HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԱԾ տնօրենի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները

Ազգային անվտանության սահմանապահ զորքերի վարչական համալիրում ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի, ԱԱԾ դեպարտամենտների ներկայացուցիչների և Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմի մասնակցությամբ ամփոփվեցին «Վահան 2019» հատուկ սահմանային օպերացիայի արդյունքները: Այս մասին հաղորդում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Ամփոփիչ զեկույցում ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց հատուկ սահմանային օպերացիայի շրջանակներում անցկացված հրամանատարաշտաբային  վարժանքի արդյունքները, նշեց ի հայտ եկած բացթողումները, ինչպես նաև ներկայացրեց առաջարկություններ՝ պետական սահմանում իրադրության սրման պայմաններում սահմանապահ զորքերի գործողությունների արդյունավետության  բարձրացման վերաբերյալ:

Հաղորդագրությունում ասվում է, որ ԱԱԾ սահմանապահ զորքերում առաջին անգամ է, որ նման ձևաչափով զորավարժություն է անցկացվել, ինչը հնարավորություն է տվել Սահմանապահ զորքերի հրամանատարական կազմին գնահատելու իրենց հնարավորություններն ու կարողությունները: Համատեղ հատուկ սահմանային օպերացիայի ընթացքում պետական սահմանի անցման կետերով ընդհանուր առմամբ սահմանահատել է 82671 անձ, 15427 տրանսպորտային միջոց։ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումների մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքում բացահայտվել է՝ սահմանային ռեժիմի խախտման 4 դեպք, կանխվել է կեղծ փաստաթղթերով սահմանահատման 8 փորձ և հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող 9 անձ։

«Աշխարհաքաղաքական այն զարգացումները, որոնք տեղի են ունենում անմիջապես մեր հարևանությամբ, մեզ պարտադրում են զգոն լինել: Իսկ այս հարցում պատասխանատվության ամենամեծ չափաբաժինը հենց սահմանապահ զորքերինն է: Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում, բայց այստեղ շատ ավելի կարևոր է այդ սխալները տեսնել, վերհանել և աշխատանքներ տանել դրանք շտկելու ուղղությամբ»,- իր խոսքում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter