HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վայոց ձորի մարզպետարանն ընդդեմ ավագանու՝ «Գլաձոր համայնքն առանց մետաղական հանքարդյունաբերության» որոշման

Վայոց ձորի մարզպետարանը հուլիսի 29-ին դիմել է վարչական դատարան՝ «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:

Նշենք, որ հիմք ընդունելով համայնքի ավելի քան երկու հազար բնակիչների կողմից ներկայացված հանրագիրը Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանին 9 կողմ 1 ձեռնպահ ձայներով ապրիլի 29-ին որոշել էր հավանություն տալ  «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Գլաձոր համայնքի բնակիչների այդ պահանջով համայնքի ղեկավարին և ավագանուն դիմել էին 2019թ. ապրիլի 19-ին:

Որոշման ընդունումից հետո Վայոց ձորի մարզպետը մայիսի 16-ին գրություն էր ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու հիշատակված որոշումը:

Ըստ մարզպետի գրության՝ հանրագիրը ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն պետք է վերադարձվեր հանրագիրը ներկայացնող անձին՝ պարզաբանելով, որ այն չի վերաբերում համայնքի ղեկավարի կամ ավագանու իրավասությանը: Հիմքում դրել է «Հանրագրերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասին, այն է՝ «եթե հանրագիրը կամ դրա մի մասը չի վերաբերում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց իրավասություններին, որոնց հասցեագրվել է, ապա ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանրագիրն ամբողջությամբ կամ մասամբ վերադարձվում է հանրագիրը ներկայացրած անձին՝ պարզաբանելով, թե որ մարմինն է իրավասու տվյալ հարցով»:

Այնուհետև հղում անելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ կետին, նշել է, համայնքի շահերին վերաբերող, բայց իր իրավասությունից դուրս գտնվող հարցերի առնչությամբ ավագանին կարող է ընդունել ուղերձներ` ուղղված համայնքի բնակչությանը, համայնքի ղեկավարին, մարզպետին կամ այլ մարմինների և կազմակերպությունների: Տվյալ պարագայում ավագանին կարող է ընդունել ուղերձ:

Գլաձոր համայնքի ավագանին հունիսի 14-ին նիստ էր հրավիրել՝ ավագանու ապրիլի 29-ի որոշումն անվավեր ճանաչելու մասին, սակայն 7 դեմ, 0 կողմ, 0 ձեռնպահ ձայներով մարզպետի առաջարկությունը չէր ընդունվել:

Վայոց ձորի մարզպետարանի իրավաբանական բաժնից Նիկոլ Բայաթյանը փոխանցեց, որ հայցադիմումի հիմքում դրված է այն, որ ավագանին նման հարցի վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք չուներ, կարող էր ուղերձ հրապարակել:

Վարչական դատարանում գործը քննվելու է 5 դատավորների կազմով: 

Հիշեցնենք, որ մետաղական հանքարդյունաբերությունն իրենց բնական միջավայրերում թույլ չտալու նախաձեռնությամբ հանդես են եկել 5 համայնք՝ 2018թ․ գարնանը` Նոյեմբերյանը, 2018թ․ աշնանը՝ Ջերմուկը, 2019թ․ ապրիլին՝ Գլաձորը և 2019թ․ մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter