
ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբորը՝ Ռոբերտ Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՔԾ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբոր՝ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու և ոստիկանության բաժնում ծեծի ենթարկելու վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Մանուկյանի փաստաբաններից Հովսեփ Սարգսյանը:
Չնայած ոստիկանության հերքմանը` Սարգսյանը պնդում է, որ Ռոբերտ Մանուկյանին ոչ իրավաչափ ուժի կիրառմամբ և ապօրինի են բերման են ենթարկել ոստիկանություն, ապա արդեն բաժնում նրան ծեծի է ենթարկել մի քանի ոստիկան: Պաշտպանի խոսքով` Ռոբերտ Մանուկյանը բազմաթիվ վնասվածքեր ունի մեջքի, գլխի գագաթային, արմունկների շրջանում:
Նշենք, որ Ռոբերտ Մանուկյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել օգոստոսի 3-ին: Կասկածվում է Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի դեպքից հետո եղբոր` Մելիք Մանուկյանի Range Rover մակնիշի ավտոմեքենան դեպքի վայրից հեռացնելուն դրդելու և ոստիկանի նկատմամբ դիմադրություն ցույց տալու մեջ:
Հովսեփ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռոբերտ Մանուկյանին բերման ենթարկելու օրենքով սահմանված որոշում չի եղել, և այդ գործողությունն իրականացվել է քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի խախտումով:
Այս հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ «բերման ենթարկելը առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, դատապարտյալին, վկային և տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է` նրա նկատմամբ սույն օրենսգրքով նախատեսված համապատասխան դատավարական գործողություններ կատարելու համար, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների և ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « բերման ենթարկելը կատարվում է վարույթն իրականացնող հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա: Նշանակված ժամկետում կանչով ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին կասկածյալը, մեղադրյալը, ամբաստանյալը, դատապարտյալը, ինչպես նաև վկան և տուժողը պարտավոր են տեղյակ պահել իրենց կանչած մարմնին»:
Ռոբերտ Մանուկյանի հայտարարության համաձայն, սակայն իրեն մինչև բերման ենթարկելը վարույթն իրականացնող մարմինը չի հրավիրել որևէ քննչական գործողության մասնակցելու, ոստիկանության աշխատակիցներն օգոստոսի 3-ին այցելել են նրա եղբայրներից Վարդան Մանուկյանի տուն, որտեղ ինքն է գտնվելիս եղել, ասել, որ պետք է գնա ոստիկանություն, որից հետո ինքը ծանուցագիր է պահանջել:
Ռոբերտ Մանուկյանն, ըստ պաշտպանի, ոստիկաններին հայտնել է, որ ծանուցագրի առկայության դեպքում պատրաստ է ներկայանալ, անգամ առաջարկել է, որ զանգեն քննիչին, և եթե վերջինս պահանջի ներկայանալ, ապա կներկայանա:
«Ասում է` ինձ չլսեցին, ասացին` ի՞նչ ծանուցագիր, ոտքերիցս ու ձեռքերից բռնեցին, բերանքսիվայր մտցրին մեքենան, ձեռնաշղթաներ հագցրին ու բռնությամբ նստեցրին մեքենան, ապա ոստիկանության բաժնում տարան ինչ- որ աշխատասենյակ ու ծեծի ենթարկեցին»,- պատմեց Հովսեփ Սարգսյանը:
Պաշտպանը նշեց, որ, իհարկե օրենքը սահմանում է հիմքեր, երբ անձին կարելի է բերման ենթարկել առանց որոշման, սակայն Ռոբերտ Մանուկյանի դեպքում նման հիմք չի եղել:
«Անձը հայտնի էր, գիտեին՝ ինչի համար են կանչում, տեղյակ էին, թե որտեղ է գտնվում: Կարող էին ծանուցագիր ուղարկել, որպեսզի ներկայանար: Այս ամենը սադրանքի էր նման»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Վերջինս մանրամասներ չներկայացրեց Ռոբերտ Մանուկյանին վերագրվող կասկածանքի առնչությամբ: Մեր հարցին՝ արդյոք Ռոբերտ Մանուկյանը քննիչի հետ խոսակցություն ունեցե՞լ է Մելիք Մանուկյանի մեքենան պայթյունից հետո դեպքի վայրից հեռացնելու վերաբերյալ, Սարգսյանը պատասխանեց, որ նման տեղեկության չի տիրապետում:
Նշենք, որ պաշտպանը Ռոբերտ Մանուկյանի ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացրել դատարան, գտնում է, որ ձերբակալման համար օրենքով սահմանված հիմքերից որևէ մեկն առկա չի եղել՝ նման որոշում կայացնելու համար:
Պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին՝ երեկ՝ Երևան–Սևան ավտոմայրուղու վրա՝ ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի ապակե տարաների գործարանի մոտ:
Մեկնաբանել