HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեղերի շուկա. դարձ ի շրջանս յուր

Վահե Վարսանյան, «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Նախկին իշխանությունների շրջանն այնքան փակուղային էր ու անհեռանկար, որ միշտ անպատեհ եմ համարել հեղափոխության շրջանում ձևավորված լիցքն ու այն կապիտալիզացնելու հնարավորությունը համեմատել նախկին փտած վիճակի հետ:
20 տարի լինելով դեղերի ներմուծման և իրացման ոլորտում, ղեկավարելով ամենախոշոր դեղ ներկրող ընկերություններից մեկը՝ պետք է արձանագրեմ՝ դեղերի շրջանառության ոլորտում իրավիճակը ավելի վատ է, քան երբևէ:

2016 թվականին ընդունված «Դեղերի մասին» օրենքով առաջիկա ամիսներին ուժի մեջ է մտնելու հետաձգված այն դրույթը, որ նույն ընկերությունն իրավունք չունի զբաղվելու միաժամանակ և՜ մեծածախ, և՜ մանրածախ վաճառքով: Օրենքի այս դրույթն ընդունվել էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի   անձնական հետաքրքրությունները սպասարկելու նպատակով (տե՜ս հղումը՝ Ինչու են բզբզում դեղերի շուկան. գուշակիր «Մեղեդին» ):

Դրույթը փակուղու առաջ է կանգնեցնում բոլոր այն ընկերություններին, որոնք ունեն դեղատնային ցանց և միաժամանակ զբաղված են դեղ ներմուծելով: Այդպիսիք  կազմում են շուկայի մոտ 70 %-ը: Մեր ընկերությունն էլ այս օրերին զբաղված է նախապատրաստվելով, որպեսզի նախ՝ առանձին-առանձին փակենք դեղատները, ապա  զրոյից սկսենք վերալիցենզավորման նոր գործընթաց, որի ժամանակ, ի դեպ,  հարկադիր պարապուրդի ենք մատնվելու:

Վերալիցենզավորման գործընթացը ենթադրում է ամեն դեղատան համար շուրջ 250 000 դրամ լրացուցիչ ծախս:  Մեր ընկերության դեպքում՝ խոսքը 50  դեղատան մասին է:

Մանրածախ դեղատնային ցանց ունեցող ընկերություններն իրենց առևտրային գործունեությունը շարունակելու են նոր իրավաբանական անձի միջոցով, հետևաբար ապրանքային մնացորդների վաճառքի (տեղափոխման) ժամանակ առաջանալու են լրացուցիչ հարկային մեծ պարտավորություններ ԱԱՀ-ի մասով: Մեր ընկերության դեպքում խոսքը շուրջ 400 000 ԱՄՆ դոլարի/ մոտ 200  միլիոն դրամ/  մասին է, որն  արհեստականորեն ստեղծված ծանրաբեռնվածություն է, քանի որ փաստացի իրացում, որպես այսպիսին, տեղի չի ունենում:

Իշխանափոխությունից առաջ, 2018-ի փետրվարին, հանդիպել էինք նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ քննարկելու ոլորտի խնդիրները, մինչ այդ էլ՝ վերոնշյալ խնդրի հետ կապված՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին: Երկուսն էլ միանգամից ընկալեցին խնդիրը, Կարապետյանն ասաց, որ սա արհեստական, ոչ մի հարց չլուծող դրույթ է, որը պետք է հանել: Ի դեպ, օրենսդրական նմանատիպ փոփոխություն տեղի էր ունեցել նաև 2012-ին՝ «ԱԱՀ-ի մասին» ՀՀ  օրենքում, որով անմիջապես արտադրող կամ ներկրող կազմակերպություններին փաստացի արգելվել էր մանրածախ առևտրով զբաղվելը, ինչը մեկ տարի անց վերացվեց՝ հաշվի առնելով փոփոխության անարդյունավետ լինելը:

Լեգիտիմություն չունեցող այդ իշխանությունը գոնե փորձում էր վերանայել պարզունակ նման խնդիրները: Նոր իշխանությունները գերլեգիտիմության պայմաններում իրենց պարտավորված չեն զգում ոչ միայն լուծումներ տալ խնդիրներին, այլ գոնե ընկալել դրանք:

Մեկուկես տարի է՝ այս հարցը սառեցված էր:
Մեր առաջարկը նոր կառավարությանը՝ վերանայել «Դեղերի մասին» օրենքի այս անարդյունավետ դրույթը, չի ընկալվում՝  փոքր և միջին բիզնեսի մասին՝ իբր հոգ տանելու հիմնավորմամբ: Սա արհեստական հիմնավորում է, քանի որ «Դեղերի մասին» օրենքով սահմանվել է հատուկ դրույթ,  որով մեծածախ ընկերությունը կարող է իր դեղատնային ցանցն  աշխատեցնել այլ ընկերության միջոցով:

Դիմեցինք Առողջապահության նախարարությանը՝ առաջարկելով, որ գոնե լիցենզիա ունեցող դեղատներն ավտոմատ վերալիցենզավորվեն, որպեսզի չպարալիզացվի դեղատների աշխատանքը: Մեր այս առաջարկը չընդունվեց:

Այդքան բացատրելուց ու հիմնավորումներ ներկայացնելուց հետո իմաստ չունեցող, պարզունակ այս հարցը չընկալելուն այլ բացատրություն՝ բացի դիլետանտիզմից ու թշնամությունից, չի լինում գտնել:

Մյուս հարցը. 2019-ի փետրվարին ընդունված «Դեղերի մասին» օրենքից բխող ներմուծման նոր կարգն ավելի է վատթարացրել վիճակը:
Ավելի շատ խոչընդոտներ են դրվում՝ սահմանափակելով կենսական  դեղերի օրինական շրջանառությունը, մեծացնելով ստվերային շրջանառությունը: Գրեթե ամեն օր իրավապահ մարմինները հայտնում են  մաքսանենգ ճանապարհով դեղորայքի ներմուծման դեպքերի մասին:

Դեղերի մասին ոչ պրոֆեսիոնալ, արգելելուն միտված, ծայրահեղ օրենսդրության պատճառով այլ շուկաների ու Հայաստանի գների միջև տարբերությունը, շատ դեպքերում, չափազանց մեծ է:
Նույն այդ օրենսդրության պատճառով նաև կենսական շատ դեղերի դեֆիցիտ է ստեղծվում, քանի որ օրինական ճանապարհով դրանք Հայաստան բերելն անհնար է: Սրանք են մաքսանենգության ավելացող դեպքերի պատճառները. ոմանք ՝ չդիմանալով գայթակղությանը, ռիսկայնությունը հաշվի չառնելով՝ դիմում են մաքսանենգ միջոցների և բռնվում:

Բացի օրենսդրական խոչընդոտներից՝ ոչ պակաս պատուհաս է նաև   Առողջապահության նախարարության և նրա ստորաբաժանման՝ ՙԴեղերի փորձագիտական կենտրոնի՚ աշխատանքը: Կոչված լինելով ստուգելու՝ դեղը ՀՀ-ում գրանցված է և  թույլատրելու ներմուծումը, նրանք զբաղված են վարչական չարաշահումներով. ստեղծում են ամեն տեսակի մանրախնդիր արգելքներ, որպեսզի թույլ չտան դեղերը ներմուծել կամ,  նվազագույնը, գոնե հնարավորինս ձգձգեն ներմուծումը: Եթե նախկինում նույն բանն անելով՝ ձգձգում էին միջինը 15 օր, այժմ հղում անելով  ներմուծման նոր կարգին և օրենքին՝ նույնիսկ աշխարհի  ամենահեղինակավոր արտադրողների դեղերի թույլտվությունը ձգձգում են միջինը   25 օր:

Ի դեպ, Վրաստանում ողջ այդ գործառույթը կատարում է մաքսային մարմնի տեսուչը մաքսազերծման ժամանակ՝ դեղերի գրանցված լինելը ստուգելով համապատասխան ռեեստրում: Եվ որևէ խնդիր երբեք չի առաջանում:

«Դեղերի փորձագիտական կենտրոնն»՝ իր ստեղծման օրից, կեղծ դեղերի դեմ պայքարի մասին լուրջ տեսքով հայտարարություններ է անում, ստեղծում աշխատանքային բուռն գործունեության պատրանք: Իրականում՝ նրանց աշխատանքի ՕԳԳ-ն զրոյին մոտ է, և այդ զրոյական ֆունկցիայով  միլիոնավոր դոլարներ են աշխատում:

Այս աշխատաոճի հիմնադիրը դեռ Էմիլ Գաբրիելյանն էր, որի  մեքենայություններից մեկը  քաղաքի կենտրոնում՝ Մոսկովյան փողոցի չորսհարկանի շենքը յուրացնելն  ու ինքն իր ղեկավարած պետական հիմնարկին վարձով տալն էր: Աշխատելու նույն ոճը այսօր էլ շարունակվում է և խրախուսվում նոր նախարարի կողմից:

Օրինական ներկրված դեղերի ներմուծումը մերժվում է՝ իբրև թե փորձաքննության արդյունքում, և սկսվում է մեր պայքարը  հիերարխիկ ողջ շղթայով՝ սկսած  փորձագիտական կենտրոնի փորձագետից, ներմուծման բաժնի պետով , փորձագիտական կենտրոնի պետի տեղակալով,  Առողջապահության  նախարարության դեղերի վարչության պետով՝ մինչև փոխնախար՝ հասկացնելու, որ իրենց մերժումն ապօրինի է: Սա էլ մի առանձին  զզվացնող գործընթաց է, երբ մեկը մյուսի վրա է բարդում հարցը, միմյանց «պաս են տալիս», խուսափում են  պատասխանել հեռախոսազանգերին… Որոշ դեպքերում՝ մեր համառությամբ հաջողության հասնում ենք, շատ դեպքերում էլ՝ ապարդյուն:

Եվս մեկ կարևոր խնդիր. հեղափոխությունից հետո արձանագրվում էր, որ նախկին իշխանության մասը կազմող Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ»-ը նույնպես  մտել է օրինական դաշտ և աշխատում է հաշիվ-ապրանքագրերով: Այսօր ամեն ինչ վերադարձել է նույն վիճակին. նա աշխատում է, ինչպես աշխատում էր Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում: Սա ազդակ է մյուս ընկերություններին՝ աշխատել նույն ոճով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի:

Սրանք դեղերի շրջանառության ոլորտում եղած կարևոր խնդիրներից մի քանիսն են միայն: Մեր մտահոգությունը ոչ միայն այն է, որ պետական մարմինները , մասնավորապես՝ Առողջապահության նախարարությունը, չեն կատարում իրենց աշխատանքը, այլ անբան են,  հավես չունեն ինչ-որ լուրջ, համակարգային փոփոխություն ենթադրող խնդիր լուծել: Արվող քայլերն էլ արագ տպավորություն թողնելու  նպատակով են՝ առանց հիմնավոր, լուրջ աշխատանքի: Լեգիտիմության պաշարը, որը տվել ենք իշխանություններին, առայժմ միայն մսխվում է՝ առանց վերականգնվելու:    

Լուսանկարը՝ Հայկ Գևորգյանի

Մեկնաբանություններ (1)

Աիդա
Դիպուկ, գրացետ եվ ճիշտ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter