Բելառուսի և Հայաստանի խորհրդարանականները խոսել են երկակի ստանդարտներից
Փետրվարի 14-ին Բելառուսի Ազգային ժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ-ում հանդիպումներ ունեցավ եվրոպական կառույցներում հայկական խորհրդարանական ներկայացուցիչների հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն:
Արևելյան գործընկերության «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և Բելառուսի ԱԺ ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Վիկտոր Գումինսկին քննարկեցին Արևելյան գործընկերության շրջանակներում և հատկապես խորհրդարանական ձևաչափում համագործակցության հնարավորությունը:
Վեհաժողովում հայկական պատվիրակության ողջ կազմը, Վահան Հովհաննիսյանի ներկայացմամբ, պաշտպանում է Արևելյան բոլոր 6 երկրների լիարժեք ներկայացվածությունը «Եվրանեսթում»: Այս սկզբունքից ելնելով՝ հայ խորհրդարանականները դեմ են արտահայտվել հակաբելառուսական բանաձևի ընդունմանը՝ երկրորդ լիագումար նիստում ներկայացված փաստաթղթին դեմ քվեարկելով:
Բանախոսը տեղեկացրեց, որ մեկ շաբաթից Երևանում կկայանա «Եվրանեսթի» սոցիալական, կրթամշակութային և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը:
Վիկտոր Գումինսկին, ի դեմ հայկական պատվիրակության ղեկավարի, շնորհակալություն հայտնեց Հայաստանին սկզբունքային ու կառուցողական դիրքորոշման համար՝ բնորոշելով այն նաև բարեկամական: Ներկայացուցիչների պալատի փոխնախագահն ափսոսանք հայտնեց Բելառուսի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների կապակցությամբ՝ նշելով, որ իր երկիրը պատրաստ է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցելու և առաջարկներով հանդես գալու՝ հավասար գործընկերային հիմունքներով: Նա նշեց, որ տնտեսական համագործակցությունը ԵՄ երկների հետ շատ ակտիվ է, իսկ խնդիրները զուտ քաղաքական բնույթի են:
Զրուցակիցներն անդրադարձան նաև քաղաքական, տնտեսական, ռազմական ու հասարակական համագործակցությանը: Հանդիպմանը մասնակցեց նաև երկու խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հրայր Կարապետյանը:
Բելառուսի ԱԺ Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը նույն օրն ընդունեց Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը:
Բելառուս-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկին բարձր գնահատեց տարբեր միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԱՀԿ ԽՎ-ում հայ և բելառուս գործընկերների փոխշահավետ համագործակցությունը և տարբեր քննարկումների ընթացքում ցուցաբերված դիրքորոշումները:
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը պարզ և թափանցիկ գնահատեց տարբեր միջազգային կառույցներում հայկական և բելառուսական պատվիրակությունների համագործակցությունն ու դիրքորոշումները՝ նշելով, որ դրանց հիմքում ազնվությունն է: Արամ Սաֆարյանի խոսքով՝ հայ և բելառուս գործընկերներն արդյունավետ համագործակցում են ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ, այլև ՀԱՊԿ շրջանակներում, և դա անհրաժեշտ է շարունակել:
ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանն անդրադարձավ մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ու ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի ու ԵԱՀԿ ԽՎ հայկական պատվիրակության կողմից առաջարկեց դիտորդական առաքելություն իրականացնել:
Նույն օրը Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուսական կողմի պատվիրակության հետ հանդիպեց նաև Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Հանդիպման ընթացքում բելառուսական պատվիրակությունը բարձրացրեց միջազգային կառույցներում Բելառուսի խնդրին առնչվող հարցեր՝ ակնկալելով հայկական պատվիրակությունների աջակցությունը: Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով միջազգային կառույցներում հետխորհրդային որոշ երկրների հանդեպ ձևավորված վերաբերմունքին, նշեց, որ իր համար անընդունելի է այդ կառույցներում երկակի ստանդարտների կիրառումը: Նաիրա Զոհրաբյանն արձանագրեց, որ վերջին շրջանում միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցներ, ինչպիսին, օրինակ, Եվրոպայի խորհուրդն է, ակնհայտորեն կիրառում են երկակի ստանդարտներ:
Նշելով, որ Բելառուսում կան ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ՝ Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ ժողովրդավարության և ընդհանրապես մարդու իրավունքների հետ կապված շատ ավելի լրջագույն խնդիրներ կան Ադրբեջանում, որի հանդեպ ԵԽԽՎ-ն բավականաչափ լոյալ է: Իսկ Ադրբեջանում առկա ժողովրդավարության խորը ճգնաժամին չանդրադառնալու պատճառը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, այն է, որ Ադրբեջանը կարողանում է «իր ժողովրդավարությունը գնել նավթով»:
Քանի որ Նաիրա Զոհրաբյանը «Եվրանեսթ» ԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի փոխնախագահն է, հյուրերը շնորհակալություն հայտնեցին նրան՝ ԽՎ-ում Բելառուսի խնդրին աջակցելու համար: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել