
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու ՊԲ հրամանատարը այցելել են առաջնագիծ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում աշխատանքային այցով պաշտպանության բանակում գտնվող Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, Արցախի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 1-ին այցելել է հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մշտական տեղակայման վայր և առաջնագիծ: Այս մասին հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններով, սննդի որակով, ուսումնասիրել ներդրված նորագույն սարքավորումներն ու զինատեսակները:
Այցի ավարտին գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ու գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հետևել են նաև հրետանային զորամասերից մեկի հետ անցկացվող զորախաղերի ընթացքին և քննարկել ռազմական համագործակցության և գործողությունների համադրման հետագա անելիքները»,- ասվում է տարածված հաղորդագրությունում:
Մեկնաբանել