HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը ՊԵԿ-ից ստացված դիմումի հիման վրա վերացրեց Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի գույքի վրա դրված կալանքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ որոշում կայացրեց վերացնել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից այն իրացնելու համար:

Դատարանը նաև որոշեց ՊԵԿ-ին տեղեկացնել, որ եթե նշված գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գերազանցի 1 մլրդ դրամը, ապա դատարանն այդ մասին իրազեկվի, որպեսզի նորից քննարկվի մնացած գույքի վրա կալանք դնելու հարցը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին Գրիգորյանին պատկանող վերը նշված գույքի վրա դրված կալանքը վերացնելու վերաբերյալ դիմումը դատարան էր ուղարկել Պետական եկամուտների կոմիտեն: Բանն այն է, որ 2019 թվականին ՊԵԿ–ը ստուգումներ է իրականացրել «Արա և Այծեմնիկ» ընկերությունում, և ընկերության վրա դրվել է 1 մլրդ 18 մլն դրամի հարկային պարտավորություն։

Համաձայն դատարան ուղարկված ՊԵԿ գրության՝ ընկերությունը չի բողոքարկել ստուգման ակտը, ինչից հետո դրա կատարումը հանձնարարվել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը։ Արդյունքում 2019 թ. մայիսին ԴԱՀԿ–ում հարուցվել է կատարողական վարույթ՝ «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ–ից հօգուտ պետական բյուջեի գումարը բռնագանձելու վերաբերյալ։ Կատարողական վարույթի շրջանակներում արգելանքի է վերցվել «Արա և Այծեմնիկ» ընկերությանը պատկանող 47 շարժական և 93 անշարժ գույք։ Վարույթի շրջանակներում, սակայն, պարզվել է, որ ՀՔԾ–ի կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում նշված գույքը կալանքի տակ է դրված, ինչն արգելանք է հանդիսանում կատարողական վարույթի շրջանակներում ընկերության գույքը հարկադիր աճուրդում իրացնելու համար։ Դա է պատճառը, որ ՊԵԿ–ը դիմել էր դատարան՝ խնդրելով վերացնել «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ–ին պատկանող գույքի վրա կիրառված կալանքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter