
Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել է «Կայարանցի Թևոսիկի» եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի դատավճիռը
Վերաքննիչ քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, մասնակի բեկանել է «Կայարանցի Թևոսիկ» անունով հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության, ինչպես նաև ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի դատավճիռը, որով Սարգսյանը դատապարտվել էր 25 տարի ժամկետով ազատազրկման:
Մասնավորապես, Սարգսյանի նկատմամբ ապօրինի զենք կրելու հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Նա սպանությունների հոդվածով մեղավոր է ճանաչվել ու դատապարտվել 19 տարի ժամկետով ազատազրկման:
Դատավճիռը, թեև հրապարակվել է շուրջ 3 ամիս առաջ՝ այն «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում տեղադրվել է հուլիսի 23-ին:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են Թևոս Սաֆարյանի շրջապատում գտնվող անձինք՝ Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:
Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Մովսես Ներսիսյանի դին առայսօր չի հայտնաբերվել, և նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:
Ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են, և Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ, որտեղ էլ նետել է կոյուղու դիտահորն, ապա մեքենան տարել ու թողել «Զվարթնոց» օդանավակայանում՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը գնացել է Հայաստանից:
Նշենք, որ դիտահորը, որտեղից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանին, գտնվում է Սարգսյանին պատկանող հողատարածքի մոտ: Այստեղ տևական ժամանակ ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարվել՝ Ներսիսյանի դիակը հայտնաբերելու ուղղությամբ: Չարենցավան քաղաքից մինչև Աերացիա հասնող կոյուղաջուրը:
Աերացիայում մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Աերացիայում նույնպես Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:
Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:
Իսրայել Սարգսյանը գործի քննության ամբողջ ընթացքում պնդել է, թե Մովսեսին չի սպանել, որ ինքն անձամբ է նրան հորդորել մեկնել Հայաստանից, իսկ Մովսեսը մնացել է:
Լուսանկարում՝ Իսրայել Սարգսյանը
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել