբ) նախակրթարաններ հիմնել Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում:
Այս պահին երկու դպրոցներում էլ ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն օգոստոս ամսին և մինչ նոր ուսումնական տարի կկահավորվեն նոր գույքով, ինչպես նաև կապահովվեն ուսումնական նյութերով և գրականությամբ:
Յուրաքանչյուր դպրոցի նախակրթարան կհաճախի շուրջ 15 սան:
«Այս ծրագրով ևս երկու բնակավայրերում կլուծվի երեխաների նախադպրոցական կրթություն ստանալու խնդիրը: Այսպես քայլ առ քայլ մարզի բոլոր համայնքները ապահովելու ենք նախադպրոցական կրթության հաստատություններով»,-անդրադառնալով Հրազդանի Կաքավաձոր թաղամասում և Կարենիսի դպրոցի տարածքում նախակրթարաններ հիմնելու փաստին՝ ասել է մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Մեկնաբանել