HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղբամանների փոխարինման գործընթացը Երևանի քաղաքապետարանը կսկսի Դավթաշենից

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցները համալրվել են երկու նոր աղբահավաք մեքենայով եւ 400 աղբարկղով: Նոր աղբամանների տեղադրումը Երեւան համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից: Այս մասին, Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայության հաղորդմամբ, քաղաքապետ Հայկ Մարությանին զեկուցել են այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

«Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան, նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում ո՛չ նոր աղբատար մեքենաներ, ո՛չ նոր աղբամաններ ձեռք բերել: 

«Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել, և քաղաքային իշխանությունները ձեռնարկել են իրենց գործողությունները: «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին շուրջ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը: Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը: Իսկ դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը: Ինչքան էլ մեր համաքաղաքացիները համբերատար են և ես իրենց շնորհակալ եմ դրա համար, բայց միևնույն է, մենք իրավունք չունենք՝ քաղաքային իշխանությունների մասին է խոսքը, ոչ թե ձեր, որովհետև ձերը մասնավոր ընկերություն է, որը միայն շահույթ է հետապնդում ու ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում, և կան քաղաքային իշխանություններ, որոնք չեն թույլ տալու ինչ-որ մասնավոր ընկերության այսքան անհարմարություն պատճառել մեր համաքաղաքացիներին: Մենք մեր կողմից առավելապես աջակցել ենք ձեր ընկերությանը, ամեն ինչ արել ենք, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց եթե դուք չեք ուզում դա, մենք այդտեղ ձեզ չենք կարող օգնել»,- նշել է քաղաքապետը:

«Սանիտեք» ընկերությունն իր հերթին այսօր հայտարարեց, որ հուլիսի 31-ին ընկերության ղեկավարները մամուլի ասուլիս են նախատեսում, որը տեղի կունենա  Թբիլիսիում: Թե ինչու Թբիլիսիում, ընկերությունից չեն մանրամասնում, նշում են, որ հարցի պատասխանը կտրվի հենց ասուլիսի ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter