HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ղազարյան

Ղարաբաղից՝ Ալթայ

1949 թվականի մայիսի 28-ի ԽՍՀՄ պետական անվտանգության նախարարը արձակեց № 00183 հրամանը. «Վրացական ԽՍՀ, Հայկական ԽՍՀ, Ադրբեջանական ԽՍՀ և Սև ծովի առափնյա տարածքների թուրքական քաղաքացիների, քաղաքացիության չունեցող թուրքերի, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին թուրքահպատակների, հունահպատակների, ներկայում քաղաքացիություն չունեցող նախկին հունահպատակների, խորհրդային քաղաքացիություն ընդունած նախկին հունահպատակների և դաշնակների՝ իրենց ընտանիքներով աքսորի մասին»:

1949 թվականի հունիսի 14-ին այս հրամանը ի կատար էր ածվում Անդրկովկասում և Սև ծովի առափնյա տարածքում: Ըստ պատմական գիտությունների դոկտոր Նատալյա Աբլաժեի և պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանի «ДЕПОРТАЦИЯ АРМЯН 14 июня 1949 года» գրքի անոտացիայի՝ ավելի քան 16 հազար հայերի՝ «դաշնակների» ու «թուրքահպատակների» են աքսորել Ալթայի երկրամաս և Նարիմ:

Աքսորվածները հատուկ կարգավիճակ ունեին: Նրանք նոր բնակության վայրերում ոչ թե պարզապես աքսորվածներ էին, այլ՝ «հատուկ վերաբնակներ» («спецпереселенец»): Սա ԽՍՀՄ բռնի վերաբնակեցման գործողություններում նոր տերմին էր, այսպես կոչված՝  «կատեգորիա», տեսակ, որոնք Ռուսաստանի ՆԳՆ անձնագրային և վիզաների ծառայության (Паспортно-визовая служба-ПВС) 1948թ. նոյեմբերի 26-ի որոշմամբ «հատուկ բնակության վայրերում մնալու են հավերժ, առանց նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքի (Հրանուշ Խառատյան, «1949 թ. հայկական բռնաքսորը. Էթնիկ դեպորտացիա, թե՞ …»):

Այս ողբերգությունից անմասն չեն մնացել նաև Ղարաբաղի հայերը: Թե քանի հայի են աքսորել այդ օրը ԼՂԻՄ-ից, դժվար է ասել: Համենայն դեպս, ըստ Ադրբեջանի ՆԳՆ հաշվետվությունների՝ Ադրբեջանից որպես «դաշնակ» աքսորել են 1045 հայի («ДЕПОРТАЦИЯ АРМЯН 14 июня 1949 года», էջ 183):

Ստեփանակերտցի անկախ հետազոտող Վալերի Ղազարյանի «Депортация армян из НКАО и Азербайджана в июне 1949 года. Независимое исследование»  հոդվածն այն եզակի աշխատություններից է, որ հնարավորություն է տալիս ծանոթանալ արտաքսված մի շարք ղարաբաղցի ընտանիքների ճակատագրերին: Հենց հոդվածի շնորհիվ գտել ենք այսօրվա մեր հերոսին՝ Արտյուշա Պողոսյանին:

Արտյուշա Պողոսյանը՝ տան ավագ երեխան, 20 տարեկան է եղել, երբ Պետական անվտանգության նախարարության աշխատակիցները եկել են նրա հետևից: Հունիսի 13-ի լույս հունիսի 14-ի գիշերը նրա հորն ու մորն, 4 քույրերին ու եղբորը Ալթայի երկրամաս են աքսորել՝ որպես «դաշնակ-նացիոնալիսիտների»:

Արտյուշա Պողոսյանի հետ հարցազրույցի համար պայմանավորվել եմ նրա որդի Միքայել Պողոսյանի հետ: 90-ամյա Արտյուշա Պողոսյանը լավ է հիշում այդ տարիների դեպքերը, հարցերին տալիս է պարզ ու հստակ պատասխաններ: Աքսորի, գնացկազմերի, Սիբիրի և մնացածի մասին  զրուցել ենք նրանց տան բակում: 

-Պարոն Պողոսյան, Ձեզ կամ ձեր ընտանիքից որևէ մեկին կանչե՞լ են Պետանվտանգության նախարարությունից: Ինչ-որ բան նախապատրաստվո՞ւմ էին այդ օրերին: Դուք զգո՞ւմ էիք, որևէ կասկած կա՞ր:

-Չէ, հանկարծակի է ամեն ինչ տեղի ունեցել, ոչ ոք ոչինչ չգիտեր, երբևիցե որևէ տեղ չեն կանչել: Եվ Ստեփանակերտից ահագին մարդ են տեղափոխել, Ղարաբաղից՝ ավելի շատ: КГБ-ն առանց դատուդատաստանի… Ճիշտ է, 43 թվականին հորս մի անգամ բռնել են և դատից հետո մի քանի ամսից ազատ արձակել: Հայրս եղել է գյուղի հաշվապահը, բրիգադիրը, առաջավոր մարդ էր: Թե ինչու են նրան տարել, մինչև վերջ էլ չգիտեմ:

Գիշերը բոլորը քնած՝ եկել են, հավաքել ու տարել,- ամուսնուն շարունակում է կինը՝ Ռաիսա Պողոսյանը:

(Երբ պատրաստվում էի հարցազրույցի, գիտեի, որ Ղարաբաղում հատուկենտ մնացած աքսորյալներից է Արտյուշա Պողոսյանը, բայց որ կինը՝ Ռաիսա Պողոսյանն էլ է եղել աքսորում, միայն իրենց տանը իմացա, հեղ.)։

-Մինչ արտաքսելը ինչո՞վ էիք զբաղվում Ստեփանակերտում:

-Զոոտեխնիկ էի։ Ես այդտեղ տեխնիկումն եմ ավարտել, հետո Փրջամալ (Վարդաձոր) գյուղում էի աշխատում: Այդ ժամանակ Ստեփանակերտում պարատիֆով հիվանդ պառկած էի, նույն, թե հաջորդ օրը, երբ ինձ դուրս գրեցին, սպասում էին:

-Ձեզ ինչպե՞ս են տարել, քանի՞ հոգով:

-Արդեն ասացի՝ հիվանդ էի այդ օրը: Մայրս ինձ մոտ էր: КГБ-ն գյուղում մեզ չի գտել, այդ իսկ պատճառով եկել է Ստեփանակերտ: Մենք Ստեփանակերտի Թումանյան փողոցում տուն էինք վարձում: Մորս ու ինձ Ստեփանակերտից տարել են գյուղ՝ Դահրազ, ու մնացածին էլ այնտեղից հավաքել:

-Նաև իրեր հավաքելու համա՞ր են գյուղ տարել:

-Այո:

-Քա՞նի օրում եք հասել Ալթայ:

-Մոտ 13 օր՝ իմ գիտենալով: Դե կայարաններում կանգնել ենք, սպասել ենք, ճշգրիտ օր չեմ կարող ասել:

-Իսկ ի՞նչ մեղադրանք էին առաջադրել:

-Չի եղել: Ոչ մի մեղադրանք ու ոչ մի դատ… КГБ-ն պարզապես ասել է՝ գնում ենք:

-Իսկ ինչու՞ են հենց ձեզ տարել:

-Երևի տեղական մարմիններն են արել… Թե ինչ է եղել, չեմ կարող ասել: Մեր գյուղից երկու ընտանիք են տարել:

-Չեն էլ բացատրե՞լ թե ինչու են տանում:

-Ոչնչից ոչինչ: Ոչ մի բան չեն ասել, չեն բացատրել, չեն հարցրել, մեր խոսքը որևէ արժեք չի ունեցել: КГБ-ի աշխատակիցը եկել է մի մարդու հետ ավտոյով՝ դե նստեք: Ինչ ուզում եք, վերցրեք հետներդ, գնում ենք: Նույնիսկ այնտեղից դիմել եմ դատախազին, չեմ հիշում՝ ով էր: Ստալինի խոսքերն եմ մեջբերել, որ որդին հոր համար պատասխանատու չէ: Եթե հայրս, իրոք, մեղավոր է, ապա ես ինչու՞մ եմ մեղավոր: Նամակում գրել եմ, որ ես այս թվից կոմերիտական եմ և այլն, պատասխանը հետևյալն էր՝ որպես դաշնակ:

-Երբ հասել եք Ալթայի շրջան, այնտեղ ուրիշ հայեր կա՞յին:

-Երբ իջել ենք Զարինսկի կայարանում, արդեն այնտեղ հայեր կային, որոնց ավտոներ էին սպասում: Տարբեր տեղեր տարան: Կոնկրետ մեր ավանում, կարելի է այդպես ասել, առաջին բնակիչներից էինք: Այնտեղ մեզ համար նախօրոք գետնատնակներ էին պատրաստել, որ մեզ տեղավորեն: Մեր գյուղում բոլորս էլ Ղարաբաղից էինք, հետագայում…

-Արտյուշ, ո՞նց են միայն ղարաբաղցիներ եղել, բա երևանցիք չե՞ն եղել, - միջամտում է Ռաիսա Պողոսյանը:

-Ո՞վ է եղել, Սուրիկն ու Վազգենն են եղել միայն:

-Սուրիկը, Վազգենը, Մուկուչը…
-Սուրիկն ու մնացածը հետո են եկել, Մինսկից, կարծեմ, Ռազմշկա գյուղում սկզբում միայն Ղարաբաղից են եղել: Հետագայում ամբողջ Հայաստանից մարդկանց բերին. դատախազ կար, տրեստի գլխավոր հաշվապահ…

-Մինչև վերջ էլ գետնատնակներու՞մ եք ապրել:

-Սկզբում բարաքներում են պահել մեզ, իսկ ձմեռվա սկզբին գետնատնակներ ենք կառուցել, կրակի միջոցով չորացրել ու տեղափոխվել այնտեղ: Ավելի ուշ՝ մի քանի տարուց, փայտե տներ ենք կառուցել,- ասում է Ռաիսա Պողոսյանը:

-Մենք մեր հաշվին, և վաճառել ենք տեղացիների ու նոր վերադարձել,- ավելացնում է ամուսինը:

-Ալթայը ի՞նչ տեղ է:

- Ծմակ է, - ասում է կինը:

-Ինչու՞ է ծմակ, դու միայն ծմակն ես տեսել: Շատ հարուստ, լայնատարած, անտառներով, հանքերով հարուստ, ուժեղ տնտեսություն ունեցող վայր է:

-Իսկ ձմեռնե՞րը:

-Անսովոր է մեզ համար: Բայց սարսափելի չէ: Հարմարվում ես: Տելոգրեյկա ես հագնում, ու վերջ:

-Ես հիշում եմ, թե ինչպես էր մարդկանց բեղերից սառույց կախվում, - ասում է Ռաիսա Պողոսյանը:

-Անտառում աշխատելիս մի շեխերցի մարդու բեղերից սառույց է կախվել: Ռևեցի մեկ այլ մարդ այդ շեխերացուն ասում է ՝ Բաղրամ, որ քեզ տեսնում եմ, մեր գյուղի շռութկաններն (ջրհորդաններն) եմ անմիջապես հիշում (ծիծաղում են):

-Իսկ ինչպե՞ս ամուսնացաք այնտեղ:

-Ո՞նց պիտի ամուսնանանք: Իրար մոտ էինք Ալթայում ապրում, հարևաններ էինք, առաջարկեցի՝ աղչի, կգա՞ս ինձ, նա էլ՝ հա, ես էլ՝ դե կգաս, ուրեմն, ավելի լավ (ծիծաղում է):

Էնտեղ յոթ տարի ենք մնացել: 49-ին գնացել ենք, 54-ին էլ՝ ամուսնացել: 

- Միքայելն ասաց, որ իր ավագ եղբայրը՝ Ալեքսանդրը, այնտեղ է ծնվել, դժվար չէ՞ր…

-Չէ, գիտես, աշխատանք եղել է, տուն եղել է, խանութ եղել է: Բացի այդ, Մոսկվայում ապրող հին հեղափոխական հորեղբայրս գումարով օգնում էր: Օրինակ՝ հարցնում էր՝ կովն ի՞նչ արժե, մեղու կարող ե՞ք պահել, ու հետո գումարն էր ուղարկում: Կամ էլ տաք շորեր էր ուղարկում: Ով էլ օգնություն չեր ստանում, միևնույն է, ապրում էր աշխատավարձով: Իհարկե, գովելի չէ, որ այնտեղ էինք, ծմակի մեջ, անունն էլ քեզ կպած՝ աքսորյալ: Բայց ապրում էինք տեղացի ռուսների հետ հավասար, մի տեղ էլ առավելություն ունեինք՝ ուժեղ համայնք էինք ստեղծել, միասնական, ոչ մեկ չէր կարողանում մեզ նեղացնել:

Տեղացիների վերաբերմունքը մեր նկատմամբ շատ լավ էր: Առաջին օրերին, երբ մեզ տեղացի աղջիկները տեսել են, հոնքերը սկսել են սև ներկել, որպեսզի մեզ նման լինեն:

-Լավ բաներ պատմիր, - ամուսնուն հանդիմանում է կինը՝ Ռաիսա Պողոսյանը:

-Իսկ իշխանությունների վերաբերմունքը այնտեղ ինչպիսի՞ն էր:

-Ոչ մի վերաբերմունք չկար: Գյուղից հեռու տեղ գնալու համար, ասենք, Բառնաուլ, պարետությունից թույլտվություն էր պետք: Հսկողության տակ էինք: Ամիսը մեկ անգամ պարետը ստուգում էր: Անձնագրեր չունեինք, մինչև աքսորը 19 տարեկանում ժամանակավոր անձնագիր էի ստացել, մի անգամ պատահական հանելիս տեսել է պարետը ու անմիջապես վերցրել:

-Ըստ ձեզ, մարդի՞կ էին պետք աքսորելու համար, ցուցակնե՞ր, դրա համա՞ր էին «դաշնակ» գրում ու աքսորում Սիբիր:

-Որտեղի՞ց իմանամ պետության գործերը: Հայաստանի ու Ղարաբաղի հայերին աքսորել են: Եթե դաշնակն էր խնդիրը, ապա թուրք-մուսավաթ չի՞ եղել, եթե ռազմագերին էր խնդիրը, ապա թուրք գերի չի՞ եղել: Նման հարցեր են առաջանում: Թե հայերին աքսորելու նպատակը որն էր, չգիտեմ, գուցե Կենտկոմի որոշումն էր, գուցե անձամբ Ստալինի: Հայերին են աքսորել, և շա՛տ: Մինչև հիմա իմ գլխում այդ անհամար վազվզող գնացքներն են:

-Հիշո՞ւմ եք՝ քանի կայարանով եք անցել, քա՞նի տեղ եք կանգնել

- Էդ կայարանները հնարավոր չէ հիշել. Եվլախ, Բիլյաջար… մինչև հասցրել են Ալթայի երկրամասի Զարինսկի կայարան: Ալթայ, ընդհանրապես, հայերին են աքսորել, բայց նաև չեչեններ ու կալմիկներ էլ կային: Թեև առանձին էինք ապրում ու աշխատում, և հազվադեպ ու կարճ ժամանակով էինք հանդիպում, բայց հասցրեցինք ընկերանալ մի քանի կալմիկների հետ: Օրինակ՝ կալմիկներին հանդիպել ենք փայտամթերման ժամանակ: Բոլորս էլ աշխատում էինք, ով ինչի ընդունակ էր՝ անում էր:

-Իսկ հնարավո՞ր է, որ գյուղից ինչ-որ մեկն է մատնել Ձեզ:

-Այո, հենց այդպես էլ կա: Գյուղական սովետին և մի քանի մարդու եթե դուր չես եկել, КГБ-ին անմիջապես զբաղվում էր քեզնով: Երևի մատնել են, որ երկու հոգի մի քիչ լավ են ապրում: Թեև հայրս միշտ էլ Սովետն էր սիրում, Սովետի կարգերը:

-Այնուամենայնիվ, ցավ կամ վիրավորանք զգու՞մ եք այսքան տարի անց:

-Իհարկե, ցավալի է եղել՝ ինչու՞ են ինձ աքսորել: Կոլտնտեսությունում աշխատել եմ, կոմերիտական եմ դառել: Բայց, այնուամենայնիվ, աքսորել են: Ցավալի է ինձ համար: Աքսորից հետո ավտոբազայում աշխատում էի, մի տղա Մարտունուց, ում հետ միասին սովորել ենք, արհամարհական ձևերով է ինձ մոտեցել աքսորի պատճառով: Մինչև հիմա նրան ատում եմ:

-Փաստորեն, որ եկել եք, ձեր նկատմամբ վատ վերաբերմունք եղել է:

-Չէ, առանձնակի վատ վերաբերմունք չի եղել: Բայց էդ անունը կար…

-Սիբիրից եկածներ էին ասում, - ավելացնում է Ռաիսա Պողոսյանը:

-Սիբիրցիք:

-Դուք գիտեի՞ք, որ «հատուկ վերաբնակները» («спецпереселенец») բնակության վայրերում պիտի մնային հավերժ՝ առանց բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունքի:

-Մեզ ոչ մի բան չեն ասել:

-Իսկ Դուք այնտեղ ինչպե՞ս եք հայտնվել, տիկի՛ն Ռաիսա:

-Մենք էլ նույն ձև, մենք էլ մեր ընտանիքով…  Մի քիչ լավ ենք ապրել, իմ հայրս էլ էր հաշվապահ, գյուղացիներից մեկը երևի նախանձել է…

-Գիտեր, որ գնում եմ, իմ հետևից եկել է, - կատակում է Արտյուշա Պողոսյանը:

-Իսկ Դուք որտեղի՞ց եք:

-Բերդաձորից:

-Այնտեղից քա՞նի ընտանիք են տեղափոխել:

-Հինգ ընտանիք:

-Հետազոտողներն ասում են՝ 97104 և 97111 էշելոններում ոչ միայն հայեր էին Հայաստանից, այլև Ադրբեջանից: Հիշո՞ւմ եք, որտեղ են կցել գնացքները: Հայաստանից հայեր եղե՞լ են գնացքներում ձեզ հետ:

-Եվլախի կայարանում միայն ղարաբաղցիներ են եղել, Հայաստանից մարդիկ չեն եղել: Արդեն Եվլախից շարժվելիս նոր գնացքներ են կցել, այնտեղ ամեն տեղից հայ կար: 

-Գիտե՞ս, դժվար է եղել, երևի չեն ուզում բացվել, պարզ չեն ասում: Աքսորում մորաքույրս էր, փոքր հորեղբայրս ընդամենը երեք տարեկան էր, գյուղում ոստիկանները ժամերով սպասել են, որպեսզի բոլորին հավաքեն, մարդիկ սթրեսի մեջ էին... Ոստիկանները եկել են գյուղ ու ասել՝ ոչ մեկը դուրս չգա տնից: Հիմա այդպես են պատմում, որովհետև ահագին տարի է անցել,- ասում է Միքայել Պողոսյանը:

Հունիսի 14-ին նույն կերպ աքսորել են նաև Ռաիսա Պողոսյանի (Ոսկանովա) ընտանիքը. Եղիշ ՈսկանովինԶարվարդ Ոսկանովային, Ոսկանյան (Ոսկանով) Պավլուշային, Ոսկանյան (Ոսկանով) Ալյոշային: Արտաքսման հիմքն էր հոր՝  Եղիշ Ոսկանովի մասին տեղեկությունը, որ ինքն անցյալում «Դաշնակցություն» հակահեղափոխական կազմակերպության անդամ է եղել: Ըստ փաստաթղթի՝ հատուկ բնակության վայրից նրանց հաշվառումից հանել են 1955 թվականի հուլիսին

Ստեփանակերտի շրջանի Դահրազ գյուղում ծնված Պողոսյան Աղասին և Պողոսյան Աստղիկին, Պողոսյան Արտյուշային, Պողոսյան Լիդային, Պողոսյան Գրետային, Պողոսյան Նելյային, Պողոսյան Մառլետային, Պողոսյան Հրաչիկին՝ որպես «դաշնակ-ազգայնականի» ընտանիքի անդամներ, աքսորել են Ալթայի երկրամաս: «Գործը» կարճվել է 1956 թվականի մայիսի 17-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով: Ազատ են արձակել 1956 թվականի օգոստոսի 15-ին* (Արտյուշա Պողոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ տուն է եկել 1956 թվականի սեպտեմբերին): 

Արտյուշա Պողոսյանին, հորն ու մորը, քույրերին ու եղբորը, ինչպես Ոսկանովների (Ոսկանյանների) ընտանիքին, «հատուկ բնակության վայր են» աքսորել՝ Ալթայի երկրամասի Սորոկինսկի շրջանի (Զարինսկի) Ռազմշկա ավան: 1956-ի մայիսին հանցանշանների  անբավարարության պատճառով «գործը» կարճել են, 56-ի օգոստոսին՝ ազատել աքսորից:

Ռեաբիլիտացման նպատակով Պողոսյանների ընտանիքը տարբեր կառույցների է դիմել:

 

Գլխավոր լուսանկարը Վալերի Ղազարյանի արխիվից:  100-ամյա Սոֆյա Լալայանի հուղարկավորությունն է: Դագաղի շուրջ կանգնածները Ստեփանակերտի, Մարտակերտի ու Շահումյանի շրջանի հայերն են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter