HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը չի հերքում Արսեն Թորոսյանի հետ ունեցած լարված հարաբերությունների մասին լուրերը

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմի ղեկավար Էդգար Խուրշուդյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ մամուլում շրջանառվող այն խոսակցությանը, որ տեղի կունենա տեսչական մարմնի ղեկավարի փոփոխություն։ Նշեց, որ պաշտոնանկություն չկա, որովհետեւ չկա վարչապետի համապատասխան որոշում։

Մի քանի օր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացվել է՝ օգոստոսի 1-ից ազատվելու է պաշտոնից, պատճառը՝ առողջապահության նախարարի հետ ունեցած լարված հարաբերությունները։

Այսօրվա ասուլիսի ընթացքում տեսչության ղեկավարը իր եւ նախարար Թորոսյանի միջեւ լարված հարաբերությունների մասին լուրերը չհերքեց, սակայն նշեց, որ պետք չէ խուսափել խնդիրները վեր հանելուց, այդ պատճառով է տեսչական մարմինն առանձնացել լիազոր մարմնից։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմի ղեկավար Էդգար Խուրշուդյանն անդրադարձավ նաեւ տեսչական մարմնի կատարած աշխատանքներին: Նա նշեց, որ վերահսկողությունը կատարվել է 4 ուղղությամբ՝ բժշկական օգնության, սպասարկման, դեղերի շրջանառության, սանիտարահամաճարակային կանոնների ու պայմանների պահպանման, աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանման։ Ըստ նրա՝ նախորդ տարի կատարված աշխատանքի արդյունքում իրականացված վարույթների քանակը եղել է 208, իսկ այս պահին հասնում է 1100-ի, որոնց մեջ մեծ թիվ են կազմում կեղծ փաթեթավորումներ, կեղծ ներմուծումներ ունեցող դեղերը։ Տեսչական մարմնի կողմից իրականացված տուգանքների ընդհանուր արժեքը գերազանցում է 300 միլիոն դրամը։

«Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ Էդգար Խուրշուդյանը նշեց, որ հարցումներ են ուղարկվել ազգային անվտանգության ծառայություն։ Հիշեցնենք, որ տեսչական մարմինը հունիսի 12-ին հայտարարություն էր տարածել, ի պատասխան Արսեն Թորոսյանի հնչեցրած այն պնդմանը, որ տեսչական մարմինը խոչընդոտում է հանրային առողջապահական ծրագրերին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր.

«Նախարար Թորոսյանը, հավանաբար գիտակցելով հայտնաբերված խախտումների համար պատասխանատվության իր բաժինը ունենալու հետևանքների բեռը՝ որպես այդ գործնթացի կազմակերպման պատասխանատու, փորձում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել տեսչական մարմնին և թույլ չտալ ավարտին հասցնել վարույթները»:

Հարկ է նշել, որ այս քննարկումները սկսեցին այն բանից հետո, երբ տեսչական մարմինը  250 հազար դրամի չափով վարչական տույժի ենթարկեց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ Վահե Տեր-Մինասյանին՝ հեռուստատեսությամբ «Գարդասիլ» պատվաստանյութի վերաբերյալ հարցազրույցի ընթացքում պատվաստանյութը գովազդելու համար:

Էդգար Խուրշուդյանը նշեց, որ իրենք նկատել են օրենքի խախտում, եւ այլ խախտումներ թույլ տված անձանց նման տուգանվել է նաեւ Վահե Տեր-Մինասյանը: Տեսչության ղեկավարն ասաց, որ բողոքն ստանալուց հետո գործն ուսումնասիրվել է բազմակողմանի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter