HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ՝ Արցախի պաշտպանության նախարարի ղեկավարությամբ

Բանակային ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին ընդառաջ, Պաշտպանության բանակի (ՊԲ) առանձին տանկային բրիգադներից մեկի ուսումնական բազայի հիմքի վրա, հուլիսի 31-ին անցկացվել են մարտավարաշարային ցուցադրական պարապմունքներ` Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ: Ցուցադրական պարապմունքներին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, միավորումների և զորամասերի հրամանատարները` իրենց տեղակալներով, առանձին ոլորտների պատասխանատու զինվորական պաշտոնյաներ: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Անդրադառնալով ցուցադրական պարապմունքների նշանակությանը՝ Պաշտպանության բանակի հրամանատարը կարևորել է դրանք առաջիկա ուսումնաշրջանում առաջադրված խնդիրների կատարման համատեքստում` խորհուրդ տալով ուսուցանվող կազմին առավելագույնս օգտագործել ընձեռված հնարավորությունը մարտական պատրաստականության համալիր միջոցառումների իրականացման հարցում, միատեսակ և նաև, ըստ անհրաժեշտության, ոչ ստանդարտ մոտեցումներ ձևավորելու առումով:

Հատուկ ուսումնական տեղամասերում, ըստ ոլորտային խմբերի ցուցադրվել են այնպիսի գործնական պարապմունքներ, ինչպիսիք են զորամասի հերթապահի և անձնակազմի գործողությունները` մարտական պատրաստականության «Բարձր» աստիճանների բերման ժամանակ, աշխատանքների կազմակերպումը անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերում, գործողություններ նստեցման շրջաններում, թիկունքային ապահովման որոշ առանձնահատկություններ և այլն:

Պարապմունքների կարևորությունը նաև նրանում է, որ ցուցադրված բոլոր թեմաները ուղղակի առնչվում են հաջորդ կիսամյակի ուսումնամարտական խնդիրներին և, լինելով փոխկապակցված մեկը մյուսին, բոլոր պաշտոնատար անձանց կողմից պահանջում են համակարգված մոտեցումներ:

Վերջում, ի մի բերելով արդյունքները, ԱՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է միավորումների և զորամասերի հրամանատարներին, նման պարապմունքներ կազմակերպել նաև ենթակա ստորաբաժանումների հետ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter