Բնակչության բժշկական ապահովվածություն․ ամենաբարձր ցուցանիշը Լոռու մարզում է, ամենացածրը՝ Գեղարքունիքում
Ազգային առողջապահական ինստիտուտի հրապարակած վերջին տվյալների ՝«Հետք»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս Հայաստանում բնակչության՝ բժիշկներով ապահովվածությունն այնքան էլ բարձր չէ։ Մասնավորապես, յուրաքանչյուր 10 000 քաղաքացու բաժին է հասնում 42 բժիշկ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին` 2015թ. տվյալների համաձայն՝ 53 պետությունների ցանկում բժշկական ապահովվածության թվով Հայաստանը 40-րդ հորիզոնականում է: Հայաստանին հաջորդում է Ուզբեկստանը, Ռումինիան, Թուրքմենստանը, Ղըրղզստանը, Տաջիկստանը, Ալբանիան:
Ադրբեջանը 20-րդ հորիզոնականում է, Վրաստանը՝ 5-րդ, Ռուսաստանը՝ 25-րդ:
Երևանում բժշկական ապահովվածությունը մարզերի բնակչության համեմատ 4 անգամ ավելի բարձր է։
Հիմնականում բժիշկները կենտրոնացած են Երևանում և դրան զուգահեռ կան մարզեր, որտեղ ընդհանրապես բացակայում են այս կամ այն ոլորտի բժիշկները։ Մի շարք մասնագետներ էլ, ինչպես օրինակ, այրվածքաբան, բակտերիոլոգ, դիետոլոգ, դատահոգեբույժ, մանկական հոգեբույժ, կլինիկական հոգեբան, մանուալ թերապևտ և այլ ողջ հանրապետության տարածքում մինչև 10 մասնագետ է և այլն էլ՝ միայն Երևանում։
Այսօր սոցիալական ցանցերում հաճախ կարելի է հանդիպել օգտատերերի գրառումներ, ովքեր առաջարկում են նիհարեցնող ծրագրեր, «ֆիթնես խորհրդատվություն», նշանակում և վաճառում են դիետիկ սնունդ, մարզիչների, ովքեր պարապմունքներին զուգահեռ նաև սննդակարգ են կազմում:
Այնինչ Հայաստանում այսօր կա ընդամենը 3 դիեոտոլոգ և մեկ սպորտային բժիշկ, ովքեր որ իրավասու են սննդակարգի հետ կապված որևէ նշանակումներ անելու: Ավելին, Երևանի բժշկական համալսարանն այսօր չի պատրաստում նուտրիցիոլոգների (սննդագետ):
2015-2017թթ. վերջին տվյալներով՝ ամբողջ Հայաստանում բոլոր մասնագիտությունների բժշկական ապահովվածությունը բարձր չէ․ 42 բժիշկ՝ 10 000 բնակչության հաշվով։ Ավելին, կան մարզեր, որտեղ բացակայում են մի շարք բժիշկ-մասնագետներ, իսկ հազվադեպ հանդիպող մասնագետներից գրեթե բոլորն աշխատում են Երևանում։
Մեկ շնչին հասնող բժշիշկ մասնագետի ցուցանիշով առաջատարը Երևանն է․ 85 բժիշկ՝ 10 000 բնակչության հաշվով։
Մարզերում բժշկական ապահովվածության ամենաբարձր ցուցանիշը Լոռու, Շիրակի և Վայոց Ձորի մարզերում է, ամենացածրը՝ Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում։
Ընդհանուր առմամբ՝ 2012-2017թթ․ Հայաստանում բժիշկների ընդհանուր թիվը նվազել է 2,7 %-ով․ և՛ Երևանում, և՛ մարզերում դիտվում է մասնագետների նվազման դինամիկա։ Այս տարիների ընթացքում 12,7 %-ով նվազել է նաև բժշկական կրթություն ստացած շրջանավարտների թիվը:
2012-2017թթ․ Հայաստանի պետական և մասնավոր բուհերում պատրաստվել է 7085 բժիշկ-մասնագետ, որից 43 %-ը` մասնավոր բուհերում։
Բուժական գործ (68 %-ը, ընդհանուր՝ 2169 հոգի) և դեղագիտություն (80 %-ը, ընդհանուր՝ 713) որակավորում ունեցող շրջանավարտները հիմնականում սովորում են Երևանի պետական բժշկական համալասարանում։ Իսկ ահա ստոմատոլոգների մեծամասնությունը կրթությունը ստանում է մասնավոր բժշկական ուսումնական հաստատություններում։
Մասնավորապես, 2012-2017թթ Հայաստանում ստոմատոլոգիական կրթություն է ստացել 3236 հոգի, որից 2015-ը՝ այն է՝ 62 %-ը՝ մասնավոր բուհերում։
Վերջերս «Հետք»-ի կատարած ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հայաստասնի ամեն 68-րդ բնակիչ ունի չարորակ նորագոյացություն։ Դրան զուգահեռ, ամբողջ Հայաստանում աշխատում է 52 ուռուցքաբան, որից 31-ը՝ Երևանում, իսկ մի շարք մարզերում, ինչպիսիք են՝ Սյունիքը և Վայոց Ձորը, ուռուցքաբանները ընդհանրապես չկան։
Մի շարք բժշկական մասնագիտություններով ողջ Հայաստանում աշխատում է 2-10 հոգի, և նրանց գերակշռող մեծամասնությունն աշխատում է Երևանում։
Այդպիսի մասնագետներից են, օրինակ, այրվածքաբանները, դատահոգեբույժները, դատաբժշկական փորձագետները, գենետիկները, թունաբանները, կլինիկական հոգեբանները, երեխաների հոգեբույժները, դիետոլոգները, հոմեոպաթները և այլն։ Ինչպես նաև՝ մի շարք մանկական բժիշկներ՝ երիկամաբան ինֆեկցիոնիստ ներզատաբան ռևմատոլոգ մաշկաբան ուռուցքաբան գինեկոլոգ արյունաբան օրթոպեդ նյարդավիրաբույժ
2017թ՝ վերջին տվյալներով՝ Հայաստանում կա մեկ սպորտային բժիշկ, մեկ բարոթերապևտ և մեկ լաբորանտ-արյունաբան։
Բժիշկ մասնագետների մեջ գերակշռում են (200 և ավելի մասնագետ ողջ Հայաստանում) թերապեևտները, մանկաբարձ-գինեկոլոգները, մանկաբույժները, սրտաբանները և սոնոգրաֆիստները։ Նրանց մոտ 70 %-ը աշխատում է Երևանում։
Մեկնաբանել