HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արեգնադեմի գյուղատնտեսական կոոպերատիվի ձախողված ծրագիրը

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի կազմում գտնվող Արեգնադեմի գյուղատնտեսական կոոպերատիվի ծրագիրը «Կանաչ արահետ» ԳԱՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանն համարում է ձախողված:

«Մենք Հայաստանի մի շարք գյուղական բնակավայրերում 45 ֆերմերական խմբեր և գյուղատնտեսական կոոպերատիվներ ենք հիմնել, որոնք, վատ թե լավ, աշխատում են: Արեգնադեմի կոոպերատիվը մեր միակ ձախողված ծրագիրն է, քանի որ ընդհանրապես չի գործել, եւ մենք հիմա ելքեր ենք փնտրում՝ ստեղծված իրավիճակը շտկելու»,- ասում է Նունե Սարուխանյանը:

Արեգնադեմի գյուղատնտեսական կոոպերատիվը հիմնվել է 2014թ.-ին՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Հարավային Կովկասում գյուղական համայնքների կանանց կարողությունների զարգացումը կայուն գյուղատնտեսության ապահովման համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացնում է «Հիլսֆերք» ավստրիական կազմակերպությունը՝ համագործակցելով CENN-ի (Վրաստան) եւ «Կանաչ արահետ» ԳԱՀԿ-ի (Հայաստան) հետ: Ծրագրի նպատակն է գյուղական բնակչության համար ստեղծել հավելյալ եկամտի աղբյուրներ եւ նպաստել համայնքի զարգացմանը:

«Մաքսիմում 70 հազար եվրո ներդրում ենք արել, նաեւ համայնքն է ներդրում արել 4 մլն 650 հազար դրամի չափով ու 4 տարի է չի աշխատում, այսինքն զրո եկամուտ,-շեշտում է Ն. Սարուխանյանը,- շատ արժեքավոր սառնարան ենք տրամադրել կաթի պահպանման համար, անալիզատոր ունեն, եթե ծրագիրը սկսեր գործել, հաջորդ քայլը լինելու էր պանրի արտադրման սարքավորումների տրամադրումը, բայց հիմա կանգնած ենք խնդրի առաջ՝ կամ պիտի ծրագիրը տանենք համայնքից, կամ փորձենք որոշակի փոփոխություների գնով վերագործարկել»:

Արեգնադեմում գյուղատնտեսական կոոպերատիվը հիմնվել է այն ժամանակ, երբ համայնքն առաձին միավոր էր: Ծրագրի Շիրակի մարզի պատասխանատու Գեւորգ Պետրոսյանի փոխանցմամբ՝ նախնական ուսումնասիրությունների արդյունքում, սկզբնական փուլում ընտրվել է Ամասիայի նախկին վարչատարածքի 6 գյուղ, որից երեքն անմիջապես մերժվել են չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Ընտրությունը կատարվել է մնացած երեք գյուղերի՝ Բյուրակնի, Ողջիի եւ Արեգնադեմի հնարավորությունները համադրելու արդյունքում:

«Բյուրակնում ո՛չ համապատասխան շինություն ունեին, ո՛չ ներդրման համար գումար, ո՛չ էլ, ճիշտն ասած, ցանկություն՝ ծրագրին մասնակցելու: Ողջիում ասեցին՝ շինություն ունենք, կարող ենք տրամադրել, բայց ներդրում չենք կարող անել, բացի դրանից էլ տրամադրվածություն չկար կոոպերատիվ հիմնելու,- պատմում է Գեւորգ Պետրոսյանը,- մնում էր Արեգնադեմը, որ ամբողջովին համապատասխանում էր ծրագրի գնահատման չափորոշիչներին ու հավաքեց ամենաբարձր բալերը: Որոշվեց կոոպերատիվը հիմնել Արեգնադեմում՝ հաշվի առնելով նաեւ այն ժամանակվա համայնքապետի՝ Աղուն Հազրյանի ակտիվությունն ու ծրագրին մասնակցելու պատրաստակամությունը»:

Արեգնադեմի գյուղատնտեսական կոոպերատիվում համախմբվել է 25 արեգնադեմցի, նախկին համայնքապետ Աղուն Հազրյանի առաջարկով, նախագահ ընտրվել է իր որդին՝ Անդրանիկ Ծառուկյանը:

«Իմ կարծիքով, այս կոոպերատիվի ձախողման հիմնական պատճառներից մեկն էլ հենց նախագահի ընտրությունն է,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը,- էն ժամանակ Աղուն Հազրյանը գյուղապետ էր, առաջարկել է որդուն՝ մարդիկ էլ սուսուփուս ընտրել են: Լավ, ասենք ընտրել են, բայց գոնե աշխատեր: Անդրանիկը Գյումրիում է բնակվում, արհեստավոր է, մեքենաներ է սարքում ու հեռու է գյուղատնտեսությունից»:

Հուլիսի 16-ին Արեգնադեմում տեղի ունեցավ կոոպերատիվի անդամների (25 անդամից ներկա էին 9-ը) եւ «Կանաչ արահետ» ՀԿ-ի համատեղ նիստը, որին մասնակցում էին նաեւ Ամասիա խոշորացված համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Արեգնադեմի բնակիչներ: Օրակարգում ընդամենը մեկ հարց էր. «Գյուղական համայնքների կանանց կարողությունների զարգացումը՝ Հարավային Կովկասի երկրներում կայուն գյուղատնտեսության ապահովման համար» ծրագրի շրջանակներում ձեռք բերված եւ «Արեգնադեմ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվին անհատույց օգտագործման նպատակով տրամադրված գույքի օգտագործման եւ հետագա տնօրինման հարցը:

«Կանաչ արահետ» ՀԿ-ի ղեկավար Նունե Սարուխանյանը նշեց, որ բազմաթիվ հեռախոսազրույցներ են ունեցել կոոպերատիվի անդամ Աղուն Հազրյանի հետ, կատարել մոնիթորինգային այցեր եւ բախվել փակ դռների, պահանջել կոոպերատիվի 2015-18թթ-ի գործունեության եւ ֆինանսական շրջանառության վերաբերյալ տեղեկատվություն ու մնացել անպատասխան: Ապրիլի 5-ին ծրագրի ղեկավարները գրավոր դիմել են կոոպերատիվի նախագահ Անդրանիկ Ծառուկյանին՝ 30-օրյա ժամկետում գույքը նախապատրաստելու եւ շնորհատուին վերադարձնելու պայմանով, սակայն դարձյալ որեւէ պատասխան չեն ստացել, դրա փոխարեն կրկին ունեցել են հեռախոսազրույց նախկին համայնքապետ, կոոպերատիվի անդամ Աղուն Հազրյանի հետ: Վերջինս հավաստիացրել է, որ կոոպերատիվի կաթի հավաքման կետը շուտով կգործի:

Նիստի ժամանակ Աղուն Հազրյանը չժխտեց ներկայացված մեղադրանքները, միայն նշեց, որ այս տարվա հունվար ամսից Անդրանիկ Ծառուկյանն այլեւս կոոպերատիվի նախագահը չէ, սակայն արձանագրություն դրա վերաբերյալ չներկայացրեց: Ըստ Արեգնադեմի նախկին համայնքապետի՝ կոոպերատիվի չգործելու համար եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Նա ծրագրի ձախողումը կապեց 2016թ.-ի խոշորացման եւ իր՝ համայնքի ղեկավարի պաշտոնը թողնելու հետ, միաժամանակ հավելելով, որ շարունակելու է մնալ որպես կոոպերատիվի անդամ եւ ձգտելու է վերագործարկել այն:

«Եվրոպայում եւ Ամերիկայում կոոպերատիվները հզոր ուժ են իրենցից ներկայացնում, կան կոոպերատիվներ, որ ունեն հազարավոր անդամներ, որոնք միմյանց ընդհանրապես չեն ճանաչում, բայց դա չի խանգարում, որ կառույցը գործի,-ասում է Գեւորգ Պետրոսյանը,- նշածս երկրներում շատ ճիշտ պետական մոտեցում կա կոոպերատիվների նկատմամբ, օրենսդրական դաշտն է նպաստավոր, մի բան, որ Հայաստանում դեռ կաղում է: Ֆրանսիայում մի քանի տարի առաջ կաթ արտադրող կոոպերատիվներն, այսպես ասած, գործադուլ արեցին՝ երկու օր կաթը թափեցին, սակայն հասան իրենց ուզածին ու դրած պայմանների կատարմանը, իսկ Հայաստանում մի 10 հոգի չեն կարողանում միավորվել, որ իրենց արտադրանքը հավաքեն, հանձնեն, ուր մնաց թե պայմաններ թելադրեն»:

Վաղօրոք իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Արեգնադեմում սեզոնին 5-6 տոննա կաթ է հավաքվում, ձմռան ամիսներին՝ 1 տոննա: Գյուղից կաթ են տանում «Իգիթ», «Բանդիվան», «Մարիաննա» վերամշակող ձեռնարկությունները: Նունե Սարուխանյանի խոսքերով՝ պոտենցիալ կա, պակասում է նախաձեռնությունը: Նրա համոզմամբ՝ գյուղացիները կոոպերատիվների իրական դերն ու նշանակությունը շատ վատ են պատկերացնում: Գեւորգ Պետրոսյանի դիտարկմամբ, Հայաստանում կայացած համարվում են այն կոոպերատիվները, որոնք ձեւավորվել են հարազատ-բարեկամ ազգակցական կապերով: Այս ոլորտում մեծ խնդիր է նաեւ որոշակի անձի շուրջ ձեւավորվող կառույցը, այնինչ պետք է գերիշխի գաղափարն ու նպատակը: Դրա վառ ապացույցը Արեգնադեմի գյուղատնտեսական չկայացած կոոպերատիվն է:

«Որպեսզի ներդրումը չփոշիանա, ստեղծված կառույցն էլ սկսի աշխատել, միակ տարբերակը կոոպերատիվի նոր նախագահի ընտրությունն է: Հույս ունենք, որ այս անգամ կընտրվի ֆերմեր Հայկ Նիկոլյանը, որ 40-50 գլուխ անասուն ունի, այսինքն՝ ամենաշատ կաթն իրենն է, ու ամենամեծ մոտիվացիան էլ պիտի իրենը լինի, բացի դրանից՝ լավ կազմակերպիչ է»,- նկատում է Գեւորգ Պետրոսյանը:

Արեգնադեմի գյուղատնտեսական կոոպերատիվի կաթի հավաքման կետի նորմալ գործարկումից հետո հնարավոր կլինի աջակցություն ստանալ նաեւ պանրի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման հարցում: Առնվազն 5 տարի կաթի կետի նորմալ գործարկումից հետո «Կանաչ արահետ» ՀԿ-ն պատրաստ է գույքն ու սարքավորումները նվիրաբերել Ամասիա խոշորացված համայնքին՝ հետագա ինքնուրույն կառավարման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter