HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիմվոլիկ հույսը

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Անցած դարի 90-ականների սկիզբ, խավար, խոնավ խցում 8 մահվան դատապարտվածներով նստած ենք ամեն մեկս մեր մտքերի մեջ` անվերջ կրկնվող մտքեր… մեկ էլ ներքևի հարկից երեք անգամ ուժեղ հարվածում են առաստաղին`մեր հատակին: Տղաներից մեկը մոտենում է մի քանի շերտ ճաղերով և դրսից երկաթե շերտավարագույրով փակված պատուհանին.

-Ասա՛:

-Ախպե՛ր, ձեր մոտ պրոֆեսը՞ր կա: 

Բախտակիցս ուզում է գոռալ, որ չկա, բայց «պրոֆեսըր» լսելով՝ վեր եմ թռնում տեղիցս.

-Հա՛, ախպե՛ր, ասա՛:

-Կո՛ն իջեք:

Բախտակիցներս զարմացած նայում են, որովհետև ինձ գիտեին որպես «Շվեդ», բայց չգիտեին, որ ապահովության համար արդեն փոխել եմ ծածկանունս… արագ-արագ հանում ենք երկար թելը` ծայրից բարակ էլեմենտ կապած, որը հազիվ է անցնում ճաղերի արանքով ու իջեցնում ներքև: Վայրկյաններ անց լսում ենք՝ քաշի՛: Քաշում ենք թելը, ասես ձուկ ենք բռնել: Թելի վրա ամրացված է «քսիֆ»` բանտարկյալի նամակ: Էլեմենտից մի փոքր հաստ է, ու չի ստացվում ներս բերել: Ահավոր անհանգստանում ենք, մեկս հոգնում է ու մյուսն է սկսում տանջվելով` նուրբ հետ ու առաջ տալով, բարակ փայտիկով օգնելով փորձել ներս քաշել: Բոլորս ոտքի վրա ենք, անհանգիստ, որ հանկարծ դռանը չմոտենանան, արգելագոտուց չտեսնեն: Վերջապես ստացվում է: Շնչակտուր քանդում եմ ամուր փաթաթված ցելոֆոնը ու բացում երկու թերթի վրա խիտ-խիտ գրված ծնողներիս ու եղբորս նամակը: Սկզբից հայրս է խոսում հետս: Աչքերս լցվում են: Հիմա խոսում եմ մայրիկիս հետ: Տառերը չեն երևում` աչքերիս արցունքները խանգարում են: Տղանելը լուռ նստած են: Վերջացրեցի: Նորից եմ կարդում: Բոլորը անհամբեր սպասում են՝ ինչ կասեմ, ինչ լուր կա Ողջերի աշխարհից:

-Մհեր ջան, ո՞նց են տնեցիք, - հարցնում է տարիքով ամենամեծը:

-Փա՛ռք Աստծո, լա՛վ են…

Բոլորն էլ լավ մաղթանքներ են ասում ու զգում եմ, որ արդեն չեն դիմանում…

-Տղե՛րք, պապաս ասում ա, որ հաստատ լավ ա լինելու, որ մահապատիժը սիմվոլիկ պատիժ ա, ու բացառվում ա, որ մեզ գնդակահարեն, մի օր մահապատիժը կվերացնեն:

Մեծահասակ դատապարտյալը սկսում ա բարձրաձայն լաց լինել: Բոլորի դեմքին ժպիտ է երևում, միայն մեկը լուրջ մտքերի մեջ է.

-Բա «սիմվոլիկ» ի՞նչ ա նշանակում… 

-Ես գիտե՛մ, ես գիտե՛մ,-գրեթե գոռալով ասում է Սովետական Ռուսաստանի գաղութներով անցած մյուս մեծահասակ դատապարտյալը,-սիմվոլիկ նշանակում ա ձևական էլի, ինքը չկա, մենակ իրա նշանն ա, հասկանու՞մ եք…

Հետո սկսում է ռուսերենով բացատրել, տղաները կարծիքներ են ասում, մի քիչ վիճաբանում ենք ու վերջում բոլորը համաձայնվում են, որ «սիմվոլիկը» մեզ համար շատ լավ բառ է, ավելին` հենց այդ բառն է մեր փրկությունը…

Լսում եմ տղաներին ու հիշում Գորկու «Հատակումը»… 

Առհասարակ այն տարիներին ընդունված էր, որ «քսիֆը» բարձր կարդացվի` գաղտնիք չկա եղբայրության մեջ… ես այդ սկզբունքով չէի առաջնորդվում.

-Մհե՛ր ջան, ախպերական, շատ եմ խնդրում պապայիդ գրած էտ մի նախադասությունը ցույց տուր` իմ աչքերով նայեմ, սիրտս տեղը ընկնի, հանգիստ քնեմ` իմանամ, որ էրեխեքիս մի օր կտենամ…,- ասում է 30 տարի սիբիրյան գաղութներում կյանքն անցկացրած դատապարտյալը:

Նամակի այդ հատվածն եմ ցույց տալիս, հերթով բոլորը մոտենում են, որ համոզվեն` «սիմվոլիկ» բառն իրոք կա:

Հիշում եմ, որ ծնողներս գրում էին` իրենց ինչ-որ փաստաբան ասել է, որ 3 տարի պատիժ կրելուց հետո նոր հնարավոր կլինի ինչ-որ բան անել, ու ես հավատալով` 3 տարի սպասեցի: Հետո ինչ-որ դատախազ ասել էր, որ մեզ ճիշտ չեն ասել` իրականում 5 տարի հետո է հնարավոր գործը նայել: Հետո 5-ը դարձավ 7 տարի, ու ես հասկացա, որ բոլորը խաբում են…, իսկ խեղճ ծնողներս հավատում են… մի օր խցակիցներիցս մեկը նորից ասաց բազմաթիվ անգամներ կրկնված բառեր.

-Թունելի վերջում լույս ա երևում:

Էլ չդիմացա.

-Արթնացե՛ք, էս թունելը էս բանտի պես կլոր ա ու վերջ չունի, անիմաստ պտտվում ենք` մտածելով, թե հեսա վերջին կհասնենք` լույս կերևա:

-Մի՛ գժվացրա մեզ, Մհե՛ր, մի ասա տենց բաներ, մարդիկ հույսով ապրում են…,- ջղայնացավ բախտակիցս:

-Հույսով ապրում ու…,- արձագանքեցի ես,- պետք ա լույս աշխարհ դուրս գալ…

Մեկ տարի չանցած Սողոմոնի հետ լույս աշխարհում էինք: Հետո չնայած հետ բերեցին բանտ, արդեն մեզ համար այն կլոր չէր… սրանք զուտ խոսքեր չեն, իրոք իսպառ վերացավ անելանելիության զգացումը: 5 տարի անց նորից լույս աշխարհում էինք: Եվ դա մեզանից այլևս ոչ ոք չի կարող խլել, չնայած, որ դաժան պատժվեցինք: 

Հիմա հաստատ գիտեմ կարևորը, որովհետև գտել եմ իմ ԱՄԲՈՂՋԻՆ`իմ Կին-Աղջկան: ՍԵՐ և ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ` ահա բանաձևը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter