HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներմուծում է ստանդարտներին չհամապատասխանող ջրաչափեր, որոնց աշխատանքի ճշգրտությունը խիստ կասկածելի է

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներմուծել է ստանդարտներից շեղվող ինչ-որ ջրաչափեր, որոնք որևէ կերպ չպետք է համապատասխանեին չափման միջոցների համար սահմանված պահանջերին և չպիտի թույլատրվեր այդ ջրաչափերի շահագործումը։ Մինչդեռ,  ընկերությունն այդ ջրաչափերը տեղադրելով ոչ միայն փոխարինում է մեր՝ բաժանորդներիս կողմից նախկինում ձեռքբերված ջրաչափերը, այլև, շատ դեպքերում, ջրաչափեր տեղադրելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն «կատարում է» վարձակալության պայմանագրով իր վրա դրված Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիրը /ՊԿԱԾ/, մեկ հատ ջրաչափի համար որպես կատարողական ներկայացնելով 15 000 դրամ արժեքը։ Իսկ ՊԿԱԾ-ը ոչ այլ ինչ է, քան ՀՀ ջրային համակարգում «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներդրում։ Ստացվում է, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն միայն այս մասով տարեկան պետությանը հասցնում է առնվազն 300-500 մլն ՀՀ դրամի վնաս։

Կառավարությունը 29.01.2016 թ. N 60-Ն որոշմամբ սահմանել է, որ ջրի հաշվիչը դա սոցիալական և կենսական կարևոր նշանակություն ունեցող չափման միջոց է, որը ենթակա են առաջնային ստուգաչափման Կարգի 11 կետի 2-րդ մասի 3-րդ պարբերության համաձայն։

Հրապարակումը չծանրաբեռնելով օրենսդրական ձևակերպումներով ու կարգավորումներով, ամրագրենք, որ

  1. ջրաչափերի ստուգաչափումը գործող օրենսդրության պահանջների համաձայն  պետք է իրականացնի Չափագիտության ազգային մարմինը՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ ՉԱԻ) կամ ստուգաչափման իրավունք ստացած լիազորված կազմակերպությունները, 
  2. բոլոր ջրաչափերը ենթակա են առաջնային ստուգաչափման,
  3. առաջնային ստուգաչափումն իրականացվում է արտադրությունում թողարկված, ներմուծված, նորոգման ենթարկված կամ նախկինում չստուգաչափված յուրաքանչյուր ջրաչափի համար, բացառությամբ այն ջրաչափերի, որոնց ստուգաչափումը կատարվել է այլ երկրի արտադրողի մոտ և առկա է ստուգաչափման արդյունքների փոխճանաչման վերաբերյալ միջպետական և (կամ) միջազգային համաձայնագիր, որի մասնակիցն է Հայաստանի Հանրապետությունը։
  4. Եթե ՉԱԻ-ին գնահատել է արտադրող կազմակերպության որակի համակարգը և այն համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին, ինչպես նաև կամայական ընտրությամբ 10 ջրաչափերի չափման սխալանքը չի գերազանցում թույլատրելի առավելագույն սխալանքի կեսը, ապա ջրաչափի առաջնային ստուգաչափման ժամանակ ՉԱԻ-ն կարող է մնացած ջրաչափերի սխալանքը որոշել միայն չափման անվանական արժեքում (մասնակի ծրագրով ստուգաչափում)։

Այժմ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի անմիջական մասնակցությամբ իրականացվող խախտումներն ու մեքենայությունները ներկայացնենք առանձին բաժիններով։ 

Բաժին ա/ Ջրաչափերի ներմուծում և առաջնային ստուգաչափում:

 

Հայաստան է մատակարարվել ինչ-որ անհասկանալի, «մուտանտ» սարք ու անվանակոչվել ջրաչափ

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-22-Ն) հոդված 2-ի 1-ին մասի 9-րդ կետով տրվում է չափման միջոցի սահմանումը, այն է` չափում կատարելու համար նախատեսված սարք, որը կարող է կիրառվել առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ։ Օրենսդիրը Օրենքի հոդված 2-ի 1-ին մասի 11-րդ կետով էլ սահմանում է, որ չափման միջոցների ստուգաչափումը դա գործողությունների ամբողջություն է, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ այն մասին, որ չափման միջոցը բավարարում է սահմանված պահանջները: Չափման միջոցների ստուգաչափումը լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող և կամավոր։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի 2018 թ. փետրվարի 19-ի թիվ 133-Ն հրամանով հաստատված «Չափման միջոցի ստուգաչափման կազմակերպման և իրականացման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետի համաձայն՝ չափման միջոցի (ՉՄ) ստուգաչափումն իրականացնում են ՉԱԻ-ն և Կառավարության սահմանած կարգով ստուգաչափման իրավունք ստացած իրավաբանական անձինք (այսուհետ` Լիազորված կազմակերպություն)։ Մյուս կողմից՝ Կառավարությունը 2012 թ. հուլիս 4-ի թիվ 882-Ն որոշմամբ չափագիտության լիազոր մարմին է ճանաչել էկոնոմիկայի նախարարությունը, իսկ ՀՀ-ում Չափագիտության ազգային մարմին՝ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն։

2017-2019 թվականների ընթացքում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներմուծել է 4 անուն ջրաչափ՝ հետևյալ քանակությունների.

  • "MTR Series" Elster
  • "H5000" Elster
  • "S150" Elster Iberconta
  • "SJ-SDC" NWM

Մենք հարցում կատարեցինք «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին և ՀՀ ՊԵԿ-ին, ճշտելու , թե «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից քանի հատ ջրաչափ է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն և դրանցից քանիսն է այս պահի դրությամբ տեղադրված բաժանորդների մոտ, սակայն երկու կառույցներն էլ այն կարծիքին են, որ ներկայացվող տեղեկատվությունը պարունակում է առևտրական գաղտնիք, ուստի դրանք ենթակա չեն տրամադրման։

Ինչևիցե, բաց աղբյուրներում հասանելի տեղեկատվության վերլուծության արդյունքում պարզել ենք, որ ներմուծված ջրաչափերից առաջին երկուսը խոշոր տրամաչափի են և հիմնականում օգտագործվում են խոշոր սպառողների մոտ, որոնց ներանցման խողովակների տրամագիծը բավականին մեծ է։ Ինչ վերաբում է մյուս 2 տեսակներին, ապա դրանք հիմնականում տեղադրվում են բնակիչ-բաժանորդների մոտ ու հանդիսանում են մեր հետաքրքրության առարկան։

Elster Iberconta "S150" ջրաչափերն ունեն եվրոպական MID-ին համապատասխան R160 (նախկին C կարգին համարժեք) դասակարգում, եթե տեղադրվում են հորիզոնական դիրքով (R160H), սակայն ուղղահայաց տեղադրման դեպքում դրանք էականորեն գցում են իրենց բնութագրիչները՝ համարժեք դառնալով նախկին A դասին (R50V)։ R160-ի և R50-ի հիմնական տարբերությունն այն է, որ առաջինի դեպքում ծախսի նվազագույն արժեք (Q1) հավասար է 15.63լ/ժ-ի, ապա երկրորդի դեպքում՝ 50լ/ժ-ի։ Իսկ որքան որ փոքր է Q1 մեծությունը, այնքան ճշգրիտ է ջրաչափի աշխատանքն ու ջրամատակարարի կողմից ձևավորվող հասույթը։ Ակնհայտ է, որ հատկապես բազմաբնակարան շենքերում տեխնիկական հնարավորություններից ելնելով հնարավոր չէ կազմակերպել ջրաչափի հորիզոնական դիրքով տեղակայում, իսկ նման դեպքերն իրենց տեսակարար կշռով զգալի են, ուստի նման տեսակի ջրաչափերի ձեռքբերումն ու ուղղահայաց հոսքի պայմաններում տեղադրումը համարվում է անտեղի շռայլում։ 

Ավելին, 2016 թ. նոյեմբերի 16-ին Վեոլիա Օ-«Կոմպանի Ժենեղալ դե Օ», Ֆրանսիա («ԿԺՕ») և ՀՀ կառավարության՝ ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջև կնքված վարձակալության պայմանագրի հավելված 2-ի 7.2 կետով սահմանվել է, որ ջրաչափերը դիտարկվելու են ջրային ենթակառուցվածքի մաս՝ հանդիսանալով վարձակալության ենթակա գույքի մաս։ Եվ, հետևաբար ուղղահայաց հոսքի պայմաններում տեղադրված և ցածր արդյունավետություն ունեցող ջրաչափերը ուղղակի հակասում են նույն վարձակալության պայմանագրի հավելված 2-ի 7.3-ով «Վեոլիա ջուր» ՓԲԸ վրա դրված պարտավորությանը, այն է. «Ջրաչափը պետք է նախագծված, արտադրված և տեղադրված լինի լավագույն արդյունաբերական պրակտիկային համապատասխան կերպով»։

Արտադրողի կողմից 2017 թ. համար հրապարակված գնացուցակում Elster Iberconta "S150" տեսակի ջրաչափի միավորի եվրոպական մանրածախ գինը 55.63-ից 72.56 Եվրո է, որը համարժեք է 31 500–40 000 ՀՀ դրամի։ Հետևաբար, եթե այս ներդրումն արդարացված է հորիզոնական հոսքի պայմաններում տեղադրելիս, ապա ակնհայտ գումարի վատնում է, երբ ջրաչափն ուղղահայաց դիրքով է տեղակայվում։

Ջրաչափի այս տեսակն ունի համապատասխանության RD 889/2006 վկայական (MID 2004/22/EC), ասել է թե ՉԱԻ-ն հիմք ընդունելով այն հանգամանքը, որ իր կողմից գնահատված է արտադրող կազմակերպության որակի համակարգը և այն համապատասխանում է միջազգային ստանդարտների պահանջներին, կարող է նման ջրաչափերի ստուգաչափումն իրականացնել մասնակի ծրագրով։ Նշենք նաև, որ Elster Iberconta "S150" ջրաչափերն ունեն ԻՍՕ 4064-1։2014 ստանդարտի պահանջներին բավարարող մակնշում:

Ningbo water meter SJ-SDC plus ջրաչափերն ունեն C դասի ջրաչափերին պատկանելու մասին մակնշում՝ արտադրված են 2018 թ.-ին։ Մենք գրավոր հարցում ենք արել չինական Ningbo Water Meter Co., Ltd ընկերությանը՝ ճշտելու, թե այս ջրաչափերն իրե՞նք են արտադրել և եթե այո, ապա ո՞րն է պատճառը, որ ջրաչափերն արտադրվել են գործող հայկական և միջազգային ստանդարտերի խախտմամբ։ Ի պատասխան տեղեկացվել ենք, որ ջրաչափերն իրականում արտադրված են իրենց կազմակերպության կողմից, սակայն մնացած բոլոր հարցերի պատասխանը հարկ է ստանալ հայաստանյան գործընկերոջից՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից։ Ավելի պարզ ասած, չինացի արտադրողը արտադրել է այնպիսի բնութագրիչներով ջրաչափ, որի պահանջ է ներկայացվել և որը չի բավարարում որևէ միջազգային ստանդարտի կամ չափման միջոցներին վերագրվող հրահանգների։ Իսկ ջրաչափի վրա կատարված ISO 4064 մակնշումը խիստ տարակուսելի է, քանի որ 2018 թ. գործող ԻՍՕ ստանդարտի համաձայն ծախսի արժեքներն ու դասակարգումներն ունեն այլ համարժեքներ (Q1Q2...Q4): Հետևաբար, արտադրողն այդ մասով որևէ նշագրում չի կատարել իր արտադրանքի վրա։ Ավելին, արտադրողն անգամ անհասկանալի բնութագրիչներով այդ ջրաչափին չի մակնշել արտադրողի և /կամ վերջինիս ապրանքային նշանը։ 

Մենք փորձեցինք գնումների միասնական azdarar.am և gnumner.am կայքերից գտնել «Վեոլիա ջուր» ՓԲԸ մրցույթի, գնանշման հարցումի կամ ապրանք ձեռքբերելու մասին գեթ մեկ հայտարարություն, սակայն մեր ջանքերն ապարդյուն էին և չինացի գործընկերներին տրամադրված ջրաչափի տեխ բնութագիրը այդպես էլ մնաց անհայտ ու անհասկանալի։ Ավելին, ի պատասխան մեր հարցումի, ինչպես նշել էինք, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտնեց, որ ջրաչափերի մասին տեղեկատվությունը վերաբերում է իր առևտրային գաղտնիքին, ուստի ՀՀ օրենսդրությանը համապատասխան այն հրապարակման ենթակա չէ։ 

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներմուծած Ningbo water meter SJ-SDC plus ջրաչափերի համրման սարքի նիշերի թիվը 7-ն է, որից առաջին 5-ը բնութագրում են ծախսը խմ-ով, իսկ կարմիր գույնով նշվածները ջրի ծախսը մեկ տասնորդական ու մեկ հարյուրերորդական խմ-երով կամ հարյուրերորդական ու տասնորդական լիտրերով։ Համացանցում շատ դժվարությամբ կգտնեք մեկ այլ ջրաչափի նկար, որի լիտրերով հաշվարկը լինի երկաստիճան, այլ ոչ թե եռաստիճան։ Սա ևս հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստան է մատակարարվել ինչ-որ անհասկանալի, «մուտանտ» սարք ու անվանակոչվել ջրաչափ։ Ասվածը ապացուցվում է նաև հետևյալով. իրականում «VEOLIA ջուր» մակնշմամբ (ըստ ՉԱԻ կայքի, դա նույն Ningbo water meter SJ-SDC plus ջրաչափն է) մեզ՝ սպառողներիս հրամցվող ջրաչափերը առնվազն հետևյալ կետերով չեն բավարարում գործող ԻՍՕ 4064-1:2014 ստանդարտի հոդված 6.6.2-ով ջրաչափերին ներկայացվող մակնշման պահանջներին.

  • չկա ջրաչափի ճշտության դասը (ԻՍՕ 4064-1:2014 հոդված  6.6.2 կետ b)
  • չկա Q3- ի թվային արժեքը եւ Q3 / Q1 հարաբերակցությունը. Q3/Q1 հարաբերակցությունը նշվում է որպես R (հոդված  66.2 կետ c)։ Փոխարենը Qn–ի թվային արժեքն է, որը վերաթարմացված ԻՍՕ ստանդարտի պահանջ չէ,
  • բացակայում է հաստատման նշանը (հոդված  6.6.2 կետ d),
  • չկա ոչ արտադրողի անունը, ոչ էլ վերջինիս ապրանքային նշանը (հոդված  6.6.2 կետ e), փոխարենը ջրաչափը մակնշված է որպես «Veolia ջուր»։ Ակնհայտ է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն արտադրողը չէ։
  • առավելագույն թույլատրելի ճնշումն ու ջերմաստիճանի դասը նշվել են ոչ այնպես, ինչպես ստանդարտի պահանջն է (հոդված  6.6.2 կետեր i, k),
  • չկա մակնշում ճնշման կորստի դասի Δp 63 և տեղադրման զգայունության դասի U0/D0 վերաբերյալ (հոդված  6.6.2 կետեր L, m)
Pic3-03.jpg (133 KB)
Pic3-01.jpg (211 KB)
Pic3-02.jpg (194 KB)

Համեմատության համար ներկայացնում ենք Եվրոպական շուկայում սպառվող՝ Ningbo water meter SJ-SDC plus ջրաչափերը՝ արտադրված ստանդարտի պահանջներին համապատասխան։

Հիմք ընդունելով վերոգրյալը կարող ենք արձանագրել, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներմուծած Ningbo water meter SJ-SDC plus ջրաչափերը չեն բավարարում գործող ստանդարտների պահանջներին և ՉԱԻ-ին կոնկրետ այս մասով չպետք է իրականացներ չափման միջոցի տեսակի հաստատումը։ Իրականում, այս խումբ ջրաչափերը չափման միջոցների ռեստրում ունեն AM 7647-18 գրանցման համարը։

Այն բոլոր չափման միջոցները, թե´ ներմուծված, թե´ արտադրված ՀՀ տարածքում, որոնք պետք է կիրառվեն օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում, ենթակա են տեսակի հաստատման։ Տեսակի հաստատումը իրականացվում է չափման միջոցների սահմանված պահանջներին համապատասխանությունը փաստելու նպատակով, ինչի համար կատարվում են փորձարկումներ։ Փորձարկումների ընթացքում ստուգվում է չափման միջոցի տեխնիկական և չափագիտական հատկանիշների համապատասխանությունն արտադրող կազակերպության նախասահմանած և նորմատիվ փաստաթղթերի պահանջներին։ Փորձարկումների դրական արդյունքների հիման վրա կազմվում է զեկուցագիր, համաձայն որի հաստատվում է չափման միջոցների համապատասխանությունը սահմանված պահանջներին և տրվում է տեսակի հաստատման սերտիֆիկատ կամ վկայական, որը թույլ է տալիս չափման միջոցի շահագործումը օրենսդրորեն կարգավորվող ոլորտներում։ Ինչպես նաև տեսակի հաստատման արդյունքում սահմանվում է տվյալ չափման միջոցի հետագա ստուգաչափման պարբերականությունը և մեթոդիկան:  

Զուտ համեմատության համար նշենք, որ ԻՍՕ ստանդարտի բոլոր պահանջներին բավարարող, Հայաստան ներմուծված ջրաչափի նկատմամբ որակական մի քանի անգամ առավելություն ունեցող, եվրոպական համապատասխանության MID վկայականով Ningbo water meter  ընկերության արտադրանքի մանրածախ գինը Եվրոպայում կազմում է մոտ 9240 ՀՀ դրամ։ 

Ավելին՝ տեղական արտադրության «ԱՐԱԶԵՆ» մակնշմամբ ջրաչափերը ևս ամբողջովին բավարարում են MID պահանջներին, ստուգաչափվում ու կարգաբերվում են հենց արտադրողի մոտ ու ունեն ազգային կանոնակարգով հաստատման նշան։ Այս տեսակ ջրաչափեր Հայաստանում չեն վաճառվում, քանի որ դաշտը մենաշնորհված է ու խմելու ջրի ջրաչափերի ձեռքբերման բացառիկ իրավունքը վերապահված է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին։ Այդուհանդերձ, ջրաչափերի այս տեսակի հայաստանյան վաճառքի գինը հավասար է մոտ 8000-9000 դրամի։  

Կարևոր է նաև այն իրողությունը, որ նույն «Արազեն» ՍՊԸ արտադրած ջրաչափերի հնարավոր գնման ընթացակարգերի շուրջ տեղի ունեցող բանակցությունների, դատավարության շրջանակներում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներկայացրել է գլխամասային կառույցի՝  «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով տեխնիկական տնօրեն Պավել Չուդոբայի գրություն-ուղեցույցը, ըստ որի ջրաչափերի և ոչ միայն դրանց գնումների քաղաքականությունը սահմանում է, որ Փարիզի գնումների կենտրոնական վարչությունն (DAG/ԳԿՎ) է իրականացնում որոշակի կատեգորիաների նյութերի և ծառայությունների համար ընտրություն, որոնց համար նախապես իրականացվում է լավագույն մատակարարների նախնական ընտրություն կամ որակավորում և կնքվում են շրջանակային համաձայնագրեր։ Աշխարհում գոյություն ունեցող Վեոլիայի բոլոր մասնաճյուղերը պետք է ընդունեն այդ համաձայնագրերը և նմանատիպ գնումներն իրականացնեն այդ մատակարարներից։ Վեոլիայի ընտրությունն իրականացվում է լավագույն որակի և գնի հիման վրա։ Նման մատակարարների ընտրությունն իրականացվում է բացառապես այն դեպքում, երբ ջրաչափերը համապատասխանում են Վեոլիայի ստանդարտներին և չափանիշներին, որոնք ամփոփված են ջրաչափերի համար Վեոլիայի մասնագրերում (ԵM և ISO ստանդարտներ և հավաստագրեր)։ 

Մյուս կողմից՝ քանի որ Վարձակալության պայմանագրի համաձայն բոլոր տեսակի ռիսկերը թողնված են Վարձակալի՝ Վեոլիայի վրա և ՀՀ-ն Վարձակալից՝ որպես առաջատար միջազգային օպերատոր, ակնկալում է ապահովել «Միջազգային լավագույն արտադրական պրակտիկայի» կիրառությունը, ակնհայտ է, որ գոնե տեղադրվող ջրաչափերի մասով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն շրջանցում է ՎԵՈԼԻԱ ԳՐՈՒՊ-ին հայտնի միջազգային լավագույն արտադրական պրակտիկան՝ հեղիանակազրկելով գլխամասային կառույցին։

Սույն վերլուծությունը ցույց տվեց, որ առկա է հնարավոր 2  իրավիճակներից մեկը

  1. Իրականում ՎԵՈԼԻԱ ԳՐՈՒՊ-ում չեն հետևում իրենց իսկ սահմանած գնումների քաղաքականությանը և դա գրված է միայն ոչ ցանկալի մատակարարների համար խոչընդոտներ ստեղծելու համար,
  2. ՎԵՈԼԻԱ ԳՐՈՒՊ-ում տեղյակ չեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինություններից ու «Վեոլիա Գրուպ» հեղինակավոր ֆրանսիական կազմակերպության բազմամյա և ժամանակակից մենեջմենթի վարվելականոնները «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում իսպառ բացակայում են, և ընկերությունում առկա է ընդամենը «Վեոլիա» բառը, որը շղարշի կամ պատյանի դեր է կատարում ֆրանսիական կազմակերպության կեղծ ներկայացուցիչների (Հայաստանյան ղեկավարների) համար՝ ըստ անհրաժեշտության «Վեոլիա Գրուպ»-ի բարի համբավը օգտագործելու և սեփական սխալների դեմ քննադատությունը «Վեոլիա Գրուպ»-ի ուղղությամբ տեղափոխելու համար:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներմուծել է անհայտ չափորոշիչներով, Օրենքի պահանջներին դեմ ջրաչափեր, որոնք Չափագիտության Ազգային Մարմնի թողտվության (անփութության, բացթողումի) հետևանքով համարվել են շահագործման ենթակա

Շարունակելով հետագա ուսումնասիրությունները, մենք հանդիպեցինք մեկ այլ, խիստ վտանգավոր ու բացասական երևույթի։ Այն վերաբերում է ՉԱԻ կողմից կատարվող փորձարկումներին, որի հիմնական տարրը ջրաչափերի առաջնային ստուգաչափումն է։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն ներմուծել է անհայտ չափորոշիչներով, Օրենքի պահանջներին դեմ ջրաչափեր, ՉԱԻ թողտվությամբ դրանք գրանցվել են ու մտել շահագործման՝ առանց ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ստուգաչափում անցնելու։ Ու սա նաև լույս է սփռում բնակչության այն բողոքների վրա, որ նոր ջրաչափերը, կարծես թե շատ են գրում ու հավելյալ ծախս հաշվարկում։  

ՀՀ-ում ջրաչափերի ստուգաչափման համար գործում է ԳՈՍՏ 8.156-83 և ԻՍՕ 4064-2։2014 ստանդարտը։ Քանի որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներմուծած ջրաչափը չի համապատասխանում ստանդարտներին, շատ չմանրամասնելով ստանդարտի պահանջներն ամրագրենք, որ ստուգաչափումը նախապատրաստական և լաբորատորիայում ջերմաստիճանի կարգաբերման աշխատանքներից հետո պետք է իրականացվի 3 մակարդակով՝ ճշտելու յուրաքանչյուր ջրաչափի համապատասխանությունը այդ դասին ներկայացվող տեխնիկական պահանջներին։ Ստանդարտի համաձայն ստուգաչափումը տեղի է ունենում 3 հիմնական փուլերով.

  1. արտաքին զննում,
  2. հերմետիկության զննում
  3. հարաբերական շեղման ստուգում:

Ըստ ԳՈՍՏ 8.156-83 ստանդարտի արտաքին զննումն իրականացվում է ջրաչափի արտաքին տվյալների, կոմպլեկտավորվածության, համրման սարքի, ապակու տեսանելիության և պատկերների պարզության ու այլ զննում։

Հերմետիկության ստուգումն իրականացվում է ստուգաչափման ստենդի վրա, ստեղծված հիդրավլիկ ճնշման ազդեցության ներքո, երբ ջրաչափերի վրա կիրառվում է  1.6 ՄՊա (16 կգ/սմ2) աշխատանքային ճնշում։ Փորձարկման արդյունքներն համարվում են բավարար, եթե 15 րոպե ճնշումից ջրաչափի միացման կետերից ու այլ մասերից ջրի արտահոսք չի նկատվում։ 

Այն ջրաչափերը, որոնք չեն բավարարում 1 և 2 կետերով նախատեսված պահանջներին, համարվում են շահագործման տեսանկյունից անպիտան և հետագա ստուգաչափման ենթակա չեն։

Ջրաչափերի հարաբերական սխալանքը ստուգվում է 3 ծախսային տիրույթներում (նոմինալ, անցումային և նվազագույն)։ Յուրաքանչյուրի դեպքում պահանջվում է մեկ չափում, իսկ ստանդարտի 2.1.5 կետը սահմանում է յուրաքանչյուր ծասխսային տիրույթի ստուգում կամ ստուգաչափում իրականացնելու համար ջրաչափերի միջոցով անցկացվող ջրի նվազագույն ծավալները, որը մեր կենցաղում հիմնականում կիրառվող 15 մմ տրամաչափով ջրաչափերի համար կազմում է 0,0275 խմ կամ 27,5 լիտր։

Դիցուկ, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներմուծած՝ 15 մմ ներանցման տրամագիծ ունեցող Ningbo water meter SJ-SDC plus ջրաչափերի համար որպես ելակետ վերցնենք դրանց վրա ամրագրված C դասի նշագրումը, համաձայն որի Qmin պետք է հավասար լինի 15 լ/ժ-ի, Qt-ն՝ 90լ/ժ-ի և Qn-ը՝1,5խմ/ժ-ի։

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի լաբորատորիայում գտնվող ստուգաչափման ստենդը հնարավորություն է տալիս միաժամանակ ստուգաչափման ենթարկել թվով 20 հատ ջրաչափ։ 

ՉԱԻ կողմից ստուգաչափմանը մասնակցում է 1 աշխատակից, ասել է թե ստենդին ամրացվող յուրաքանչյուր ջրաչափերի զննումը պետք է կատարի այդ աշխատակիցը։

Հիմա փորձենք մոտավոր հաշվարկներով գնահատել ստուգաչափման մեկ ցիկլի ժամանակը։ Այսպես.

  • Լաբորատորիայի նախապատրաստման փուլի համար, օդի ջերմաստիճանի ու ստանդարտով սահմանված նախապատրաստական ընդհանուր աշխատանքների համար նվազագույնը հատկացվում է 10 րոպե ժամանակ
  • Յուրաքանչյուր ջրաչափի մանրակրկիտ արտաքին զննումը նվազագույնը կտևի 30 վարկյան, հետևաբար 20 հատի արտաքին զննումը կձգվի շուրջ 10 րոպե,
  • Ստենդին 1 ջրաչափի ամրացման համար կիրառենք հաշվարկային 1 րոպե ժամանակը, հետևաբար 20 ջրաչափով ստուգաչափում իրականացնելու համար այս մասով կծախսվի 20 րոպե  ժամանակ,
  • թվով 20 հատ ջրաչափերի տվյալների, սերիական համարների, համրման սարքի ցուցիչների նախնական գրանցումը գրանցամատյանում արհեստավարժ աշխատողի կողմից յուրաքանչյուրի մասով կպահանջի 30 վարկյան և գումարային՝ 10 րոպե ժամանակ,
  • Ստենդին ամրացված ջրաչափերից և համակարգից օդի հանման աշխատանքներ, որը ստանդարտի հրամայական պահանջ է՝ ավելի քան 20 րոպե,
  • համաձայն ստանդարտի 3.2.1 կետի պահանջների հերմետիկության ստուգման համար անհրաժեշտ ժամանակը կազմում է 15 րոպե։ Եթե այս մասով հերմետիկության խախտում չի արձանագրվում, ապա կարելի է անցնել ստուգաչափման հաջորդ փուլին, իսկ եթե կա հերմետիկության խախտում, ապա միանշանակ այդ ջրաչափը պետք է ապամոնտաժվի ստենդի վրայից, փոխարենը տեղադրվի նորը կամ դրա տեղը դրվի անցում /փական/ ու կրկին իրականացվի հերմետիկության ստուգում,
  • Qmin նվազագույն ծախսի սխալանքի ստուգման համար ստանդարտի 2.1.5 կետի համաձայն ջրաչափի միջոցով հարկ է անցկացնել ոչ պական քան 27,5 լիտր ջուր։ Քանի որ, ըստ արտադրողի, ջրաչափի ամենափոքր ծախսի դեպքում 1 ժամում հնարավոր է արձանագրել 15լ ջրի սպառում, ասել է թե այս սխալանքի որոշման համար անհրաժեշտ կլինի ծախսել 110 րոպե (+27,5*60/15) ժամանակ։
  • Qmin նվազագույն ծախսի ամրագրումը գրանցամատյանում և ջրաչափերից յուրքանչյուրի վրա ամրագրված համրման սարքի ցուցիչների ներմուծումը բազա կպահանջի ևս 10 րոպե ժամանակ։
  • Qt անցումային ծախսի ստուգման համար կպահանջվի ավելի քան 18 րոպե ժամանակ (27,5*60/90),
  • Ստացված ցուցանիշների գրանցումը գրանցամատյանում և համրման սարքի նոր ցուցմունքների գրանցումը միասին կտևեն ևս 10 րոպե։
  • Qn անվանական ծախսի դեպքում հաշվիչը պետք է աշխատի օգտագործման համար նորմալ պայմաններում, այսինքն ջրի կայուն և/կամ պարբերական հոսքի դեպքում։ Ըստ արտադրողի այս պայմաններում ծախսը պետք է կազմի 1 ժամում 1,5 խոր մ., ասել է թե ստուգաչափման համար հարկ կլինի ծախսել ընդամենը 1,1 րոպե ժամանակ (27,5*60/1500),
  • Ստացված ցուցանիշների գրանցումը գրանցամատյանում և համրման սարքի նոր ցուցմունքների գրանցումը միասին կտևեն ևս 10 րոպե։
  • Թվով 20 հատ ջրաչափերի ստուգաչափման մասին արձանագրությունների կազմման համար ժամանակի ծախսը ևս գումարային արտահայտությամբ կկազմի նվազագույնը10 րոպե։
  • Այնուհետև ՉԱԻ կողմից պետք է իրականացվի շահագործման համար պիտանի և շեղումների թույլատրելի տիրույթում գտնվող ջրաչափերից յուրաքանչյուրի կապարակնքում։ Յուրաքանչյուր ջրաչափի կապարակնքումը կտևի նվազագույնը 1ր՝ գումարային հաշվարկով՝ 20 րոպե։

Վերը ներկայացված հաշվարկի համաձայն՝ ջրաչափերի ստուգաչափման 1 նորմալ ցիկլը/ առանց խոտանի հայտնաբերման ու տեխնիկական խնդիրների/, ստանդարտի պահանջների հաշվառմամբ նվազագույնը կտևի առնվազն 274 րոպե (10+10+20+10+20+15+110+10+18+10+1,1+10+10+20) կամ 4 ժամ 34 րոպե։ Չնայած ստանդարտը արմատապես արգելում է փոքր ծավալով ջրաքանակների ներանցման դեպքում ստացված ցուցանիշների միջինացումն ու տարածումը ընդհանուրի վրա, այդուհանդերձ հաշվարկային 4ժ 23 րոպեի փոխարեն հետագա հաշվարկներում ստուգաչափման 1 ցիկլի համար պայմանականորեն ընդունենք ավելի քան կրկնակի անգամ պակաս ժամանակ՝ 2 ժ (հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ կողմից պարբերաբար ներկայացվող ամենալավ, ամենաարդիական, ամենախելացի ընկերության արհեստական իմիջը)։

Եվ ուրեմն, 20 հատ ջրաչափի առաջնային ստուգաչափման համար կիրառելով պայմանական 2 ժամ ժամանակահատվածը փաստենք, որ 8 ժամյա աշխատանքային օրվա ընթացքում հնարավոր կլինի ստենդը աշխատացնել 4 անգամ՝ ստուգաչափելով 80 հատ ջրաչափ։ Յուրաքանչյուր ամիսն ունի առավելագույնը 23 աշխատանքային օր, հետևաբար մեկ ամսվա ընթացքում հնարավոր է նորմալ ստուգաչափել 1840 հատ ջրաչափ /80*23/։ Տարվա կտրվածքով թիվը կազմում է 22 000 հատ /1840*12/։ Ասել է թե 2018 թ. մարտից մինչ օրս /16 ամսվա ընթացքում/ ՉԱԻ հետ համատեղ հնարավոր էր ստուգաչափել առավելագույնը 30 000 հատ ջրաչափ և սա այն պայմաններում, որ ընթացքում Վեոլիան որևէ կրկնակի ստուգաչափում չի իրականացնում, որ ստուգաչափման ներկայացված բոլոր ջրաչափերը նորմալ վիճակում են, որևէ խոտան չի հայտնաբերվել, անձնակազմը առանց ընդմիջումների աշխատել է օրական 8 ժամ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել և այլն:

Պատկերն ավելի ծիծաղելի է դառնում, երբ ուսումնասիրում ենք «Վեոլիա ջուր» ՓԲԸ ամսական հաշվետվությունները, համաձայն որի 2018 թ. մարտ ամսից մինչև 2019 թ. մայիս ամիսը կրկնակի ստուգաչափվել է 51 040 հատ ջրաչափ։ Կրկնակի ստուգաչափումը չի վերաբերում ներմուծումներին, այլ դա շահագործման հանձնված, հետագայում ապամոնտաժված ջրաչափերի ստուգաչափումն է։ Հետադարձ հաշվարկով ստացվում է որ միջինը ամսական կրկնակի ստուգաչափվում է 3400 հատ ջրաչափ, օրական՝ 150 հատ, ասել է թե Կրկնակի ստուգաչափման մեկ ցիկլը տևում է 64 րոպե։ 

Այսպիսով, խախտումն ակնհայտ է ու պարզ ու սա նաև լույս է սփռում բնակչության այն բողոքների վրա, որ նոր ջրաչափերը, կարծես թե շատ են գրում ու հավելյալ ծախս հաշվարկում։ 

Շարունակելի ...

Դավիթ Գասպարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter