HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Տուլիկ». զինծառայողները հիգիենայի մի շարք պարագաներ ընդհանրապես չեն ստանում

Անահիտ Գրիգորյանն (անունը փոխված է) իր որդուն բանակ ճանապարհելուց առաջ ծանրոց է պատրաստել: Օճառ, շամպուն, ատամի մածուկ, խոզանակ և սափրվելու պարագաներ պարունակող կապոցը արժեցել է մոտ 10 հազար դրամ: Զորակոչվելու առաջին օրերին նորակոչիկը հիգիենայի պարագաներ բանակում չի ստացել:

«Երդման արարողությունից հետո ավելի մանրամասն կհասկանամ ընդհանուր պատկերը, ինձ էլ է հետաքրքիր: Թեև պատրաստ ենք էլի գնել անհրաժեշտ պարագաները, եթե պաշտոնապես հայտարարեն, որ չեն հասցնում ապահովել»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց նորակոչիկի մայրը:

2019 թ.-ի ամռանը զորացրված զինծառայող Տիգրան Իսկանդարյանն էլ պատմում է, որ ծառայության ժամանակ ստանում էին օճառ, ենթաօձիք, ներքնազգեստ և գուլպա, սակայն դրան զուգահեռ տանից հիգիենայի պարագաներ էին ուղարկում իրեն, 3-4 ամիսը մեկ անգամ: 2017 թ.-ին զորացրված Նարեկ Մարտիրոսյանն էլ հիշում է, որ հիգիենայի պարագաներ ստանում էին, սակայն ցուցադրելու համար:

«Այդ ամեն ինչը մենք չէինք օգտագործում, որովհետև ստուգումների ժամանակ վերադասներին պետք է ամբողջական ցանկով ներկայացնեինք»,- նշեց Նարեկ Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հիգիենայի պարագաների բացը լրացվում էր «տուլիկներով» և խանութից գնելով:

«Ամիսը 3400 դրամ գումար էինք ստանում, ու որոշ բաներ հնարավոր լինում էր գնել այդ գումարով, իսկ ինչն էլ չէր հերիքում, ով ուներ ավելին, մյուսներին էր փոխանցում, ու այդ բացը լրացնում էինք: Ով հնարավորություն չուներ «տուլիկ» ստանալու, կարևորը, չէր նեղվում»,- պատմեց նախկին զինծառայողը:

Ծանրոց առաքող ընկերությունները

Տարիներ շարունակ ժամկետային զինծառայողների ընտանիքներն իրենց որդիներին ծանրոցներ են ուղարկում: Հիգիենայի պարագաններով և սնունդով լի ծանրոցներն ունեն իրենց անունը՝ «տուլիկ»: Այդ անունը մարդիկ են դրել «տնից ուղարկված ուտելիքներով լի կապոց» բառակապակցության բառերի առաջին տառերի միացությամբ, սակայն բացի ուտելիքից՝ տուլիկի բաղկացուցիչ մասն են կազմում հիգիենայի պարագաները:

Ծանրոցների առաքման բիզնեսը ծառայությունների մատուցման ոլորտում զարգացող ճյուղերից է: Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններում, մարզկենտրոններում՝ հիմնականում ավտոկայաններին հարող տարածքներում, գործում են առաքող կազմակերպություններ:

Այդ մասին իրազեկման պակաս սոցիալական ցանցերում և հայտարարությունների կայքերում չի զգացվում: Առաքման գինը կախված է ծանրոցի քաշից: Միջին քաշի ծանրոցը կշռում է 3-5 կիլոգրամ: 1 կիլոգրամն արժե 300 դրամ: Ծնողները ծանրոցը տալիս են կշռման, վրան փակցնում ստացողի տվյալները և վճարում, իսկ այն հասցեատիրոջն է հասնում նույն օրը կամ 1-2 օրվա ընթացքում:

Ի՞նչ է հատկացվում ժամկետային զինծառայողներին

Զինծառայողներին տնից ուղարկվում է հագուստ, հիգիենայի պարագաներ, սննդամթերք, ծխախոտ և այլն: Մենք կանդրադառնանք հիգիենայի պարագաներին, սննդի հարցն այլ է, քանի որ ծնողներից հնարավոր չէ պահանջել, որ սնունդ չուղարկեն այն դեպքում, երբ սնունդը կանոնավոր մատակարարվում է: Իսկ հիգիենայի պարագաների բացը պետք է ինչ-որ կերպ լրացնել:

Պաշտպանության նախարարության զինծառայողները ապահովվում են միայն ձեռքի ու տնտեսական օճառներով: Զինծառայողները չեն ստանում ատամի մածուկ, խոզանակ, լոգանքի պարագաներ, սափրվելու փրփուր, ածելի և այլն: Ենթադրվում է միայն, թե ինչ միջոցներով պետք է լրացվի հիգիենայի չտրամադրվող պարագաների բացը: Կառավարության 2014 թ.-ի հոկտեմբերի 2-ի «1085-Ն» որոշմամբ սահմանվել է ժամկետային զինծառայողների դրամական ապահովման չափը: Շարքային զինծառայողն ամեն ամիս ստանում է 3400 դրամ, եֆրեյտորը՝ 3600 դրամ, կրտսեր սերժանտը՝ 4000 դրամ, սերժանտը՝ 4500 դրամ, ավագ սերժանտը՝ 5000 դրամ, ավագը՝ 5300 դրամ:

Նշենք, որ փոքր թիվ են կազմում ժամկետային այն զինծառայողները որոնք ունեն «ավագ»-ի կոչում: Հիմա փորձենք հասկանալ, թե ստացած գումարով հնարավո՞ր է ապահովել հիգիենայի պարագաները: Ի դեպ, յուրաքանչյուր զորամասի պարիսպներից ներս կա խանութ: «Թեյարան» կամ «чайни» անվանումը ստացած խանութներում վաճառվող ապրանքները, բնականաբար, շուկայական գնից թանկ են:

Հիգիենայի պարագաների նվազագույն զամբյուղը

Հիմա առանձին-առանձին ներկայացնենք, թե որքան արժեն չտրամադրվող պարագաները երևանյան խանութներում:

Ատամի մածուկ- 50 մլ – 350- 700 դրամ

Ատամի խոզանակ- 700-1500 դրամ

Լոգանքի շամպուն- 800-2000 դրամ

Սափրվելու փրփուր- 850-2000 դրամ

Մեկանգամյա օգտագործման ածելի- 150-200 դրամ

Սափրվելուց հետո օգտագործվող քսուք- 1500 դրամ և բարձր:

Նշված պարագաների նվազագույն արժեքների հանրագումարը 4300 դրամ է: Այս գումարը 900 դրամով ավելին է, քան ստանում է շարքային զինծառայողը, 700 դրամով ավելի՝ քան ստանում է եֆրեյտորը, 300 դրամով ավել է, քան ստանում է կրտսեր սերժանտը: Հիգիենայի պարագաները՝ բացառությամբ ատամի խոզանակի և ածելիի, հաճախ ընդհանուր են օգտագործվում: Օրինակ՝ 1 շամպունը կարող է դասակի լոգանքի ժամանակ վերջանալ:

Նոր Կառավարության մոտեցումը

2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո անդրադարձավ ծանրոցներ ուղարկելու խնդրին՝ կոչ անելով զինծառայողների ծնողներին իրենց զավակներին չուղարկել հիգիենայի պարագաներ: Հետո այդ մասին վարչապետը խոսեց ՊՆ-ում: Պաշտպանության նախարարը հոդված գրեց նույն թեմայով: Նախորդ տարվա վերջում նախարարը կարգադրեց բարձրացնել զինծառայողներին տրամադրվող ներքնաշորերի որակը: 2019 թ.-ի հունվարին ազդարարվեց ներքնաշորերի և համազգեստի որակի փոփոխման մասին: Վարչապետն արդեն մայիս ամսին հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ ներքնաշորերի հարցը լուծված է, իսկ զինծառայողների դրամական ապահովման չափը վերանայվելու է:

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ բանակում քրեական ենթամշակույթով պայմանավորված՝ զինծառայողները վարտիքները ընդհանուր լվացման չեն հանձնում: «Շատերը նախընտրում են ձեռքով լվանալ և այդ լվացքի մեքենաները չօգտագործել, որ իր «տռուսիկը» ուրիշինի հետ այդ լվացքի մեքենայի մեջ չհայտնվի, որովհետև դա իրենց արժանապատվությունը վիրավորում է»,- նկատեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ իր հանձնարարությունից հետո լուր է ստացել, որ սպաները զորամասերում խուզարկել և ծնողների ուղարկած իրերն առգրավել են:

Չգիտես՝ ինչու, այս ամենին զուգահեռ ՊՆ-ում ստեղծված աշխատանքային խումբը քննարկել է նաև ծանրոցներ ուղարկելն արգելելու հարցը: Բարեբախտաբար, խումբը եկել է այն եզրահանգման, որ ծանրոցներ ուղարկելու արգելքը դեմ է մարդու իրավունքներին և հիմնարար ազատությունների սկզբունքին:

«Աշխատանքային խմբի կողմից մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի նախագիծ, որը սահմանում է պարտադիր ժամկետային զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու, դրանց պարունակությունը ստուգելու և զորամասերում հասցեատերերին հանձնելու կարգը, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինծառայողներին ուղարկվող ծանրոցներում թույլատրելի ապրանքների ցանկ»,- ասված է մեր հարցման՝ ՊՆ-ից ստացված պատասխանում:

Փորձագետի կարծիք

«Razm.info» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը կարծում է, որ հիգիենայի պարագաների հարցը կարելի է լուծել զինծառայողներին տրամադրվող գումարներով, եթե այդ գումարն ուղղվի միայն այդ խնդրի լուծմանը: Հարցին՝ բավարա՞ր է դրամական հատկացումը հիգիենայի պարագաների խնդիրը լուծելու համար, նա պատասխանեց. «Եթե այդ գումարը միայն դրա վրա ծախսվի, այո՛, բավարար է: Բայց քանի որ այդ գումարից ծախսում են նաև թեյարաններից լրացուցիչ գնումներ անելու համար, գուցե և բավարար չէ: Ես որքան մարդ գիտեմ ծառայող, այսպես թե այնպես, հիգիենայի ինչ-որ պարագաներ ուղարկում են, նույն օճառ, ատամի մածուկ և այլն, բայց դա այդքան սուր հարց չէ, որքան նույն ներքնազգեստի հարցը»: 

Զինծառայողներին տրամադրվող գումարի չափը կավելացվի

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊՆ-ից հայտնել են, որ նախորդ ամիս շրջանառվել է Կառավարության 2014 թ.-ի հոկտեմբերի 2-ի «1085-Ն» որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Խոսքը ամեն ամիս զինծառայողներին տրամադրվող դրամական հատկացմանը վերաբերող որոշման մասին է: ՊՆ-ի հեղինակած նախագծով առաջարկվում է հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի գումարն ավելացնել 2000 դրամով, իսկ այլ զորամասերի զինծառայողներինը՝ 1000 դրամով: Այսինքն՝ դիրքեր պահող շարքային զինծառայողին տրամադրվող գումարը 58 %-ով կբարձրանա, իսկ դիրքեր չպահողինը՝ 29 %-ով:

ՊՆ-ն պարզել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափը 2009թ.-ից փոփոխություններ չի կրել և հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով չի բավարարում անձնական հիգիենայի և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33 %), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է զինծառայողների ընտանիքների համարՍտորև ինֆոգրաֆիկայում ներկայացնում ենք նախատեսվող փոփոխությունները: Մինչ այդ նշենք, որ այս նախագիծի վերաբերյալ առաջարկություններն արդեն ամփոփվել են և շահագրգիռ կառույցների հետ քննարկումից հետո ներկայացվել են Կառավարությանը:

Հ.Գ. Կառավարության որոշումն ընդունելուց հետո միայն կարելի է գնահատել, թե արդյո՞ք բավարար են 1000 կամ 2000 դրամով ավելացվող հատկացումները հիգիենայի պարագաների խնդիրը լուծելու համար: Այդ հարցի պատասխանը կարող են տալ բացառապես զինծառայողները, որոնք այս նախաձեռնության շահառուներն են: Հաշվի առնելով բանակում հիգիենայի պարագաների խնդրի կարևորությունը՝ մենք առաջիկայում կրկին կանդրադառնանք սպասվող փոփոխություններին, և այդ թեման կլինի մեր ուշադրության կենտրոնում:

Մեկնաբանություններ (2)

Name
Բոլորը խուսափում են ասել իրականում ինչ է կատարվում բանակում , հագուստի և ամսական վճարների հետ հիմա գրում եմ իմացեք բոլորտ։ Ծառայել եմ 2012-2014թթ ։ Զինվորների ստացած փողերը ներքին կարգով հավաքում էին վաշտի, մարտկոցի հրամատարները ներքին կարգով և լափում ։ Չտալ չես կարող քանի որ , քո չտալու պատճառով ամբողջ տղերքին հանում են յանի մարզանքի և մի լավ տանջում որը ասվումա քո չտալու պատճառով նայի քո ընկերները տանջվում վազում են իսկ դու չես վազի կկանգնես կհետևս ոնց են տանջվում։ Այսինքն ով փողն չէր ցանկանում տալ ետ զինվորն կայանում էր նայում թե ընկերներին ինչպես են տանջվում այսինքն ճնշում են ու չես կարող տալ գիտակցելով հետևանքները, իսկ ստացող հագուստն և հիգենիայի պարագաները ծախում էին հենց իրանց զինվորների վրա։ Նաև շորերը։
Մելանյա
Մեկ ամիս է ինչ որդիս ծառայում է ԼՂՀ_ում և ես շատ դժգոհ եմ, նախ սնունդը ահավոր վիճակում է՝ խոհանոցային հիգենայի մասին էլ չեմ խոսում,մի ամսում 100% առողջ երեխաս երկու անգամ բարձր ջերմությամբ բուժ կետա պառկել այն էլ եթե ես չզանգեի կարևոր մարդիք չխառնվեին երեխայիս չեին հավատում և չեին էլ բուժում, իսկ հիգենայի պարագաներիս ցուցակը օրեկան ավելանում է մինչև պրիսայգի գնալս կարծում եմ 15000դրամը կգերազանցի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter