HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի քաղաքապետն ամեն գնով ուզում է պատգամավոր դարձնել Նահապետ Գևորգյանին

Արմավիրի մարզի հանրապետական վարչակազմը գալիք խորհրդարանական ընտրություններն այնքան է կարևորում, որ համայնքապետերն արդեն սկսել են ճնշման և սպառնալիքի միջոցով ձայներ ապահովել ՀՀԿ-ից մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների համար:

«Հետքին» դիմած մի մանկապարտեզի աշխատակից, անունը չհրապարակելու պայմանով, պատմեց, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն օրեր առաջ հավաքել է մանկապարտեզի աշխատակիցներին և պարտադրել, որ յուրաքանչյուրը 10 անձնագրային տվյալ հավաքի, որպեսզի ապահովեն ՀՀԿ անդամ, պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) թիվ 21 ընտրատարածքում ընտրվելու համար անհրաժեշտ քվեներ:

Քաղաքապետը համայնքային ենթակայության ներքո աշխատողներին նույնիսկ համարակալված ցուցակներ է բաժանել և ասել է, թե անձնագրային տվյալ վերցնելու դեպքում քաղաքացիներին գումար խոստանան, սակայն չափ չասեն, քանի որ գումարի չափը պարզ կլինի մարտի սկզբին:

Ըստ մանկապարտեզի աշխատակցի՝ Ռուբեն Խլղաթյանն ասել է, թե իրենց ընտանիքի անդամների անձնագրային տվյալների դիմաց գումարի ակնկալիք չունենան, իսկ մյուսների գումարները կտրվեն ընտրություններից անմիջապես հետո:

Ռուբեն Խլղաթյանը սպառնացել է, որ եթե պահանջված տվյալները չհավաքվեն, ապա կամ նրանք կազատվեն աշխատանքից, կամ էլ մի քանի մանկապարտեզ ամբողջությամբ կփակվի: Քաղաքապետը հավաքի ժամանակ հայտարարել է, թե ինքն ու Նահապետ Գևորգյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և չպետք է թույլ տա, որ նույն տարածքից պատգամավոր վերընտրվի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը:

«Մեզ հետ շատ կոպիտ էր խոսում, նույնիսկ ասաց՝ կարող ա գիտեք, ես խիար եմ, որ չկարողանամ Նահապետ Գևորգյանին անցկացնեմ, սա պատվի հարց ա»,- պատմում էր մանկապարտեզի աշխատակիցը:

Քիչ առաջ էլ Ռուբեն Խլղաթյանն իր մոտ է հրավիրել քաղաքի թաղային լիազորներին և նույն պահանջով նրանց ևս ցուցակներ է բաժանել:

Ռուբեն Խլղաթյանից փորձեցինք պարզաբանում ստանալ վերը նշվածի վերաբերյալ: Սկզբում ասաց, թե լրագրողներին «ինտերվյու չի տալիս»: Հետո, հարցը դեռ ամբողջությամբ չլսած, պատասխանեց. «Փողոցային խոսակցություններին չեմ պատասխանում: Ցտեսություն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter