HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում կարգը փոխվում է. մարզպետարանի երեք պաշտոնյաներ ծառայողական ավտոմեքենաներն օգտագործում են նաև տուն գնալու նպատակով

Արմավիրի մարզի բնակիչ չեն մարզպետարանի վեց աշխատակիցներ՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանը, մարզպետի խորհրդական Վահե Դավթյանը, մարզպետի օգնական Խաչիկ Ինջյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Մարտիրոս Սարիբեկյանը և Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Սերոբ Խաչատրյանը:

Գրավոր հարցում էինք ուղարկել մարզպետարան՝ տեղեկանալու, թե ինչ միջոցներով են տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ երթևեկում մարզի բնակիչ չհանդիսացող պաշտոնյաները: Նույնիսկ լրացուցիչ հարցումից հետո այդպես էլ հստակ գրավոր պատասխան չտրվեց:

«Մարզի բնակիչ չհանդիսացող մարզպետարանի աշխատակիցների բնակավայրից աշխատավայր փոխադրվելու վերաբերյալ հստակ հնարավոր չէ տեղեկատվություն տրամադրել, քանի որ նրանք, հաշվառված լինելով մարզի վարչական սահմաններից դուրս, այնուամենայնիվ, մեր ունեցած ոչ հավաստի տեղեկությունների համաձայն, աշխատանքի են հաճախում ինչպես Երևանից, այնպես էլ մարզի տարբեր բնակավայրերից, իրենց սեփական միջոցների հաշվին: Հիշյալ նպատակով աշխատակիցներին փոխհատուցումներ չեն տրամադրվում»,- նշված է մարզպետ Համբարձում Մաթևոսյանի ստորագրած պատասխանում:

Նշենք, որ Արմավիրի մարզպետարանն ունի 4 ծառայողական մեքենա: Մեկը՝ «TOYOTA LC-150»-ը, մարզպետի ծառայողական ավտոմեքենան է, որի նյութական պատասխանատուն մարզպետի օգնական Խաչիկ Ինջյանն է: Երկրորդը մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի ծառայողական ավտոմեքենան է՝ «NISSAN PATHFINDER»: Այս ավտոմեքենայի նյութական պատասխանատուն հենց փոխմարզպետն է: Նա մարզի Փարաքար համայնքի բնակիչ է: »NISSAN TIIDA» մակնիշի ծառայողական ավտոմեքենան սպասարկում է մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարազդատյանին: Վերջինս հենց այդ ավտոմեքենայի նյութական պատասխանատուն է: Իսկ չորրորդ ավտոմեքենան՝ «DAEWOO MATIZ M08»-ը, սպասարկում է մարզպետարանի ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության և տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինների աշխատակիցներին:

«Քանի որ մարզպետարանը չունի ավտոմեքնաների համար նախատեսված հատուկ կայանատեղ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ նպատակահարմար է համարվում ավտոմեքենաների գիշերակացը թողնել նյութական պատասխանատու անձանց մոտ»,- նշված է պատասխանում:

Ըստ մարզպետարանի՝ վերը նշված ավտոմեքենաների ամսական կտրվածքով ծախսը սահմանափակվում է միայն հատկացված բենզինի չափաքանակով: «TOYOTA LC-150» մակնիշի ավտոմեքենայի համար ամսական հատկացվում է 600 լիտր բենզին, «NISSAN PATHFINDER» և «NISSAN TIIDA» մակնիշների ավտոմեքենաների համար՝ 160 լիտր, իսկ «DAEWOO MATIZ M08» մակնիշի ավտոմեքենայի համար ամսական հատկացվում է 40 լիտր: Այլ լրացուցիչ գումար նշված մեքենաների շահագործման համար չի տրամադրվում:

Քանի որ երկրորդ հարցումից հետո ստացված պատասխանը ևս հստակ չէր, պարզաբանման համար դիմեցինք մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վարդան Վարդազարյանին: Վերջինս «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին պատրաստում է մարզպետի կարգադրություն՝ վարչապետի որոշման հիման վրա, որ բացի մարզպետի ծառայողական ավտոմեքենաներից՝ մյուս 3 ավտոմեքենաները դառնալու են հերթապահ և չեն օգտագործվելու տուն-աշխատավայր և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար:

Գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ասաց, որ այսօրվա դրությամբ արդեն այդ ծառայողական ավտոմեքենաները չեն օգտագործվում տուն գնալ-գալու համար: Իսկ օրինակ՝ երեկ, օգտագործվել են նաև այդ նպատակով: Վարդան Վարդազարյանը անձնական բնույթի հարց համարեց այն, թե մեծ մասամբ որ բնակավայրից է գալիս աշխատանքի: «Թույլ տվեք չպատասխանել, դա անձնական բնույթի է»,- ասաց Վ. Վարդազարյանը: Նշենք, որ վերջինս Երևան քաղաքի հաշվառում ունի և մեր տեղեկություններով՝ հիմնականում ծառայողական ավտոմեքենայով է աշխատանքի գալիս հենց Երևան քաղաքից:

Պարոն Վարդազարյանը նշեց, որ փոխվում է նաև բենզինի հատկացման ձևաչափը: Մարզպետի հրամանով՝ բաժնի կամ վարչության ղեկավարի կողմից պիտի գրվի զեկուցագիր, թե ծառայողական ավտոմեքենան ինչ երթուղով է շարժվելու, ուր է գնալու, դրա հիման վրա էլ կհատկացվի վառելանյութ:

«Եթե ոչ վաղը, ապա օգոստոսի 1-ից իմ նշած փաթեթը մտնելու է ուժի մեջ»,- ասում է Վարդան Վարդազարյանը՝ հավելելով, որ այսօրվանից տնից աշխատավայր և հակառակ ուղղությամբ երթևեկելու է միմիայն անձնական միջոցներով:

Մյուս մարզպետարաններին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter