HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այգիներն արոտավայրեր դարձան, արոտավայրերը՝ անապատացող հողեր

Նոր Ամանոսի համար ջուր ունենալը դեռեւս երազանք է մնում

«Աղավնին, որ ծիլ է տարել Նոյին, էդ մեր գյուղից է տարել: Եթե մի նոր ջրհեղեղից աշխարհը քանդվի, մեր գյուղն էլի ջրի տակ չի անցնի»,-ասում են Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի բնակիչները' այլաբանորեն արտահայտելով իրենց հիասթափությունը ջրասակավ ծննդավայրի հանդեպ:

Գյուղի աջ ու ձախ կողմերին ծարավից տոչորվող դաշտեր են: Հողն արեւից ու չորությունից խանձվել է ու ճաքճքել: Բույսն ու կանաչն էլ ժլատ ու սակավ են, իսկական անապատի նման: Խորհրդային տարիներին գյուղը հայտնի էր ծիրանանոցներով ու դեղձուտներով: Բայց անկախացումից մինչեւ 2002 թվականը տառացիորեն ոչ մի կաթիլ ոռոգման ջուր չմտավ գյուղ: «Ջրի պատճառով մեր այգիները լրիվ քանդվեցին, 130 հա-ից մնացել է 60-70 հա այգի, այն էլ մինչեւ հիմա չենք ջրել»,-ասում է համայնքապետ Սարգիս Ալեքսանյանը:

Նոր Ամանոսի 800 բնակիչներից 565-ն է մնացել գյուղում: Այդ 565-ից 10 մարդ միայն աշխատանք ունի՝ գյուղապետարանի 10 հոգուց բաղկացած աշխատակազմը: Մնացած աշխատատեղերը օրավարձով բանվորությունն է հարեւան գյուղերի ունեւորների արտերում: Նոր Ամանոսում էլ նույն պատկերն է, ինչ Հայաստանի մարզերի մեծ մասում: Ոռոգման ջրի բացակայության պատճառով նույնիսկ հողագործությամբ զբաղվելու հնարավորություն չունենալով' մարդիկ լքել են գյուղը, մեկնել արտագնա աշխատանքի: 10-15 ընտանիք ընդհանրապես հեռացել է: Իսկ նախկին ծաղկուն այգիները արոտավայրեր են դարձել, պտղի ու բանջարեղենի փոխարեն մարդիկ հարկադրաբար ցորեն են ցանում:

Համայնքապետարանի տարեկան 1 մլն 800 հազար դրամանոց դոտացիան մեծ մասամբ ծախսվում է 1996 թվականից մինչ հիմա չվճարված աշխատավարձերի պարտքերի մարման վրա: Նախկին աշխատողները դատարան են դիմել եւ իրենց պարտքերն են ուզում: «Դեռ մի 7 տարի էլ պարտք ենք փակելու»,-ասում է համայնքապետը: Այնպես որ, ոռոգման գոնե մասնակի խնդիրներ սեփական միջոցներով լուծելու տարբերակներ համայնքապետարանը քիչ ունի:

Գյուղը ոռոգվում է Արզնի-Շամիրամի ջրանցքից եկող ջրերով, վերջին կանգառն այստեղ է, եւ հաճախակի տատանումներն անմիջապես ազդում են ջրի ելքի վրա: 10 գյուղի սպասարկող «Շամիրամ» ջրօգտագործողների միության նախագահ Արամ Պարսամյանը արտերի ու այգիների չորանալու պատճառներն է նշում: Նրա ասելով' իրենք Ամանոսին պահանջվածից 3 անգամ ավելի ջուր են տալիս, բայց այգիները չորացել են գյուղացու անշրջահայացության պատճառով: Շատերը սեզոնի սկզբում հրաժարվեցին ոռոգումից (1 հա-ի համար 10 հազար դրամ են վճարում)՝ հույսը դնելով գարնանային առատ անձրեւների վրա: Բայց գարնան ավարտը միանգամից եւ անսպասելի չորայնությամբ սկսվեց, հիմա բոլորի այգիները ծարավ են, եւ բոլորը միաժամանակ են ուզում ջրել իրենց այգիները: Բայց մի տեղ ջրում են, մյուսը մնում է ծարավ, եւ լարվածությունը չի դադարում:

«Միաժամանակ բոլորին բավարարելու հնարավորություն ո՛չ ջրանցքը ունի, ո՛չ ջրառը»,-ասում է տնօրենը եւ մեզ տանում Ամանոսի ոռոգման հանգույցի բաժանարար կետը: Գյուղ ձգվող ոռոգման մայր խողովակն իսկապես բերնեբերան լցվում է ելքի մոտ: «Ես ամբողջ Արզնի-Շամիրամ» ջրանցքի ջուրը չեմ կարող տալ, էդքան հնարավորություն էլ չկա, ջրանցքի տարողությունը մեծ չի»,- ասում է Արամ Պարսամյանը: Նա խիստ վրդովված է, որ իրենք գիշեր-ցերեկ աշխատում են օձերի ու կարիճների մեջ, առանց դադարի, բայց գյուղացիներն էլի դժգոհում են իրենցից. «Ջրատարը պիտի վերակառուցվի, ներտնտեսային ցանցերը պիտի նորոգվեն, քանի որ մինչեւ 35-40 տոկոս ջրի կորուստ է լինում նաեւ այդտեղ»: Համաշխարհային բանկի ծրագրով գյուղական համայնքների ներտնտեսային ցանցերի նորոգմանը 15 տոկոս ներդրման չափով պետք է մասնակցի նաեւ համայնքը: Շրջակա գյուղերից միայն Նոր Եդեսիան է ունեցել այդ հնարավորությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ խիստ աղքատ գյուղերի բնակիչները, եթե օգտագործում են ոռոգման ջուրը, պարտաճանաչ վճարում են: Չվճարողներ չկան: «Որտեղ ջուրը քիչ է, գինը լավ են հասկանում»,-ասում է տնօրենը:

Պարտիզակ գյուղի բնակիչ Ղուկաս Ղուկասյանն ասում է, որ մինչ հիմա չեն ջրել ցորենի արտերը: «Ցորենն արդեն քաղելու է, բայց ջուր չի տեսել, ու՞մ է պետք այդ ցորենը»: Երբ պատմում ենք, որ հենց նոր ջրանցքից ենք գալիս, եւ ջուրը հորդում էր դեպի գյուղ, կասկածանքով տարուբերում են գլուխներն ու ասում' «Ջոկել են երեւի, որ գալիս, հետաքրքրվում եք, միացրել են: 15-20 օր է, որ ջուր է երեւացել, էն էլ ընդհատումներով է գալիս, հողերի կեսը մնում է անջուր»: Ղուկաս Ղուկասյանն այգին ջրել է, արտերը' ոչ: Այստեղ էլ նույն պատմությունն է, ինչ Նոր Ամանոսում: Այստեղ էլ խաղողի, խնձորի, ծիրանի բերքառատ այգիներ են եղել, բայց ջրի պակասի պատճառով չորացել են: Գյուղի 132 հա այգիներից 2 հա չի մնացել: Այստեղ եւս տները մեկ ու մեջ դատարկվել են, բնակիչները կամ Ռուսաստանում են, կամ այնտեղ, ուր հաջողվել է մի կտոր հաց վաստակել: Ղուկասյանների ընտանիքն ապրում է տուֆի քարհանքում աշխատող 2 որդիների աշխատավարձով: Ընդհանրապես, շրջակա մյուս գյուղերի համար էլ քարհանքը փրկություն է դարձել, թեեւ տխրությամբ ասում են, որ նախկինում այդտեղ միայն կալանավորներին էին աշխատեցնում:

Շրջակայքում գյուղ չկա, որ ոռոգման ջրի խնդիր չունենա: Սեփականաշնորհումից հետո երբեւէ չօգտագործված հողերի հաշվին հողօգտագործման ծավալները միջինը 3 անգամ մեծացել են: Ջրանցքը գործում է, բայց նրա հզորությունն այլեւս չի բավարարում սպասարկման մի քանի անգամ ավելացած ծավալներին: Ոռոգման խնդրի լուծման հույսը համայնքապետերն ու գյուղացիները կապում են «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ: Ակնկալվում է, որ 1մ-ով բարձրացվելու է մայր ջրատարի ջրի մակարդակը, այնպես, որ ջուրը լիարժեք հասնի մինչեւ ամենավերջին կետը: Մայր ջրատարը սպառել է գոյության ժամկետները, լրիվ քարուքանդ է եւ, բնականաբար, ջրի կորուստներն անխուսափելի են թե՛ դեպի գյուղեր ձգվող ճանապարհին, թե՛ գյուղեր հասնելուն պես' ներտնտեսային քայքայված ցանցերի մեջ:

Սակայն հողն այստեղ ամլանում ու անապատի է վերածվում ոչ միայն ջրի պատճառով: Արդեն չորրորդ տարին է՝ գյուղացիները միայն ցորեն են ցանում, որ համեմատաբար քչապահանջ, հատուկ խնամք ու ոռոգում չպահանջող բույս է: Գյուղացին քաջ գիտի, որ բերքը բերրի լինելու համար երկու տարին մեկ պետք է փոխի ցանվող կուլտուրան կամ ժամանակ առ ժամանակ թողնի, որ հողը հանգստանա: Գիտի, բայց շարունակում է առանց ընդմիջման ցորեն ցանել, այլ ելք չունի: Ջրազրկված հողը հոգնել է նույնիսկ ցորենից: «Այս տարի ցորենի բերքը 20 ցենտներից երեւի չի անցնի, իսկ առաջին տարին 1հա-ից 70-80ց բերք ստացան: Եվ եթե ջրի հարցը լուծվի, մարդիկ ցորեն չեն ցանի այստեղ»,-ասում է համայնքապետ Սարգիս Ալեքսանյանը:

Նոր Ամանոսում ամեն տան բակում դեկորացիաների նման տոննայանոց տարողությամբ ջրի բաքեր են կանգնեցված: Ջուրն այստեղ Ոսկեթաս գյուղի ջրատարից են ստանում, բայց ամռանը, երբ հարեւան գյուղերից ջրի ճամփեն կտրում են եւ խմելու ջրով ոռոգում իրենց հողերը, այդ մի ժամվա ջուրն էլ չի հասնում իրենց: Համայնքապետի կարծիքով, Ոսկեթասից եկող ջրի սակավության պատճառը նաեւ թույլ վերահսկողությունն է, օրենքի պահապանների անպատասխանատու վերաբերմունքը: Ոսկեթասի հանգույցի խմելու ջրից սնվում են եւս 2 գուղեր' Պարտիզակն ու Արուճը: Պարտիզակին պիտի տրվի վայրկյանում 2 լիտր, Արուճին' 5, Նոր Ամանոսին' 5 լիտր ջուր: Բայց մշտապես ընդամենը 2 լիտր ջուր է հասնում գյուղերից յուրաքանչյուրին: Միջինը 3 օրը մեկ մի քանի, երբեմն էլ 1 ժամով ծորակներում ջուր է հայտնվում: Գոնե այդ 2 լիտրը կանոնավոր ստանալու համար 3 համայնքապետերով ստիպված եղան հերթ սահմանել: 3-4 ամիս առաջ Թալինի տարածաշրջանի մի քանի գյուղեր պարկերով փակել էին ջրի ճամփան' պարզապես իրենց անասուններին ջրելու համար: Ամառն էլ կարտոֆիլը ջրելու ժամանակ է ճգնաժամ առաջանում Ոսկեթասի նույն երակից սնվող այս 3 գյուղերում: Իհարկե, պետությունը գիտի այս մասին, եւ 2003 թվականին կառավարական հատուկ որոշում եղավ խմելու ջրի վերաբերյալ: Բայց ոչինչ չի փոխվել, առաջներում Նոր Ամանոսը ջուրը ստանում էր Նազրվան գյուղի հանգույցով, հիմա' նորոգված Ոսկեթասով: Պարզապես մի տեղը փոխվեց մյուսով, իսկ ճանապարհին էլի գողանում են: Բաքերն այդպես էլ դատարկ են մնում, որովհետեւ չեն հասցնում այդ մի ժամում ջուր լցնել:

Տարիներ առաջ, երբ ջուրը ցիստեռներով էին բերում գյուղ, հերթը ձգվում էր մինչեւ գյուղի ծայրամասը, եւ այդ հերթի մեջ կանայք իրար մազ էին պոկում, թշնամություն ու անհաշտություն էր առաջանում ընտանիքների միջեւ: Հիմա, երբ 3 օրը մեկ են տալիս ջուրը, Նոր Ամանոսի կանայք օտարներին իրենց կենցաղին ծանոթացնելիս առաջինն ասում են' «Գիտե՞ք լվացքը ոնց ենք անում: Մենք դարձել ենք անապատի ուղտեր: Ջուրն ափսոսում ենք թափել, պահում ենք' ինչքան եւ ոնց հնարավոր է: Մարդ կա' ափսոսում է լողանա, ասում է' ավելի լավ է այդ ջրով ծառն ու բախչեն ջրեմ: Մի խոսքով, էստեղ ապրելը շատ դժվար է»,-եզրափակում են նրանք' խղճալով իրենք իրենց, քանի որ «էստեղ ապրելը միայն անտերի տեղ է»:

Անուշ Թովմասյանը պատմում է, որ հիմա էլ, ինչպես տարիներ առաջ, ստիպված են հարեւան Թալիշից ցիստեռներով ջուր բերել: Իսկ այգին բաժակ-բաժակ են ջրում, եւ ցույց է տալիս մի քանի մանր կարտոֆիլներով դատարկ թփերը: Եթե դրսում աշխատող զավակներ չունենար, ընտանիքը սովի կմատնվեր:

Ջրի բացակայությունը մարդկանց գազազեցրել է, եւ նրանք իրական ու երեւակայական թշնամիներ են փնտրում: Անուշը մատնացույց է անում հեռվում երեւացող հասուն ու կանաչ այգիները. «Վարձակալված հողեր են, ղեկավարներն են վարձակալել Երեւանից ու Աշտարակից, նրանք կթողնե՞ն, որ մեզ ջուր հասնի: Գնացեք իրենցը նայեք ու եկեք ցորենի արտերը տեսեք: Մի հա-ից հազիվ 500 կգ բերք լինի»:

Գյուրզաները մտել են տների բակերը

Աղքատ, քարաքոս հիշեցնող բուսականության, արեւից գունափոխվող «քարուքռերի» հետ անապատացող Նոր Ամանոսի պատկերն ամբողջացնում են գյուրզաներն ու կարիճները: Սա գյուղացիների գլխավոր մտահոգություններից է: Ընդամենը 3-4 օր առաջ 9-րդ դասարանցի Սարգսյան Դիանային գյուրզան խայթեց, երբ աղջիկը հորը հաց էր տարել հանդ: Աշտարակի հիվանդանոցում ասել են, թե հակաթույն չունեն, նրան տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: «Անցած տարի էլ 20-ամյա Արմինե Ղազարյանին իժը խայթեց, եւ երկու անգամ էլ չկար այդ դեղը»,-ասում է համայնքապետը:

Գյուրզան այս տարածքի ամենաթունավոր օձերից է, օձի խայթոցներ ամեն տարի արձանագրվում են: Շրջակայքում այնքան հաճախ են գյուրզաներ հանդիպում, որ գյուղը օձի թույնի ստվերային բիզնեսով զբաղվող մարդկանց մշտական ուշադրության կենտրոնում է: Նրանք հաճախ են գալիս այս գյուղերը, եւ մեկ-երկու մարդ կա, որ հատուկ օձ բռնելով է հացը վաստակում:

Այս տարի շոգերն անսպասելի վրա տվին, եւ երեւում է' մարդկանց հետ օձերն էլ են անակնկալի եկել: Շոգից ու ծարավից հալածված' նրանք մտնում են տների բակերը, զովություն փնտրում ծառերի շվաքում: «Ողջ գիշեր մեր մորու թփերի տակից օձի կռռոց է լսվում»,-պատմում է Անուշ Թովմասյանը: Երեւանից գյուղ հարս գնացած պարտիզակցի երիտասարդ ուսուցչուհին եւս պատմեց, որ ինքն էլ վախենալով է տնից դուրս գալիս: «Ջուր որ եղավ, օձ չի լինի»,-ասում է նա,-ջուր չկա, օձերը ձորերից գյուղ են բարձրանում»:

Սեւ ու սպիտակ կարիճները եւս անապատացած տարածքի մշտական բնակիչներն են դարձել: Մի քանի տարի առաջ 7 տարեկան մի երեխա դրանց զոհը դարձավ: Չհասցրեցին հիվանդանոց տանել:

Չնայած ամեն ամռան նախաշեմին Առողջապահության նախարարության մեր պաշտոնատարները պարտաճանաչորեն հայտարարում են, որ բոլոր մարզերն ապահովված են հակաթույնով, փաստն այն է, որ հանրապետության ամենավտանգավոր տարածքներից մեկում արդեն քանի տարի հակաթույնի երես չեն տեսել:

Կարինե Դանիելյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter