HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համակարգային խնդիրներ կան

Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել են աղբահանության եւ կանաչ տարածքների ոռոգման հարցերը: Ըստ ներկայացված զեկույցի`  Դավթաշեն վարչական շրջանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այսօր ամբողջությամբ կավարտի նոր աղբամանների տեղադրման գործընթացը:

Համայնքի ձեռքբերած աղբամանների թիվը, ըստ քաղաքապետարանի, առաջիկա ամիսներին կբազմապատկվի՝ հասնելով անհրաժեշտ քանակի: Մայրաքաղաքում աղբահանության գործընթացը կազմակերպելու համար, որը «Սանիթեք» ընկերության պարտականությունն է, քաղաքապետարանին տեխնիկապես աջակցում են նաև մասնավոր ընկերությունները: Քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել «Սիլ գրուպ» և «Կապավոր» ընկերություններին՝ համայնքին աջակցելու և համագործակցության համար:  

Խորհրդակցության ժամանակ քաղաքապետի առաջին տեղակալը զեկուցել է, որ մայրաքաղաքի կանաչ տարածքների ոռոգման համար ջրի բացթողնելու խնդիրներ կան: Մասնավորապես, առկա համակարգի պատճառով քաղաքի որոշ հատվածներում ջրի քանակը չի բավականացնում: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է «Երևան» ջրօգտագործողների ընկերության հետ համատեղ միջոցներ ձեռնարկել՝ խնդրին արագ լուծումներ տալու նպատակով:

«Պետք է պարզ խոսել. այսօր համակարգ գոյություն չունի, իսպառ բացակայում է: Մենք պետք է համատեղ ստեղծենք այդ համակարգը, որ ինքն իրեն աշխատի: Մարդկային գործոնը պետք է բերել նվազագույնի և ստեղծել այնպիսի համակարգ, որը կապահովի արդյունավետ աշխատանք»,- նշել է քաղաքապետը:      

Քաղաքապետը նաև հանձնարարել է ուշադրության տակ պահել Ուլնեցի փողոցի 8/10 և 8/12 հասցեներում կատարվող շինարարության օրինականության հսկողությունը: Վերջերս քաղաքապետը գրություն է ուղարկել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ առաջարկելով ուսումնասիրել նշված հասցեում դարավանդներ կառուցելու օրինականությունը և համապատասխանությունը  առկա թույլտվությանը:

«Երքաղլույս» ընկերության տնօրենը զեկուցել է, որ Արաբկիր վարչական շրջանում ավարտվել է արտաքին լուսավորության ցանցի մալուխային տնտեսության գույքագրումը: Արդյունքում մեկ ամսվա կտրվածքով 2 մլն 657 հազար 540 դրամով ավելացել են ընկերության մուտքերը: Տարվա այս ցուցանիշը կկազմի 31 մլն 890 հազար 480 դրամ: Ընդհանուր առմամբ, Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում իրականացված գույքագրման արդյունքում, ընկերության տարեկան մուտքերը կավելանան 62 մլն 120 հազար դրամով:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter