HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թաթուլ Հակոբյան

«Հաղթանակած այս ժողովուրդն արժանի չէ ներկայիս կյանքին»

Վրեժ Բաբայանը ծնվել է 1965թ. Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1990թ. աշխատանքի է անցել հարեւան Հողորդի գյուղի միջնակարգ դպրոցում, նույն գյուղի ինքնապաշտպանական ուժերի հետ մասնակցել է մարտական գործողություններին: 1993թ. հուլիսի 31-ին Աղդամի մերձակայքում զրահամեքենայում պայթում է հակատանկային ականի վրա, կորցնում աջ ոտքը, աջ ձեռքը, վիրավորվում ձախ ոտքից եւ աջ աչքից: Երբ նրանից տպագրության համար մի նկար խնդրեցի, պարզվեց, որ Վրեժը ավտոմատով կամ զինվորական համազգեստով որեւէ նկար չունի, երեք տարի պատերազմել է, բայց ոչ մի անգամ չի նկարվել: Այսօր շատ-շատերն ունեն ավտոմատով նկարներ, բայց չեն էլ կրակել, չեն շնչել վառոդի հոտը, չեն ապրել «գրադի» ահասարսուռ ձայնը: Վրեժը նման նկարի կարիք հաստատ չունի: Նա այս պատերազմին տվել է իր մարմնի ուղիղ կեսը:

«Ես վիրավոր վիճակում էի եւ հիվանդանոցի ճանապարհին զգում էի, որ

ոտքս եւ ձեռքս պետք է կտրեն, այդ պատճառով, վերջնականապես սթափվելուց հետո, բավականաչափ հանգիստ եմ տարել, մեծ ողբերգություն չեմ ապրել»,-ասում է Վրեժը:

Երեւանում երկարատեւ բուժումից հետո 1995թ. նա վերադառնում է Բերդաշեն եւ աշխատանքի անցնում գյուղի դպրոցում: Ապրում է ծնողների հետ: Չորս եղբայր են, բոլորն էլ մասնակցել են պատերազմին առաջին օրվանից մինչեւ հրադադարի օրը: Եղբայրներից երկուսը մինչեւ այսօր էլ ծառայում են բանակում:

«Չեմ ամուսնացել, պատերազմը խանգարեց, վիրավորվելուց հետո երկար ժամանակ բուժվում էի եւ անընդհատ հետաձգում ամուսնությունը ու այդպես էլ չամուսնացա: Բայց երեւի կամուսնանամ»,-ասում է նա:

Հարցնում եմ՝ ի՞նչ էր քո համար Շարժումը, պատերազմը:

«Ես մի քիչ նացիոնալիստ եմ, ազգային ազատագրական շարժմանը անդամագրվել եմ առաջին իսկ օրվանից: Պատերազմն աշխարհի, մարդկության ստեղծած ամենամեծ ողբերգությունն է: Պատերազմից հետո հասկացա, որ պատերազմում տուժում են անմեղ մարդիկ, իսկ մեղավորները՝ շահույթ ստանում: Կոնկրետ ղարաբաղյան պատերազմը ազգային-ազատագրական էր, դրան մենք ստիպված էինք մասնակցել, որովհետեւ այլընտրանք չկար. կամ պետք է տուն-տեղ թողնեինք, փախչեինք, կամ՝ պատերազմեինք: Կամ պետք է մեզ սպանեին, կամ՝ մենք սպանեինք նրանց, այլ տարբերակ չկար: Պատերազմում մենք հաղթեցինք, բայց շատ ծանր գնով, ամեն դեպքում՝ ազատություն ձեռք բերեցինք, բայց այդ հաղթանակած ժողովուրդն արժանի չէ ներկայիս կյանքին, ապրուստին: 1988թ. մեր ազգն ամենահամախմբվածն էր մեր ողջ պատմության ընթացքում, բայց այսօր այդ համախմբվածության հետքն անգամ չի մնացել: Բացի այդ, իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ազգի ցավերով չեն տառապում եւ միայն իրենց սեփական շահի մասին են մտածում, ցավոք այդպես է: Ինչ-որ տեղ մենք ենք մեղավոր, բայց մյուս կողմից իշխանավորներն էլ չպետք է խիղճներն այդչափ կորցնեն»,-պատասխանում է Վրեժը:

«Պատերազմն ինքնին ողբերգություն է, մահ է: Դու մասնակցել ես պատերազմին, քո համար ո՞րն էր ամենաողբերգական պահը»,-շարունակում եմ հարցեր տալ նրան:

«Մեր գյուղը սահմանի վրա է. մենք դիրքերում էինք կանգնում, հակառակորդը մեր գյուղը հրետակոծում էր, արկերն անցնում էին մեր գլխավերեւով: Փաստորեն, մենք խրամատում ավելի ապահով էինք, քան մեր գյուղում մեր ծնողները, երեխաները: Հրետակոծությունից ժամեր, երբեմն օրեր անց էինք իմանում, թե գյուղում ինչ է կատարվել հերթական հրետակոծությունից հետո: Ժամեր, օրեր սրտատրոփ սպասում էինք, սարսափելի բան էր դա: Բայց ամենաողբերգականն այն էր, երբ երեխաներ էին սպանվում: Մեր գյուղում 11-12 տարեկան երկու աղջիկներ են սպանվել, իսկ ընդհանուր առմամբ գյուղը տվել է ավելի քան 40 զոհ, մի մասը՝ խաղաղ բնակիչներ»,-ասում է նա:

«Իսկ դուք ցավո՞ւմ էիք, որ ձեր նետած արկերից կարող են ադրբեջանցի երեխաներ սպանվել»,-հարցնում եմ նորից:

«Անձամբ ես երբեք խաղաղ բնակչի վրա չեմ կրակել: Պատահել է, որ գերիներ ենք վերցրել, երբեք չէի թողնում, որ մեր տղաները նրանց ծեծեն: Ինչպես հիմա, այն ժամանակ էլ էի մտածում, որ խաղաղ բնակչությունը մեղք չունի: Ուղղակի ճակատագրի բերումով նրանք էլ էին ընկել պատերազմի մեջ եւ պիտի քաշեին այդ լուծը: Մենք այդքան արկեր չունեինք, որ հարվածեինք խաղաղ բնակավայրերին, մենք անգամ չունեինք այնքան արկեր, որ բավարարեր հակառակորդի կրակակետերը լռեցնելուն: Նրանց տասը հրետակոծությանը մենք մեկով էինք պատասխանում: Ադրբեջանական բանակը շատ լավ էր սպառազինված, մենք, հատկապես սկզբնական շրջանում, համարյա ոչինչ չունեինք»,-պատմում է Վրեժը:

Նա ասում է, որ պետությունը թոշակ է տալիս, իսկ վերջերս մրցույթ-փառատոն էին կազմակերպել հաշմանդամների համար, գրեթե ամեն տարի կազմակերպում են: «Դա էլ է մեր նկատմամբ ուշադրության նշան: Բայց այդ ուշադրությունը չպիտի լինի ողորմության ձեւով: Սեղանի շուրջ խմում են զոհված կամ վիրավորված ազատամարտիկների կենացը, սեղանից հեռանում, ամեն ինչ մոռանում են: Մեզ ամենից շատ հիշում են խղճալով: Ես ինձ համար չեմ ասում, ես ունեմ աշխատանք, ես խոսում եմ հաշմանդամ ազատամարտիկների մեծամասնության անունից: Զոհվածների ընտանիքներին, վիրավորներին լավ կամ վատ էլի օգնում են, բայց կան ազատամարտիկներ, ովքեր չեն սպանվել կամ հաշմվել եւ առաջինից մինչեւ վերջին օրը կռվել են պատերազմում, բայց այսօր հացի փող չունեն, որպեսզի կերակրեն իրենց երեխաներին»:

«Իսկ ո՞րն է ամենատանջող բանը, որ մնացել է քո հոգում պատերազմի տարիներից»,-շարունակում եմ հարցեր տալ եւ լսել դիմացս նստած հասարակ մարդուն՝ հայրենասերին, զինվորին, ուսուցչին:

«Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ոչ միայն ես, այլեւ շատ շատերը համոզվել են, որ պատմությունը իրոք գրվում է պատվերով: Ես այսօր համոզվել եմ դրանում: Ես մտածում եմ, որ Վարդանանց պատերազմն էլ է գրվել պատվերով, եւ եթե այդ պատվերը տրվեր Վասակ Սյունու կողմից, ապա կարող էր այսօր գրվել, որ դավաճանը Վարդան Մամիկոնյանն է: Նույնն է նաեւ արցախյան շարժման եւ պատերազմի դեպքում: Ակամա մտածում ես. մի հարյուր տարի հետո վիճակագիրները վերցնելու-կարդալու են, որ 100 մարդ պարգեւատրվել է «Մարտական խաչով», եւ մտածելու են, որ այս պատերազմում կռվել են հենց նրանք»:

«Իսկ ո՞վ է կռվել»,-հարցնում եմ:

«Ժողովուրդը: Ի՞նչ ես մտածում, շտաբում նստածնե՞րն են տարել հաղթանակը: Պատերազմում հաղթել ենք խրամատներում»,-ասում է Վրեժ Բաբայանը:

Բերդաշեն-Երեւան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter