HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը քննեց Արամ Հարությունյանին օժանդակելու մեջ մեղադրվող Վիկտոր Մարտիրոսյանի կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման դեմ բողոքը 

Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին կաշառք ստանալու հարցում օժանդակելու և փողերի լվացման մեջ մեղադրվող Վիկտոր Մարտիրոսյանի պաշպանները բողոքարկել են նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի որոշումը:

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպանները ներկայացրին բողոքի հիմքերը:

Նշենք, որ Վիկտոր Մարտիրոսյանն, ըստ մեղադրանքի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին օժանդակել է գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու հարցում, իսկ փողերի լվացման մեղադրանքը վերաբերում է ենթադրյալ կաշառքի գումարն օրինականացնելուն:

Կաշառքի վերաբերյալ գործից անջատվել է Վիկտոր Մարտիրոսյանի և մեկ այլ մեղադրյալ Արաքս Դիլանյանի մասն ու ուղարկվել դատարան, իսկ մյուս մեղադրյալների, նաև՝ Արամ Հարությունյանի մասով քննությունը շարունակվում է: Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ:

Վիկտոր Մարտիրոսյանի պաշտպան Հունան Բաբայանն այսօրվա նիստի ընթացքում ասաց, որ դատավոր Արմեն Վարդապետյանը Մարտիրոսյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման մեջ ստանդարտ և պարզունակ մտքեր է ձևակերպել:

64-ամյա Վիկտոր Մարտիրոսյանը, Հունան Բաբայանի խոսքով, բանասիրական գիտությունների թեկնածու է, արվեստի և գիտության բնագավառի լուրջ անձինք երաշխավորել են նրա պատշաճ վարքագիծն ազատության մեջ մնալու դեպքում:

Բաբայանը նկատեց, որ նախքան կաշառքի գործով մեղադրյալի կարգավիճակ ունենալը Վիկտոր Մարտիրոսյանը եղել է վկա, դրսևորել պատշաճ վարքագիծ, բայց դատարանը գտել է, որ վկայի կարգավիճակում դրսևորած պատշաճ վարքագիծը երաշխիք չէ, որ հետագայում՝ արդեն մեղադրյալի կարգավիճակում ևս Մարտիրոսյանը պատշաճ վարքագիծ կդրսևորի:

Բաբայանը նաև նկատեց, որ Վիկտոր Մարտիրոսյանի և Արաքս Դիլանյանի վերաբերյալ նիստ է նշանակվել սեպտեմբերին, և եզրակացրեց, որ դատարանն էական նշանակություն չի տվել անձի ազատության խնդրին՝ այդքան ուշ նիստ նշանակելով:

Մարտիրոսյանի մյուս պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը, իրենց պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու որոշման մեջ նշել է, թե գործով դեռևս չեն հարցաքննվել վկաները, մինչդեռ գործում ներգրավված վկաներից, ըստ Հրանտ Անանյանի, Մարտիրոոյանի դեմ ցուցմունք է տվել միայն մեկ անձ՝ Սիլվա Համբարձումյանն, ում նկատմամբ մեկ այլ գործի շրջանակներում անվտանգության միջոց է կիրառված, նա ոստիկանների ուղեկցությամբ է տեղաշարժվում: Նման պայմաններում, ըստ Հրանտ Անանյանի, Մարտիրոսյանը չի կարող անօրինական ազդեցություն գործադրել Համբարձումյանի նկատմամբ:

Պաշտպանները համեմատականներ տարան նաև գործով անցնող այլ մեղադրյալների և Վիկտոր Մարտիրոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցների միջև:

Մասնավորապես՝ ի տարբերություն Վիկտոր Մարտիրոսյանի, Արաքս Դիլանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունն, ու ըստ պաշտպանական կողմի, նման խափանման միջոցը չի խոչընդոտել գործի քննությանը: Կաշառքի գործով անցնող մեկ այլ մեղադրյալի՝ Արմեն Խաչատրյանի նկատմամբ, ում գործը Վիկտոր Մարտիրոսյանի գործի հետ չի քննվում, ևս խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը՝ թեև նրան ի սկզբանե ձերբակալել են Վիկտոր Մարտիրոոյանի հետ միասին:

Այս համեմատականներից հետո դատավոր Մխիթար Պապոյանը նկատեց, որ մեկ այլ մեղադրյալ՝ Արամ Հարությունյանն էլ է գտնվում հետախուզման մեջ, թեև ինչպես Վիկտոր Մարտիրոսյանը՝ Հարությունյանը ևս քննության սկզբնական փուլում դրսևորել է պատշաճ վարքագիծ:

Հրանտ Անանյանը հիշեցրեց, որ Վիկտոր Մարտիրոսյանը պատշաճ վարքագիծ է դրսևորել անգամ այն պայմաններում, երբ ակնհայտ է եղել, որ նա գտնվում է քրեական հետապնդման թիրախում:

Մասնավորապես, ըստ Հրանտ Անանյանի, 2018 թվականի հունիսին խուզարկություն է կատարվել Վիկտոր Մարտիրոսյանի բնակարանում, այդ պահից արդեն պարզ է եղել, որ նա քրեական հետապնդման թիրախում է: Դրանից հետո Մարտիրոսյանը ցանկացել է դուրս գալ Հայաստանից, այդ հարցով դիմել է քննիչին՝ թեև նման պարտավորություն չի ունեցել: Ըստ Անանյանի՝ քննիչն ասել է, թե նպատակահարմար չէ, որ Մարտիրոսյանը դուրս գա Հայաստանից, ու վերջինս հրաժարվել է դիմումից:

Անանյանը հիշեցրեց նաև, որ Վիկտոր Մարտիրոսյանի և մյուսների գործը վերաբացելու որոշումը բողոքարկվել է դատարան, մեկ անգամ առաջին ատյանի դատարանն անօրինական է համարել վերաբացման որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանն այդ որոշումը մասնակի բեկանել է, ու գործը նորից ուղարկել առաջին ատյանի դատարան:

Նշենք, որ գործի վերաբացման որոշման օրինականությունը դեռևս ստուգվում է, առաջին ատյանի դատարանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել:

Դատախազ Հայկ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ Վիկտոր Մարտիրոսյանը քրեական հետապնդման թիրախում չի եղել, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանից հետո, երբ դրա համար բավարար հիմքեր են եղել: Ըստ Պետրոսյանի՝ գործի քննության ընթացքում, երբ տվյալներ են ձեռք բերվել Վիկտոր Մարտիրոսյանի հաշվեհամարին գումար փոխանցելու վերաբերյալ, վերջինս փորձել է շեղել քննությունն ու նշել, թե ինքը չէ Վիկտոր Մարտիրոսյանն, ում վերաբերյալ քննություն իրականացնող մարմինը տվյալներ է ձեռք բերել: Ըստ որում՝ դատախազն այս դրվագը ներկայացրեց Մարտիրոսյանի՝ քննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորել կամ չդրսևորելու համատեքստում:

«Ճի՞շտ հասկացա, որ եթե անձը քննությունը շեղել է, ուրեմն պիտի նրան կալանավորել»,-
հարցրեց Մխիթար Պապոյանը, ինչին ի պատասխան՝ Հայկ Պետրոսյանն ասաց, թե ինքը պարզապես փաստում է, որ Մարտիրոսյանը ցանկացել է շեղել քննության ընթացքը:

Պետրոսյանը նաև դիրքորոշում հայտնեց, որ Մարտիրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումն այս փուլում բողոքարկման ենթակա չէ:

«Ես այն դատավորներից եմ, ով գտնում է, որ ցանկացած դեպքում անձի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը ենթակա է բողոքարկման»,- ասաց Պապոյանը՝ նշելով նաև, որ մեկ այլ գործով այս խնդրի վերաբերյալ իրավական դիրքորոշում ակնկալելով՝ ինքը դիմել է Սահմանադրական դատարան:

Նշենք, որ դատավոր Արմեն Վարդապետյանը Վիկտոր Մարտիրոսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու որոշման վերջում նշել է, թե այն բողոքարկման ենթակա չէ, սակայն երբ պաշտպանները բողոքարկել են այդ որոշումը, Պապոյանն այն վարույթ է ընդունել:

Այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանզի որոշակի փաստաթղթեր ձեռք բերելու և դրանք հետազոտելու անհրաժեշտություն առաջացավ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter