HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Այվազովսկին` Թեոդոսիայի խորհրդանիշը

Ուղիղ 202 տարի առաջ Թեոդոսիայում ծնված փոքրիկը, որը հարևանների ու իրենց տան պատերն ածուխով արված ծովային պատկերներով էր պատում, դարձել է քաղաքի հպարտությունը:

Թեոդոսիա քաղաքում բոլոր ցուցանակները տանում են դեպի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել: Քաղաքի որ մասում էլ լինես, դեպի թանգարան ուղղությունն անպայման կտեսնես:

Ղրիմի հարավ-արևելյան հատվածում՝ Սև ծովի ափին գտնվող Թեոդոսիան ծովափնյա հանգստի հանրահայտ վայրերից է: 68 հազար բնակիչ ունեցող այս քաղաքը սեզոնային տուրիզմով է ապրում: Քաղաքում պտտվելիս, ծովափնյա բուլվարով զբոսնելիս ակնհայտ է դառնում, որ այս քաղաքի «այցեքարտը» Հովհաննես Այվազովսկին է…նրա պատկերասրահը, շատրվանը, գերեզմանը, նրա անվամբ կոչվող փողոցը և այլն:

Այվազովսկու տունը հենց ծովի ափին է, որտեղ նա հիմնական բնակություն է հաստատել 1845 թվականից՝ ուսումնառությունից և բազմաթիվ շրջագայություններից հետո: Նա իր տունն այդտեղ է կառուցել ծովին մոտ լինելու և դրա խորությունը զգալու համար, չէ՞ որ ծովի յուրաքանչյուր երանգ, տրամադրություն և ասելիք պետք է կտավին հանձներ ամենայն պատասխանատվությամբ և վարպետությամբ:

Վերջին տարիներին Այվազովսկու տունը վերանորոգվել է, նոր սրահներ են ավելացել, հնարավորինս լավ պայմաններ ստեղծվել վարպետի կտավների ցուցադրության համար:

Տուն-թանգարանը մշտապես մարդաշատ է այս ժամանակահատվածում: Զբոսաշրջիկները սպասում են մուտքի մոտ մինչև հերթական խումբը կավարտի այցելությունը: Բոլոր խմբերին ուղեկցում են թանգարանի զբոսավարները, որոնք մանրամասն ներկայացնում են ծովանկարչի կյանքը, կենսագրությունն ու թողած ժառանգության պատմությունը:

Վարպետի տանը պահպանվում են նրա կահ-կարասին, սև և սպիտակ ռոյալները, բազմոցը, սեղան-աթոռները, բուխարին, ինչն ինքնին վկայում է Այվազովսկու ճաշակի և ոչ համեստ կարողությունների մասին:

Տան առջեւով անցնում է երկաթգիծը, որի կառուցման նախաձեռնողը եղել է անձամբ ծովանկարիչը: Նա նաև քաղաքի կոյուղու անցկացմանն է աջակցել:

Այվազովսկին Թեոդոսիայի զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել, այդ թվում՝ իր միջոցներով կառուցել թանգարան, զբաղվել հուշարձանների պահպանությամբ, բացել արվեստների դպրոց և այլն: Այդ ամենը պատմում են նաև զբոսավարներն իրենց տուրիստական խմբերին և չեն թաքցնում նաև աշխարհահռչակ ծովանկարչի հայկական ծագումը:

Թեոդոսիան Ղրիմի թերակղզու հայաշատ քաղաքներից էր: Այստեղ տեղափոխված վաճառականների ու արհեստավորների խմբերը ստվարացել են հատկապես 11-12-րդ դարերում:

Թեոդոսիան (նախկինում՝ Կաֆան) 14-րդ դարում ունեցել է 70 հազար բնակիչ, որից 46 հազարը հայեր են եղել: 18-րդ դարում՝ ռուս-թուրքական պատերազմից հետո, Ղրիմից հայերը դուրս են բերվել, շուրջ 6000 հայ հեռացել է միայն Թեոդոսիայից:

Ղրիմից հայերի զանգվածային արտահոսք եղել է նաև խորհրդային տարիներին և Երկրորդ համաշխարհայինի ժամանակ: Հայերն այնքան են արտագաղթել, որ 1989թ. մարդահամարի տվյալներով Ղրիմի ողջ թերակղզում 2800 հայ է եղել: Արդեն 2001թ. մարդահամարով հայերի թիվն ավելացել է՝ դառնալով 8700, իսկ 2014-ի տվյալներով հաշվարկվել է 11 հազար հայ: Ղրիմում այսօր 15 հազար հայերի առկայության մասին են խոսում, Թեոդոսիայում հայերի թիվը հասնում է 3000-ի:

Համաձայն իր կտակի՝ նկարչի աճյունն ամփոփված է Թեոդոսիայի հայկական՝ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Այնտեղ է հանգչում նաև Այվազովսկու երկրորդ կինը՝ հայուհի Աննա Բուռնազյանը:

Անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը՝ Այվազովսկին մահացել է 82 տարեկանում: Կտավը թանգարանում է, իսկ դրա ներքևում վարպետի վրձիններն են և հետմահու արված ձեռքն ու դիմակը: Շիրմաքարին գրաբար փորագրված են Մ. Խորենացու խոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։

Եկեղեցու հարակից փողոցը, որը հայկական թաղամասի սկիզբն է, ևս կոչված է Այվազովսկու անվամբ:

Փողոցն ի վեր ճանապարհը տանում է դեպի մեկ այլ՝ Հայկական փողոցը, որտեղ գտնվում է Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցին, որի բակում թաղված է Հովհաննես Այվազովսկու եղբոր՝ Գաբրիել Այվազովսկու աճյունը: Եկեղեցին ներկայում չի գործում։ 

Այվազովսկին իր ընտանիքի անդամներին ևս պատկերել է, և այդ նկարների մեծ մասն իր տուն-թանգարանում է:

Տուրիստական խմբերի կողմից Այվազովսկու գերեզման այցելելու հետաքրքրությունը նպաստում է նաև հարակից Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու՝ տուրիստական վայր դառնալուն:

Այսօր աշխարհահռչակ հայազգի ծովանկարչի ծննդյան 202 ամյակն է:

Թեոդոսիայում ամեն ինչ կապված է ծովանկարչի հետ և հիշեցնում է նրա մասին. տուրիստական կրպակներում վաճառվող մագնիսները, բացիկներն ու հուշանվերները կա՛մ Այվազովսկուն են պատկերում, կա՛մ նրա նկարներով են զարդարված: 

Նրա տան մոտ կանգնեցված է վարպետի արձանը՝ «Թեոդոսիան՝ Այվազովսկուն» վերտառությամբ: Այվազովսկին, ի պատասխան, շարունակում է իրենով «ապրեցնել» իր սիրելի քաղաքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter