HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՊԵԿ նախագահի տեղակալի ու պաշտոնյա փեսայի ընտանիքների գույքն ու եկամուտները

Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվել է 2018թ. մայիսի 24-ին: Այդ պաշտոնում նշանակվելուց հետո Ռաֆիկ Մաշադյանի դստեր ամուսինը՝ Գոռ Մկրտչյանը, նշանակվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի գլխավոր մաքսային տեսուչ:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Գոռ Մկրտչյանի 2018թ. տարեկան եկամուտը կազմել է մոտ 13 մլն 464 հազար դրամ, որից աշխատավարձը՝ մոտ 3 մլն 464 հազար դրամ, իսկ 10 մլն դրամը գոյացել է MERCEDES-BENZ VIANO 2.2 CDI մակնիշի ավտոմեքենայի օտարումից:

Այդքանով չեն սահմանափակվում Գոռ Մկրտչյանի ֆինանսական միջոցները: Նա, որպես դրամական միջոց՝ հայտարարագրել է նաև 21 մլն դրամ, 48,000 դոլար և 40,000 եվրո:

Պաշտոնը ստանձնելու օրվա՝ 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ, Գոռ Մկրտչյանն ունեցել է 1 բնակարան, 3 հասարակական նշանակության շինություն և PORSCHE CAYENNE Turbo 4.8 մակնիշի ավտոմեքենա: Իսկ դրամական միջոցները կազմել են 23 մլն դրամ, 50,000 դոլար և 40,000 եվրո:

Գոռ Մկրտչյանի կինը՝ Ռուզան Մաշադյանը, 2018թ. ընթացքում որևէ եկամուտ չի հայտարարագրել, սակայն իր հաշվին ունեցել է 10 մլն դրամ և 10,000 դոլար:

Նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանի 2018թ. հայտարարագրված եկամուտը կազմել է մոտ 20 մլն դրամ, որը աշխատավարձի չափն է: Սակայն, հաշվին ունեցել է 7 մլն դրամ և 67,000 դոլար:

ՊԵԿ նախագահի տեղակալի կինը՝ Արինա Մաշադյանը, 2018թ-ին եկամուտ չի ունեցել, սակայն իր հաշվին եղել է 35,000 դոլար: Նույնն է եղել նաև 2017-ին:

Տեղեկացնենք, որ Ռաֆիկ Մաշադյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած գույքի ու եկամուտների վերաբերյալ հայտարարագիրը: Իսկ 2017թ. հուլիսի 1-ին, երբ ստանձնել է ՊԵԿ Կազմակերպման և հսկողության վարչության պետի պաշտոնը (կենսագրական տվյալներում նշված չէ այս պաշտոնի մասին), այդ օրվա դրությամբ ունեցել է 2 առանձնատուն, մեկ բնակարան և 2 միավոր հողամաս: Որպես շարժական գույք հայտարարագրել է MERCEDES-BENZ ML550 մակնիշի ավտոմեքենան:

2017թ. հուլիսի 1-ի դրությամբ Մաշադյանի եկամուտը կազմել է մոտ 4 մլն 240 հազար դրամ, որն աշխատավարձն է: Իսկ հաշվին ունեցել է 4 մլն 100 հազար դրամ և 105,000 դոլար: Սակայն, առանց որևէ ծախս հայտարարագրելու անհասկանալիորեն նվազել են դոլարային միջոցները և 2017-ի տարեկան հայտարարագրում կազմել՝ 85,000 դոլար, իսկ դրամական միջոցն ավելացել է 900,000 դրամով՝ հասնելով 5 մլն-ի:

Լուսանկարում՝ Ռաֆիկ Մաշադյանը (նկարը՝ Sputnik Armenia-ի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter