HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Մոլոկանի» այգին վերադարձվել է Արաբկիր համայնքին

Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանից վերցվել է «Մոլոկանի» զբոսայգին և վերադարձվել համայնքին։ Երիցյանի ընկերության հետ կնքված վարձակալության պայմանագիրն այսօր Կադաստրի պետական կոմիտեում լուծվել է։

«Հետք»-ը հուլիսի 15-ին անդրադարձել էր այս այգու վարձակալության պատմությանը։ Հայտնել էինք, որ 2009 թվականին Ալբերտ Երիցյանը, լինելով Արաբկիր վարչական շրջանի ղեկավար, որդու հիմնադրած ընկերությանը 50 տարով՝ մինչ 2059 թվականը, վարձակալության է հանձնել «Արաբկիր» զբոսայգին: 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը «Հետքին» հայտնեց, որ ուրբաթ օրը հանդիպել է Ալբերտ Երիցյանին, վերջինս տեղեկացրել է, որ նախկինում այգին վերցնելու նպատակ են ունեցել տարբեր պաշտոնյաներ, սակայն այն չի փոխանցել որևէ մեկին։ 

Թեև 2017 թվականից Երիցյաններն այգին ենթավարձակալության են հանձնել «Ալտեր էգո» ընկերությանը, որն այս պահին այգում «Զիփլայն» է շահագործում, Դանիելյանն ասաց, որ ընկերության հետ խնդիրներ չեն առաջանա. նրանց հետ բանակցել է, որ վարձակալությամբ նրանց կհանձնվի ոչ ամբողջ այգին, այլ իրենց գործունեությունը ծավալելու համար անհրաժեշտ տարածքը։

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի խոսքով՝ առաջիկայում նախատեսում են այգում նոր ոռոգման ցանց ներդնել, շուտով կսկսեն դրա իրագործման գնումների գործընթացը։

Նշենք, որ Ալբերտ Երիցյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ այգին վարձակալել էր բարեկարգելու, ոչ թե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար, ինչպես նշված է վարձակալության պայմանագրում։ Երիցյաններին վարձակալության էր տրվել «Մոլոկանի» այգու ողջ տարածքը՝ 2.82 հա հողամաս, 859 քմ շատրվան, 240 քմ ջրավազան։

Այգու վարձակալության համար տարեկան վարձավճար էր սահմանվել 3 միլիոն 20 հազար դրամ, այսինքն՝ ամսական մոտ 250 հազար դրամ: 

2009 թվականից անցել է տասը տարի, այգին անմխիթար վիճակում է, այնտեղ որևէ ծրագիր չի իրականացվել, տարածքը չի բարեկարգվել։

Մինչդեռ պայմանագրով նախատեսված էր, որ վարձակալը պարտավոր է ապահովել այգու պահպանությունը՝ հաշվի առնելով դրա ֆիզիկական մաշվածությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter