HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փոքր Վեդիի ավագանին անվստահություն է հայտնել համայնքապետին. գործը դատարանում է

Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքի ավագանին հունիսի 17-ին արտահերթ նիստում որոշել է անվստահություն հայտնել համայնքի ղեկավար Նորիկ Մարտիրոսյանին: Անվստահության հիմքում դրել են ավագանու դիմումը: 

Համայնքի ղեկավարը, դիմելով վարչական դատարան, պահանջում է առոչինչ ճանաչել ավագանու 17.06.2019թ. թիվ 22 որոշումը: Նշենք, որ Նորիկ Մարտիրոսյանը համայնքի ղեկավար է 2012թ.-ից: Իսկ մինչ այդ՝ 2005թ.-ից եղել է նույն համայնքի ղեկավարի տեղակալը:

Նորիկ Մարտիրոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու որոշման հիմքում դրված են անհիմն պատճառաբանություններ, օրինակ այն, որ համայնքի ղեկավարը համայնքի համար ոչինչ չի արել: Ըստ Մարտիրոսյանի՝ իր պաշտոնավարման տարիներին միայն 12 նախագիծ է ներկայացվել, իրականացրել են սուբվենցիոն ծրագրեր:

Փոքր Վեդիի համայնքապետն ասում է, որ անվստահություն հայտնելու պատճառներից մեկն էլ վերաբերում է նրան, որ իբր ինքը ավագանու որոշումները չի կատարվում: Նշում է 2018թ. հուլիսի 17-ին ավագանու ընդունած որոշումը, որով տվյալ տարվա օգոստոսի 1-ից Փոքր Վեդու «Զարթոնք» մանկապարտեզ ՀՈԱԿ հաճախող երեխաների սննդի գումարը մեկ երեխայի համար օրական սահմանվել է 300 դրամ (հավելյալ 10 տոկոս):

«Քարտուղարն այդ որոշումը ներկայացրել է մանկապարտեզի տնօրենին, իսկ տնօրենն այդ որոշումը պատռել, գցել է: Մեր հաշվարկով սնունդի գումարն անցնում է 330 դրամից: Երեխային լավ սնելու համար մինչև 400 դրամ հասնում է այդ գումարը, իսկ իրենք ասում են, որ համայնքի ղեկավարը բյուջեն շռայլում է, ավագանու որոշումը չի կատարում»,-հավելում է Փոքր Վեդիի համայնքապետը:

Նորիկ Մարտիրոսյանի ասելով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից գրություն են ստացել, որ համայնքապետին անվստահություն հայտնելն անհիմն է, ավագանին պետք է արտահերթ նիստ հրավիրի և ուժը կորցրած ճանաչի իր իսկ որոշումը:

«Հրավիրել եմ ավագանու արտահերթ նիստ, ավագանու անդամները չներկայացան, ես էլ դիմել եմ դատարան»,- ասում է Նորիկ Մարտիրոսյանը:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև Փոքր Վեդի համայնքի ավագանու անդամներից, սակայն նրանց հետ զրուցել չհաջողվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter