HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երեւանի սրտից պոկում են իր անցյալը»

Lուսանկարիչ Հայկ Բիանջյանը մոտ մեկ տարի է Բուզանդի փողոցի վտարվող բնակիչների հետ է: «Իմ լուսանկարներում ես փորձում եմ պահպանել իմ քաղաքը»,-ասում է նա:

Քայլում ենք նրա հետ Բուզանդի փողոցով, ձախ կողմում էքսկավատորն է աշխատում, աջ կողմում դեռեւս կանգուն տներ են: «Սրանց հերթն էլ կգա…»,- տխուր ասում է Հայկը՝ ֆոտոխցիկը բարձրացնելով։ Նկարում է աղյուսե պատեր, կամարներ. «Մի հիվանդություն կա՝ ամնեզիա՝ հիշողության կորուստ, մեր քաղաքը հիվանդացնում ենք այդ հիվանդությամբ։ Դուք պատկերացնու՞մ եք ինչ դաժան բան է, երբ մարդու մտքից կորչում է մի ամբողջ շրջան, մի ամբողջ պատմություն իր կյանքի լավ օրերից։ Մեր Երեւանի սրտից էքսկավատորները պոկում են իր անցյալը»։

Վազելով Հայկին է մոտենում մի փոքրիկ՝ Անուլիկն է: Հայկը բազմիցս լուսանկարել է նրան «Բյուզանդական պատերազմի» ժամանակ. «Ես հարկադիրի տան տեղը գիտեմ, իրա անունը դրել եմ բմբզ»,-ասում է չարաճճի աչքերով, գեղեցիկ աղջիկը։ «Հարկադիրը քեզ նեղացրե՞լ է»,-հարցնում ենք: Անուլիկը պատասխանում է. «Երբ մեր տունը քանդում էին, տատիկս դուրս չէր գալիս, հարկադիրը տատիկիս ծեծեց, ես տեսա, ընենց էի լացում»։ Չի ուզում խոսել, մեծ աչքերը լցվել են, հայացքը շրջում է, չի ուզում տեսնենք, որ տխրեց, բայց քիչ անց ուրախ դիմում է Հայկին. «Հիշու՞մ էս, որ քեֆ էինք անում, ի՜նչ լավ էր, բա հիշու՞մ էս, որ ճամբար էինք սարքել »։

Հայկը պատմում է, որ այն օրերին, երբ Բուզանդի փողոցում իսկական պատերազմ էր, իրենք մի քանի ընկերներով փողոցում ճամբար էին սարքել երեխաների համար։ «Մի կողմում կռիվ էր՝ տներ էին քանդում բառացիորեն մարդկանց գլխին, մյուս կողմում մենք երեխաների համար ճամբար էինք սարքել։ Երեխեքի դեմքին ժպիտ տեսանք։ Խեղճերը միայն ծեծ, կռիվ ու հարկադիր էին տեսնում»։

Հայկը հիշում է, որ Անուլիկի մայրը մի քանի ամսական երեխայի՝ Անուլիկի եղբոր հետ տանն է եղել, երբ մյուս կողմից էքսկավատորը սկսել է քանդել տունը։ Հանկարծ Անուլիկը դիմում է մեզ. «Ուզու՞մ եք մեր տունը ցույց տամ, եկեք»։ Գնում ենք ետեւից, պպզում է մեծ փոսի մոտ. «Այ ստեղ էր մեր տունը, էստեղ քարեր էի շարել։ Այ էնտեղ հեծանիվս էի դնում»,-հետո գլուխը թեքում է մեզնից ու չի խոսում, երկար նայում է փոսին։ Հայկը Անուլիկին տուն է ուղեկցում, նրանց ընտանիքը մոտակայքում տուն է վարձել։

Շարունակում ենք շրջել Բուզանդի փողոցով. «Սա մեծահարուստի առանձնատուն է եղել։Տասնիններորդ դարի կառույց է, Մնացակյան եղբայրներինն է, այս մեկը այն ժամանակվա մյուս մեծահարուստի՝ Անտոնյանի տունն է։ Այստեղ էլ խորհրդային կարգերի ժամանակ որոշված էր հիմնել Լենինի թանգարանը»,-պատմում է Հայկը։

Հայկը հիշեցնում է այստեղ նկարահանված «Գրանդ Քենդի»-ի գովազդային հոլովակը, երգիչ Թաթայի տեսահոլովակը. «Վաղը, երբ այս ամենը չլինի, որտե՞ղ են նկարելու երեւանյան միջավայրը, անցուդարձը, թթենին, բակը, բարեկամ դարձած հարեւանին»։ Նա Թիֆլիսում չի եղել, սակայն լսել է Հավլաբարի մասին, երազում է, որ Երեւանն էլ իր Հավլաբարն ունենա։

«Սեպտեմբերի մեկին սկսվեց դաժանությունը»,-ասում է Հայկը' պատմելով մի կնոջ մասին, ում դաժանորեն ծեծել են իր ներկայությամբ։ «Իսկական պատերազմ էր։ Բարիկադներ էինք սարքել բնակիչների հետ։ Էքսկավատորները առավոտյան եկան, չկարողացան փողոց մտնել։ Ի՞նչ օգուտ»,-շրջվում է դեպի նոր կառուցվող շենքերը:-«Տեսեք' էլիտար, գեղեցիկ շենքեր են կառուցվում։ Բնակիչներն էլ են, գիտեք, էլիտար լինելու, հո հասարակ երեւանցիներ չե՞ն լինելու։ Ամեն ինչ էլիտար է»։

Էլիտար բառը լսելով' մեզ է մոտենում մի տղամարդ. «Էլիտա՞ր, էդ բառը չօգտագործե՛ս, Հա՛յկ, էլիտար բառի փոխարեն ռասիզմ բառը օգտագործի՛ր, եղա՞վ»,-զայրացած ասում է ու հեռանում։ Հայկը պատմում է, որ այդ մարդու տունը քանդելիս ինքը տանտերերի հետ է եղել։

Շարունակում ենք քայլել. նեղ, աղյուսապատ դալանով մտնում ենք ներս։ Շինարարության բարձրացրած փոշին անհետանում է, շոգը, որից քիչ առաջ կարելի էր խեղդվել, չքանում է։ Գեղեցիկ, տիպիկ երեւանյան բակ է, բնակիչները տան ներսում են։ Աղունիկներ կան բակում, որոնք նստել են պատուհանների փեղկերին։ Բակի մեջտեղում աղբյուր կա, պատին բազմոց է հենած, բազմոցի դիմաց փոքրիկ սեղան է։ Բաց պատուհանից հոգեւոր երաժշտություն է լսվում։ «Այս տան տիրոջ տղան մահացել է, նրանք միշտ այս երաժշտությունն են լսում»,- պատմում է Հայկը տան բնակիչների մասին։ «Եթե նույնիսկ տանտերը ինձ չճանաչի, գա ու իր բակում օտար մարդկանց տեսնի, որ իր բազմոցին նստած հանգստանում են, չի զայրանա, կծանոթանա, հետո սուրճ կառաջարկի։ Կուզե՞ք փորձենք»,-առաջարկում է Հայկը։

Ժամանակ չկա, դուրս ենք գալիս, շարունակում ենք շրջել։ Հայկը լուսանկարում է նոր կառուցվող շենքերից մեկի հիմքերը։ Գոռգոռոցով մեզ է մոտենում փոշոտ շորերով մի մարդ՝ պահակն է. «Դու գիտե՞ս էս ում օբյեկտն ա, որ նկարում էս, էսա լենտը կհանեմ, կվառեմ։ Իրավունք ունե՞ս նկարելու, թուղթ ունե՞ս։ Թե՞ զանգեմ տղեքը գան, բացատրեն ու՞մ օբյեկտն ա»։

Հեռանում ենք, քայլում ենք դեպի Բուզանդի 97։ Մտնում ենք բակ, այս տունը նույնպես սպասում է իր վախճանին։ «Այս սիրուն պատշգամբները Երեւանում էլ չկան, այնինչ հնում եղել են ամեն տանը»,-բացատրում է Հայկը։ Երեխաները պահմտոցի են խաղում, մի կին լվացք է հավաքում. «Էս իմ ստեղի վերջին լվացքն ա»,-ասում է կինը' մեզ տեսնելով։

Հայկին զայրացնում է այն, որ երիտասարդությանը եւ մտավորականությանը այս խնդիրն ընդհանրապես չի հուզում. «Երիտասարդությունը սրճարաններում է, մտավորականությունը՝ քնած։ Եթե մտավորականությունը որոշեր խանգարել, ոտքի կանգներ, ես համոզված եմ՝ արդյունքի կհասներ»։ Միայն դերասան Միքայել Պողոսյանին է հիշում, որը այդ օրերին եղել է Բուզանդի փողոցում։

Հայկը Բուզանդի հին տներից տարբեր իրեր է հավաքել կամ գնել՝ սնդուկ, բանալիներ, կոմոդ, լուսանկարներ։ Նա երազում է կառուցել մի մեծ տուն, որտեղ պահպանված կլինեն երեւանյան տան, բակի, մառանի բոլոր կանոնները։ Երեք ամսական աղջիկ ունի, որի ծննդյան մասին իմացել է Բուզանդի փողոցում գտնվելու ժամանակ։ Նույն փողոցում նա 2005 թվականի մարտի 22-ին լուսանկարների ցուցահանդես է կազմակերպել. «Ես գիտեմ, որ դրանք լավ աշխատանքներ են, բայց կգերադասեի չունենալ այս լուսանկարները։ Փոխարենը, երբ աղջիկս մեծանար, նրա ձեռքից կբռնեի ու կբերեի այս տները, կծանոթացնեի բնակիչների հետ, իսկական Երեւանի հետ»։

Արփի Մաղաքյան
Լուսանկարները' Հայկ Բիանջյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter